Փարաքար խոշորացված համայնքի 14/12 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց իշխանական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Քվեարկությունից հետո թեկնածուն հայտարարեց՝ ավելի քան վստահ է՝ կստանան ընտրողների մեծամասնության քվեն։
Հիշեցմանը, որ 2021-ի ընտրություններին դա իրեն չհաջողվեց, ի՞նչ է այժմ փոխվել, որ նման համոզմունք ունի, Գյուլնազարյանը պատճառաբանեց, թե այն ժամանակ ինքը հնարավորություն չի ունեցել համայնքին ծառայել, իսկ հիմա հասցրել է անել գործեր, որոնք թույլ են տալիս ակնկալել ավելի շատ քվեներ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն նախորդ տարի նոյեմբերին համայնքապետի պաշտոնից հրաժարական տվեց: Դրանից օրեր առաջ վիճաբանություն էր եղել Երևանում, հնչել էին կրակոցներ, մեկ մարդ սպանվել էր, մամուլը գրել էր՝ Գյուլնազարյանը ներկա է եղել այդ միջադեպին ու ոտքից վիրավորվել: Հետո ասել էր՝ ինքը միջադեպի հետ կապ չունի, բայց միևնույն է՝ հրաժարական էր ներկայացրել:
Գյուլնազարյանն այսօր պնդեց, թե այդտեղ հանրության համար բաց հարցեր չեն մնացել, իրավապահներն էլ ամեն ինչի վերաբերյալ տվել են պարզաբանումներ։
Թեկնածուն նաև նշեց, թե համայնքում մինչ այս պահը քվեարկությունն ընթացել է առանց միջադեպերի, հանգիստ մթնոլորտում։
Փարաքարի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ: Նրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթաց»-ը և «Կայունություն»-ը:
Ավելի վաղ իր ընտրությունը կատարեց նաև համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող մյուս` «Կայունություն» կուսակցության թեկնածու Գոռ Սարիբեկյանը։ Նա էլ քվեարկությունից հետո հայտարարեց. «Ես չեմ հարում որևէ քաղաքական կամ կլանային ուժի։ Գտնում եմ, որ ընտրություններում որևէ ուժի առավելության դեպքում մեր համայնքում սպանությունները շարունակվելու են, այդ իսկ պատճառով ես միակ այլընտրանքային ուժն եմ, որը մեր համայնքում ապահովելու է բալանսավորված կառավարում»։
Թեկնածուն շեշտեց, թե իր հաղթանակը կնպաստի համայնքում վախի մթնոլորտի վերացմանը։
Համայնքի նախկին ղեկավար, 2021-ին «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմած Դավիթ Մինասյանն էլ անդրադարձավ նույն ուժի հետ հնարավոր համագործակցությանը՝ նշելով, թե այժմ ոչինչ չի ասի, վաղը, երբ նախնական արդյունքները պարզ կլինեն, հանդես կգա հայտարարությամբ։ Ասաց՝ իր տպավորությամբ քաղաքացիները ակտիվ մասնակցում են քվեարկությանը։
«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը, որ «Միասնություն» դաշինքի թեկնածուն է այս ընտրություններում, քվեարկությունից հետո հստակ հայտարարեց՝ հնարավոր հետընտրական կոալիցիայի դեպքում չի աջակցի «Քաղաքացիական պայմանագրին»։ Նա կարծիք հայտնեց, թե չի կրկնվի 2021-ի սցենարը, երբ իր ուժը ստացել էր ավելի շատ քվե, սակայն իշխանություն դարձան ավելի քիչ քվեներ ստացած ՔՊ և «Դավիթ Մինասյան» խմբակցությունները։ Թեկնածուն վստահ է՝ այս անգամ հենց իրենք կստանձնեն համայնքի կառավարումը: