Մատչելիության հղումներ

«Վտարում՝ անվտանգ ապրելու համար». մերձավանցիները ստորագրահավաք են սկսել ընդդեմ Ախտոյանների


Մեկ օրում ավելի քան 2500 մարդ է ստորագրել Մերձավանում ապրող ՔՊ-ական Ախտոյանների գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջի տակ: Երեկվանից սկսված այս ակցիան, ինչպես տեղի բնակիչներն են պնդում, կազմակերպիչ չունի, ինքնաբուխ է, ու իրենց համագյուղացի, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ստեղծված լարված մթնոլորտը պարպելու միակ եղանակն է:

«Գիտեմ, որ իրենք գյուղից ինքան շուտ հեռանան, այնքան մեզ է օգուտ, խաղաղություն կմտնի Մերձավանում: Խի՞ գյոզալական երեխուն պառկեցրին գերեզմանոց, իրենք գան, այստեղ՝ գյուղի մեջ, ման գա՞ն», - ասաց բնակիչներից մեկը:

«Իրենցից ամենավատ բանն եմ սպասում, այն, ինչին մարդ արարածն ընդունակ չէ», - հավելեց մյուսը:

Մերձավանի իր տան մոտ շաբաթներ առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով երկու մեղադրյալ կա. մեկը Մերձավանի ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է՝ Նարեկ Օհանյանը՝ որպես օժանդակող, ու բուն սպանության համար մեղադրվող 20-ամյա Գևորգ Հարությունյանը:

Իրավապահներն այս ողբերգությունը բացահայտված են համարում, ավելին՝ հայտարարել են, որ սա վրեժխնդրություն է դեռ փետրվարին տեղի ունեցած սպանության համար, երբ Փարաքարի գյուղապետի եղբայրն ու ևս 13 հոգի հարձակվել էին Ախտոյանների տան վրա, սպանվել էր Ախտոյանների բարեկամը՝ Գրիգոր Օհանյանը: Հենց նրա եղբայրն էլ՝ Նարեկը, այժմ մեղադրվում է Վալոդյա Գրիգորյանի սպանությունը օժանդակելու համար:

Ախտոյաններին գյուղից վտարելու պայմանով խաղաղության ձգտող մերձավանցիներին Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտումը չի բավարարում, քննությունն արդար չէ, շարժառիթն էլ քաղաքական է, կարծում են նրանք:

Իսկ ինչո՞ւ Ախտոյաններն ամիսներ առաջ նույն պահանջով դուրս չեկան Գրիգորյանների ու նրանց համախոհների դեմ, երբ սպանվեց նրանց հարազատը: Այս դեպքում տեսակետներն այլ են. մերձավանցիներից մեկն, օրինակ, չի կարծում, որ Գրիգորյանի եղբայրն ու մյուս 13 մեղադրյալներն են մեղավոր. «Իրենց բարեկամի գլուխը կերան, մեր տղերքի վրա գցեցին...»:

Ստորագրահավաքին միացած Արսեն Մանուկյանը, որ Մերձավանում արագ սննդի կետ է աշխատացնում, այս հարցին իր պատասխանն ունի. «Խոսքի մեջ պիտի ուժ լինի, ուղղակի դատարկաբանությամբ իմ երեխեքն էլ կարող են կանգնել դրսում, ինչ-որ հայտարարություն անեն: Գյուղի 80 տոկոսը կանգնում է, էն 20 տոկոսն է, որ բացասական կարծիք է հայտնում մեր հանդեպ... մեծամասնությունը երբ դեմ է ինչ-որ մի բանի, ինձ թվում է՝ պիտի բան փոխի»:

Գյուղի 20 տարվա էլեկտրիկ Գագիկ Զոհրաբյանը, որ Ախտոյանների մեջ էլ բարեկամներ ունի, կարծում է՝ քաշքշուկներից խուսափելու համար պետք է հեռանան, բայց ոչ բոլորը:

Կան նաև այլ՝ չեզոք կարծիք ունեցողներ, որոնք չեն միացել ստորագրահավաքին: Ծաղիկ Ավետիսյանը նրանցից մեկն է. «Ճիշտ չեմ համարում, մնալու դեպքում էլ չգիտեմ՝ ինչ կլինի, ինչ արյունահեղություն կլինի, չգիտեմ՝ ինչ թշնամություն են իրենք իրար մեջ տեսնում»:

Վերջին ողբերգությունից հետո Մերձավանում դեռ ոստիկանական ուժեղացված հսկողություն է, նաև Ախտոյանների արդեն դատարկ տների մոտ: Չնայած սրան, մթնոլորտը դեռ լարված է. օրերս էլ փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանն էին վնասել:

Իշխող ՔՊ-ից դատապարտում են մերձավանցիների նախաձեռնությունը: Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, որ երեկվանից հետևում է այդ ակցիային, ասում է՝ Փարաքարի համայնքապետի սպանությունն օգտագործել ու ստորագրություններ հավաքելն անթույլատրելի է:

«Դուք ո՞վ եք, որ որոշեք, թե ով ապրի Մերձավան համայնքում, ո՞վ՝ ոչ, ո՞վ եք, որ ստորագրություն հավաքեք ու որոշեք՝ ինչ-որ ազգանուն ունեցոց ընտանիքի անդամներն ապրեն այդ համայնքում, թե չապրեն», - նշում է նա:

Ժողովրդավարական երկրներում հարցերը լուծվում են դատարաններում ու մեղադրյալների նկատմամբ, ոչ թե նաև նրանց հարազատների, «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց իշխանական պատգամավորը: Հակոբյանը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է վտարվեն հանցանքի մեջ մեղադրվողի հարազատները: Պատգամավորն ընդգծում է՝ ո՞ւր կհասնի հասարակությունը, երբ ամեն մի հանցագործությունից հետո կողմերը որոշեն միմյանց վտարել. «Համայնքում լարվածությունը թոթափելու համար որոշել, որ պետք է մարդկանց հանդեպ կիրառել ատելության ամենաբարձր դոզա՞ն»:

Չնայած սրան, Ախտոյաններին վտարելու գործընթացն ակտիվ փուլում է, մի քանի օր էլ կհավաքեն ստորագրություններ ու կուղարկեն կառավարություն: Իրենց պահանջում պնդում են՝ Ախտոյանները չպետք է ապրեն ոչ միայն Մերձավանում, այլև խոշորացված Փարաքար համայնքի մյուս գյուղերում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG