Մատչելիության հղումներ

Մեղադրյալը ցուցմունքում նշել է, որ պատճառը վրեժխնդրությունն էր. ՔԿ նախագահը՝ Մերձավանի դեպքից


Մերձավանի սպանությունների համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, որ շարժառիթը վրեժխնդրությունն է եղել, Հանրային ՀԸ եթերում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:

Սեպտեմբերի 24-ի կրակոցների հետևանքով զոհվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, մյուս կալանավորվածը, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերը:

«Նշեց, որ պատճառը վրեժխնդրությունն էր 2025թ. փետրվարի 5-ի տեղի ունեցած դեպքի հետ կապված։ Ըստ արդեն մեղադրյալի՝ ինքը մտերիմ և շատ մոտ հարաբերությունների մեջ էր մահացած Գրիգոր Օհանյանի, ինչպես նաև Նարեկ Օհանյանի հետ, և իր կարծիքով՝ քանի որ իր ընկերը մահացել էր Վալոդյա Գրիգորյանի մտերիմների, ըստ էության, կողմից, մեղավորը համարում էր Վալոդյա Գրիգորյանին, և ըստ ցուցմունքի՝ ինքն ուզում էր դրանով վերջ տալ այս հարաբերություններին, և հիմնականը հենց Վալոդյա Գրիգորյանն էր»,- երեկ ասել է Արթուր Պողոսյանը։

Նա հավելել է, որ մյուս մեղադրյալը՝ Նարեկ Օհանյանը, հրաժարվում է ցուցմունք տալ և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Ըստ ՔԿ նախագահի՝ Հարությունյանն ասել է նաև, որ մեկ ամիս հետևել է Փարաքարի համայնքապետին:

Արթուր Պողոսյանի խոսքով՝ Գրիգորյանի սպանությունից հետո 100 անձի նկատմամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական տարատեսակ միջոցառումներ, ինչի արդյունքում ձերբակալվել են Գրիգոր Օհանյանի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը:

Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:

Սպանության առաջին օրվանից Մերձավանում շրջանառվող վարկածը, թե այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ, իրավապահները շաբաթավերջին հաստատեցին: Փետրվարին ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը:


XS
SM
MD
LG