Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը կասեցրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ ֆինանսավորումը կանգնեցնելու որոշումը


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանը Պրահայում, արխիվ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանը Պրահայում, արխիվ

Միացյալ Նահանգների Վերաքննիչ դատարանը չորեքշաբթի ուշ երեկոյան վճիռ է հրապարակել ի նպաստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ջանքերի՝ ապահովելու Կոնգրեսի կողմից հաստատված ֆինանսավորումը, որը լրատվամիջոցին խիստ անհրաժեշտ է առաջիկա շաբաթներին գործունեությունը շարունակելու համար: Դրանով իսկ Վերաքննիչը կասեցրել է նույն դատարանի՝ երեք դատավորների կազմով ժամեր առաջ կայացրած վճիռը:

Նոր վճռով, որ Կոլումբիայի շրջանի Վերաքննիչ դատարանը կայացրել է լրիվ՝ 11 դատավորների կազմով, «վարչական կասեցում» է սահմանվել երեք դատավորների կազմով կայացրած որոշման նկատմամբ, որով ժամանակավորապես կասեցվել էր ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) դեմ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայցի շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:

Ապրիլի 29-ին Միացյալ Նահանգների շրջանային դատարանի դատավոր Ռոյս Լամբերթը կարգադրել էր ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությանը հատկացնել Կոնգրեսի կողմից հաստատված դրամաշնորհի ապրիլ ամսվա միջոցները «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին:

Վերաքննիչի նոր որոշումը, որը կայացվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հրատապ միջնորդությամբ, ձայների 7-4 հարաբերակցությամբ, նշանակում է, որ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը պետք է կատարի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին վճարելու՝ դատավոր Լամբերթի կարգադրությունը: Դեմ քվեարկած 4 դատավորները նշանակված են հանրապետականների կողմից:

Թեև սա Վերաքննիչի վերջնական վճիռ չէ, ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը, այդուհանդերձ, կարող է վիճարկել այն Գերագույն դատարանում, որը կարող է քննել գործը կամ մերժել դրա վարույթը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) միջոցով:

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 7 դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև USAGM-ն է։ Հրամանագրի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:

«Ազատություն»-ը USAGM-ի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով կանխել Կոնգրեսի կողմից «Ազատությանը» տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու գործակալության փորձերը։ Լրատվամիջոցը պնդում է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG