Մատչելիության հղումներ

Ըստ դիտորդի՝ հանձնաժողովի նախագահը տարեց ընտրողներին օգնություն է առաջարկել. նա պնդում է՝ թյուրիմացություն է եղել


Ըստ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության՝ Գյումրիի 31/37 տեղամասում այս պահի դրությամբ ընտրությունների ամենախոշոր միջադեպն է գրանցվել: Դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը տարեց ընտրողներին օգնություն է առաջարկում։ Մինչդեռ, ըստ կարգի, անհրաժեշրության դեպքում ընտրողը պետք է դիմի օգնության համար:

Ներսում մի քանի րոպե տևողությամբ վեճ է ծագել, ինչից հետո հանձնաժողովը որոշել է հեռացնել դիտորդին տեղամասից։

Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ թյուրիմացություն է եղել։ Մեկ տարեց ընտրողի հետ կապված հարց է եղել։ Նա, սակայն, ընդունում է՝ տեղամասի ներսում վիճելը սխալ էր, խախտվել է ընտրությունների բնականոն ընթացքը:

Այս ընտրատեղամասն ավելի քան 1000 ընտրող ունի։ Այս պահին, ըստ նախագահի, ընտրություններին մասնակցել է ավելի քան 80 քաղաքացի։

ՆԳՆ-ից ավելի վաղ հայտնել են, որ կեսօրի դրությամբ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Լրացում. ժամը 13:30

«Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրիի 31/37 տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել։

Իոաննիսյանը նշում է, որ դրանով կատարվել է դիտորդի գործունեության խոչընդոտոււմ: Այժմ պատրաստում են հանցագործության մասին հաղորդումը, որը կներկայացնեն դատախազություն։

XS
SM
MD
LG