Մատչելիության հղումներ

Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին, կրկնել, որ պատժամիջոցներ չեն կիրառի ՌԴ-ի նկատմամբ


Ռուսաստանի և Սերբիայի նախագահները, արխիվ
Ռուսաստանի և Սերբիայի նախագահները, արխիվ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ինքը՝ Վուչիչը, հայտնել է սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում։

Սերբիայի նախագահն ընդգծել է, որ սա նրանց առաջին հեռախոսազրույցն էր վերջին 2,5 տարվա ընթացքում։ Վուչիչի խոսքով՝ ինքը կրկնել է, որ Սերբիան ապագայում պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ, նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին ՄԱԿ-ում Սերբիայի տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի աջակցության համար (խոսքը Ռուսաստանի կողմից Կոսովոյի անկախությունը չճանաչելու մասին է, որը ճանաչում է ՄԱԿ-ի անդամ երկրների կեսից մի փոքր ավելին), ինչպես նաև գազի մատակարարումն ապահովելու համար։

Վուչիչը խոսակցությունն անվանել է «լավ, բաց, երկար և բովանդակալից», չի նշել, սակայն, թե արդյոք քննարկվել է Ուկրաինայի պատերազմը։

Կրեմլը դեռ չի մեկնաբանել Վուչիչի և Պուտինի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։

  • Սերբիան պաշտոնապես դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, սակայն չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։ ԵՄ-ն ընդգծել է, որ որ որպես ԵՄ անդամակցության թեկնածու՝ Սերբիան պետք է հետևի ընդհանուր քաղաքական գծին:
  • Օգոստոսի վերջին ելույթ ունենալով Պրահայում՝ Վուչիչը հերքեց այն պնդումները, թե սերտ կապեր ունի Վլադիմիր Պուտինի հետ և նաև վստահեցրեց, որ իր երկիրը Մոսկվայի «տրոյական ձին» չէ Եվրոպայում։
  • Արևմտյան առաջնորդները, բացառությամբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, գործնականում կապ չեն ունեցել Վլադիմիր Պուտինի հետ 2022 թվականից ի վեր: Օրերս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել էր, որ երկար ընդմիջումից հետո հնարավոր է զանգահարի նրան՝ քննարկելու Ուկրաինայի պատերազմը։ Այդուհանդերձ, նման խոսակցություն պատրաստելու կոնկրետ պլաններ չեն հայտարարվել։

XS
SM
MD
LG