Մատչելիության հղումներ

Զելենսկին ներկայացրել է «հաղթանակի պլանը». «Պիտի փոխենք հանգամանքները, որ ՌԴ-ին պարտադրենք խաղաղություն»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Գերագույն ռադայում ներկայացրել է իր «հաղթանակի ծրագիրը», որով նա սեպտեմբերի վերջին մեկնել էր Միացյալ Նահանգներ, իսկ հոկտեմբերի սկզբին եվրոպական երկրներ: Մինչ այսօր «հաղթանակի պլանը», որ բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածից, հրապարակված չէր:

Այսօր Ուկրաինայի խորհրդարանում Զելենսկին ներկայացրել է այն՝ նշելով, որ եթե հիմա սկսեն շարժվել փաստաթղթով, պատերազմը կարող է ավարտվել ոչ ուշ, քան հաջորդ տարի։

«Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը» մեր երկիրը և մեր դիրքերն ամրապնդելու ծրագիր է՝ լինել բավականաչափ ուժեղ պատերազմը դադարեցնելու համար», - ասել է նա՝ շարունակելով, - Մենք՝ ուկրաինացիներս, մեր գործընկերների հետ միասին պետք է փոխենք հանգամանքները, որպեսզի պատերազմն ավարտվի՝ անկախ նրանից, թե ինչ է ուզում Պուտինը։ Մենք բոլորս պետք է փոխենք հանգամանքները, որպեսզի Ռուսաստանին պարտադրենք խաղաղություն»։

Ծրագրի առաջին կետը աշխարհաքաղաքական է, ըստ Զելենսկու, Ուկրաինային պետք է անհապաղ ՆԱՏՕ հրավիրել։

Երկրորդ կետը պաշտպանական կարողությունների ուժեղացումն է, ներառում է Ուկրաինայի հետագա զինումը, պաշտպանական արդյունաբերության հզորացումը, Ռուսաստանի տարածքում հարվածների սահմանափակումների վերացումը և Ռուսաստանի տարածքում ուկրաինական ռազմական գործողությունների շարունակությունը, հասանելությունը դաշնակիցների հետախուզական կարողություններին:

«Իրատեսական է պաշտպանել մեր դիրքերը Ուկրաինայում, և միևնույն ժամանակ մեր պարտքն է վերադարձնել պատերազմը Ռուսաստանի տարածք», - ասել է նա:


Երրորդ կետով Ուկրաինան առաջարկում է իր տարածքում տեղակայել ոչ միջուկային ռազմավարական զսպման համակարգ, որը բավարար կլինի Ռուսաստանի ցանկացած ռազմական սպառնալիքից պաշտպանվելու համար. - «Ռուսաստանը պետք է կամ միանա ազնիվ դիվանագիտական գործընթացին՝ պատերազմին վերջ դնելու համար, կամ պետք է կորցնի ագրեսիվ պատերազմը շարունակելու ունակությունը ՝ Ուկրաինայի կողմից զսպման փաթեթի կիրառման հետևանքով»:

Չորրորդ կետը տնտեսական է՝ զարգացնել Ուկրաինայի տնտեսական ներժուն ու ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչպես նաև համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ դաշնակիցների հետ, որ թույլ կտա համատեղ ներդրումներ կատարել և օգտագործել Ուկրաինայի բնական հարուստ ռեսուրսները, որ Զելենսկու խոսքով՝ տրիլիոնավոր դոլարների են:

Հինգերորդ կետը նախատեսված է արդեն հետպատերազմյան ժամանակաշրջանի համար և ենթադրում է, որ պատերազմի ավարտից հետո ուկրաինացի զինվորականները օգտագործեն իրենց փորձը ՆԱՏՕ-ի և Եվրոպայի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Պատերազմից հետո ուկրաինական զորամիավորումները խետք է կարողանան փոխարինել Եվրոպայում ամերիկյան զորախմբի մի մասին:

Կիևը իր ծրագրին արձագանքն ակնկալում էր ստանալ Գերմանիայում հանդիպման ժամանակ, սակայն այն հետաձգվեց, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկեց իր այցը Ֆլորիդայում փոթորկի պատճառով։

Զելենսկին ՆԱՏՕ-ի անդամներին մղում է դեպի մեր երկրի հետ ուղիղ հակամարտություն. Զախարովա

Reuters-ի փոխանցմամբ՝ Կրեմլն արդեն արձագանքել է «հաղթանակի պլանին»՝ Կիևին սթափության կոչ անելով։

«Ուկրաինական ծրագիրը ամենայն հավանականությամբ նույն ամերիկյան ծրագիրն է՝ «մինչև վերջին ուկրաինացին Ռուսաստանի դեմ կռվելու մասին», որը հիմա Զելենսկին քողարկել է խաղաղության պլանի անվան տակ: Իրոք խաղաղության ծրագիր կարող է լինել, եթե Կիևի ռեժիմը գիտակցի, որ իր վարած քաղաքականությունը անհեռանկար է, եթե սթափվի և գիտակցի այն պատճառները, որոնք հանգեցրել են Ուկրաինայի շուրջ այս հակամարտությանը», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Զելենսկին դրդում է ՆԱՏՕ-ին ուղիղ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ:

«Այսինքն՝ նա ՆԱՏՕ-ի անդամներին մղում է դեպի մեր երկրի հետ ուղիղ հակամարտություն և կրկին պնդում է, որ ռուսական տարածքում հեռահար զենք կիրառելու թույլտվություն ստանա։ Զելենսկին կամ գոնե նրանք, ովքեր գրել են նրա ելույթը, լավ գիտեն, թե դա ինչի կհանգեցնի, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունն այս մասին խոսել է բառացիորեն մեկ շաբաթ առաջ», - ասել է նա։

Վաղը ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է իր խաղաղության պլանը ներկայացնել Եվրոպայի խորհրդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG