Մատչելիության հղումներ

Զելենսկին հանդիպեց Բայդենի, Հարիսի և Թրամփի հետ


ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Նյու Յորք, 27-ը սեպտեմբերի, 2024թ.
ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Նյու Յորք, 27-ը սեպտեմբերի, 2024թ.

Նախագահ ընտրվելու դեպքում Թրամփը կհամագործակցի դեմոկրատների հետ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածուն հայտարարել է Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը Նյու Յորքում Թրամփ Թաուերում:

Թրամփի խոսքով՝ Զելենսկին է հանդիպում խնդրել՝ «պատերազմը դադարեցնելու» խնդիրը քննարկելու համար։

Սա նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումն է պատերազմի մեկնարկից ի վեր:

Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից առաջ կրկին պնդել է՝ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը երկու տարի առաջ, Ռուսաստանը Ուկրաինայի վրա չէր հարձակվի։ Նախագահի հանրապետական թեկնածուն մինչ այդ պնդել էր, թե Զելենսկին պետք է մինչև պատերազմի մեկնարկը ռուսների հետ գործարքի գնար, թեկուզ՝ որոշ զիջումների դիմաց։

Թրամփի հետ հանդիպումից առաջ՝ երեկ, Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Միացյալ Մահանգների հեռացող նախագահ Ջո Բայդենի և դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ՝ ներկայացնելու խաղաղության Կիևի պլանը։ Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվել։

Այս ծրագրից բացի, Զելենսկին այցի ընթացքում փորձում էր նաև Վաշինգտոնի աջակցությունը ստանալ արևմտյան զենքով Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։ Չնայած Կիևի շարունակական խնդրանքներին՝ սահմանափակումը հանելու մասին հայտարարություն երեկ էլ չի հնչել։ Միացյալ Նահանգների նախագահը, սակայն, կրկին պնդել է՝ Ռուսաստանն այս պատերազմում չի հաղթելու:

«Ռուսաստանը պատերազմում չի հաղթի, Ռուսաստանը չի հաղթի, Ուկրաինան կհաղթի: Եվ մենք կշարունակենք ձեր կողքին լինել ամեն քայլափոխի», - հայտարարել է Բայդենը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Վաշինգտոն, 26-ը սեպտեմբերի, 2024թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Վաշինգտոն, 26-ը սեպտեմբերի, 2024թ.

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է Ուկրաինային մոտ 8 միլիարդ դոլարի հավելյալ ռազմական օգնություն տրամադրելու մասին: Փաթեթով Ուկրաինան կստանա այդ թվում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ևս մեկ մարտկոց և դրա համար լրացուցիչ հրթիռներ։ ԱՄՆ-ը կընդլայնի նաև ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներ վարելու համար պատրաստելու ծրագիրը։

Աջակցության մասին Զելենսկու հետ ավելի ուշ կայացած հանդիպմանը հայտարարել է նաև դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը:

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսն ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Վաշինգտոն, 26-ը սեպտեմբերի, 2024թ.
ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսն ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Վաշինգտոն, 26-ը սեպտեմբերի, 2024թ.

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային, քանի որ դա բխում է ամերիկյան ռազմավարական շահերից, ակնարկելով, թե ԱՄՆ-ում կան մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն՝ նկատի ունենալով նոյեմբերին կայանալիք ընտրություններում իր մրցակից Թրամփին ու նրա թիմին:

«Այս պատերազմի ավարտի մասին ոչինչ չի կարող որոշվել առանց Ուկրաինայի։ Այնուամենայնիվ, անկեղծորեն կիսվում եմ Ձեզ հետ, պարոն նախագահ, իմ երկրում կան ոմանք, ովքեր կստիպեն Ուկրաինային Ռուսաստանի պահանջով հրաժարվել իր ինքնիշխան տարածքի զգալի հատվածից, ովքեր կպահանջեն Ուկրաինայից չեզոքություն ընդունել։ Այս առաջարկները նույնն են, ինչ Պուտինի առաջարկները։ Եվ պարզ ասենք՝ դրանք խաղաղության առաջարկներ չեն, դրանք հանձնվելու առաջարկներ են, ինչը վտանգավոր է ու անընդունելի», - հայտարարել է Հարիսը:

Նման հայտարարությունների ֆոնին, այնուհանդերձ, Սպիտակ տունը չի ընդունել Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը, Բայդենի վարչակազմը միայն ասել է, որ այն քննարկվելու է հոկտեմբերի 12-ին Գերմանիայում Ռամշտայնի ձևաչափով հավաքի շրջանակում կայանալիք Բայդեն-Զելենսկի հանդիպման ժամանակ։

Մոսկվան նախօրեին սպառնացել էր Արևմուտքին՝ հայտարարելով, որ փոխում է իր միջուկային դոկտրինը և այսուհետ իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել, եթե Ռուսաստանի վրա հարձակվել է ոչ միջուկային պետություն, սակայն միջուկային պետության օգնությամբ:

Մինչ այդ, ռուսները շարունակում են ռմբակոծել Ուկրաինայի տարածքը՝ այս գիշեր թիրախում էին Կրիվոյ Ռոգ քաղաքը և Օդեսայի մարզը, կան զոհվածներ և վիրավորներ: Ռուսները շարունակում են նաև հարձակումները ճակատի բոլոր ուղղություններով, առավել թեժ մարտերը Ուգլեդար, Պոկրովսկ և Տորեցկ քաղաքների համար են։ Ռուսներն անցել են հակահարձակման նաև Կուրսկի մարզում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG