Մատչելիության հղումներ

Սպանված Վալոդյա Գրիգորյանի թիմակիցները համաձայն չեն վենդետայի վարկածի հետ


Չնայած Քննչական կոմիտեի ղեկավարի պնդումներին, թե Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունները լիովին բացահայտված են, փաստաբան Վահան Հովհաննիսյանը խոստանում է ապացուցել, որ գործով կալանավորված Նարեկ Օհանյանն անմեղ է:

Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել անցած շաբաթ Մերձավանում տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար: «Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը հրամցվող վարկածը, մեղմ ասած, անհիմն է»,- Ֆեսյբուքյան իր էջում հայտնել է Նարեկ Օհանյանի պաշտպանը:

Մեղադրյալը ցուցմունքում նշել է, որ պատճառը վրեժխնդրությունն էր. ՔԿ նախագահը՝ Մերձավանի դեպքից


Քննչականի ղեկավարը Հանրային ՀԸ եթերում երեկ պատմեց, որ սպանությունը կատարողի իրերը՝ դիմակը, ձեռնոցները, կոշիկներն ու բաճկոնը հայտնաբերվել են Նարեկ Օհանյանին պատկանող շինությունում: Միաժամանակ նշեց, որ Նարեկ Օհանյանը մեղքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ:

«Մեր գնահատմամբ՝ սա նախապես պլանավորած գործողություններ էին, որպեսզի այրման եղանակով թաքցնեն հանցագործություն կատարողի հագուստները», - ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը:

Սպանություն կատարելու համար կալանավորվածը 20-ամյա Գևորգ Հարությունյանն է՝ Նարեկ Օհանյանի ընկերը: Նա, ըստ քննչականի ղեկավարի, ինքնախոստովանական ցուցմունք է տվել, պնդել, թե վրեժ է լուծել իր ընկերոջ՝ համայնքում փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի համար: Ամիսներ առաջ սպանված Գրիգոր Օհանյանը Նարեկ Օհանյանի եղբայրն էր: «Հիմնական նպատակը եղել է Վալոդյա Գրիգորյանին կյանքից զրկելը», - ընդգծում է ՔԿ նախագահը:

Թեև նախաքննությունը շարունակվում է, քննչականի ղեկավարը պնդում է՝ Փարաքարի համայնքապետի ու նրա ընկերոջ սպանությունը համարում են բացահայտված:

«Հանցանք կատարած անձնանց ինքնությունը համարում ենք բացահայտված, բայց սրանով չենք սահմանփակվելու, նախաքննությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունը բոլոր հարցերի պատասխանները չի ստացել», - ասաց Արթուր Պողոսյանը:

Իրավապահների պնդումների հետ համաձայն չեն Վալոդյա Գրիգորյանի թիմակիցները

Իրավապահները աղմկահարույց այս սպանությունը ներկայացնում են ամիսներ առաջ կատարված սպանության հաշվեհարդար: Փետրվարին Մերձավանում սպանվեց Գրիգոր Օհանյանը: Այս գործով անցնում է Վալոդյա Գրիգորյանի եղբայրը: Նարեկ Օհանյանն ամիսներ առաջ հարցազրույց է տվել վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակին», պնդել, որ Վալոդյա Գրիգորյանի գերդաստանն է իր եղբոր սպանության հետևում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել մեկ հոգու, իսկ սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբորը խուլիգանության համար են մեղադրում: Ու, չնայած իրավապահների այս պնդմանը, թե վենդետա է, կասկածներ կան, որ վերջին ընտրություններում Փաշինյանի թիմին ջախջախիչ պարտության մատնած Գրիգորյանի սպանությունը քաղաքական շարժառիթով է:

«Ըստ մեղադրյալի ցուցմունքի՝ քանի որ իր ընկերը մահացել էր Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից, մեղավորը համարում էր Վալոդյա Գրիգորյանին և, ըստ ցուցմունքի, ինքն ուզում էր դրանով վերջ տալ այս ամեն ինչին, այս հարաբերություններին ու հիմնական նպատակլը Վալոդյա Գրիգորյանն էր» ,- հայտարարեց ՔԿ նախագահը:

Իրավապահների այս պնդումների հետ համաձայն չեն Վալոդյա Գրիգորյանի թիմակիցները: Համարում են, որ իշխանությունն է շահարկում վենդետայի վարկածը: Վալոդյա Գրիգորյանը անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ, բոլորի համայնքապետն է իրեն համարել: Գրել է «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Ըստ նրա՝ Մերձավան գյուղում փետրվարին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առընչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը և նրա եղբայրը։ «Վալոդյա Գրիգորյանի եղբոր կալանավորումը քաղաքական ճնշման հետևանք է, որ նախորդել է մարտի 30-ի ընտրություններին», -գրել է սպանված համայնքապետի կուսակիցը:

Եթե իրավապահները համոզված են, որ սպանության շարժառիթը քաղաքական չէ ու նախկինում կատարված սպանության վրեժն էր, ինչո՞ւ չեն կանխել: Ի՞նչ են արել այդ ուղղությամբ: Արթուր Պողոսյանը, որ Քննչականի ղեկավարի պաշտոնը ստանձնեց, երբ իր նախորդին վարչապետ Փաշինյանը sms հաղորդագրությամբ պաշտոնից ազատեց, կարծում է՝ հանցանքը հարյուր տոկոսով կանխելը ողջամիտ չէ. «100 տոկոսով բացառել կամ կանխել հանցագործությունը, կարծում եմ՝ ողջամիտ և իրական չէ», - ասում է ՔԿ ղեկավարը:

XS
SM
MD
LG