ԱՄՆ նախկին նախագահ, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է ուրբաթ օրը հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Թրամփն ասել է, թե Զելենսկին իր հետ հանդիպում է խնդրել՝ քննարկելու «պատերազմը դադարեցնելու» խնդիրը։
«Նախագահ Զելենսկին հանդիպում է խնդրել: Եվ ես կհանդիպեմ նրա հետ առավոտյան ժամը 09:45-ի սահմաններում [Երևանի ժամանակով 17:45-ին] Trump Tower-ում»,- ասել է նա:
Ավելի վաղ Associated Press-ը՝ վկայակոչելով հանրապետականների նախընտրական շտաբի ներկայացուցչին, գրել էր, որ «Թրամփ-Զելենսկի հանդիպում նախատեսված չէ»։ Սակայն, Զելենսկու՝ ԱՄՆ այցից առաջ, Թրամփը հայտարարել էր, որ «հավանաբար» կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ։
Զելենսկին ևս հայտարարել էր, որ մեկնարկող ամերիկյան շրջագայության ընթացքում ցանկանում է հանդիպել Թրամփի հետ։ «Ամենայն հավանականությամբ մենք կհանդիպենք սեպտեմբերի 26-ին կամ 27-ին», - հայտարարել էր Զելենսկին՝ նշելով, որ այդ հանդիպման ընթացքում ինքը պատրաստվում է Թրամփին ներկայացնել պատերազմի ավարտին միտված իր ծրագիրը, որը Կիևում կոչում են «Հաղթանակի պլան»։
ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի հետ բանավեճի ժամանակ Թրամփը կրկնել էր իր պնդումը, որ ընտրվելու դեպքում կկարգավորի հակամարտությունը նույնիսկ նախքան պաշտոնը ստանձնելը՝ չմանրամասնելով, թե ինչպես է դրան հասնելու։