«Անի» կենտրոնի հիմնադիր, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը «մասամբ ապատեղեկատվություն» և մասամբ «մոլորեցնող» է որակում ԱԳՆ հայտարարությունը, թե «երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը մերժվել են Լեռնային Ղարաբաղի կողմից»։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն, ըստ էության, Ստեփանակերտին է մեղադրում բանակցությունները տապալելու համար:
ԱԳՆ-ն, «Ազատության» հարցմանն ի պատասխան, օրերս անդրադարձել էր Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ալիևի այն հայտարարությանը, թե «մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»: «Ազատություն»-ը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյոք դա այդպե՞ս է եղել:
ԱԳՆ -ից պատասխանել էին. - «Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:
«Միանշանակ չէ, որ Արցախն է 2023-ի ամռանը մերժել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունները Սոֆիայում, ապա՝ Բրատիսլավայում»
Տասնամյակներով ղարաբաղյան հակամարտությունն ուսումնասիրող Թաթուլ Հակոբյանը, սակայն, հակադարձում է՝ իր ունեցած վստահելի տեղեկություններով միանշանակ չէ, որ Արցախն է 2023-ի ամռանը մերժել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունները Սոֆիայում, ապա՝ Բրատիսլավայում, ինչպես պնդում են իշխանական շրջանակները:
Ըստ Հակոբյանի՝ 2023-ի հունիսին Սոֆիա գնալու հետ կապված Արցախի իշխանությունը 2 հիմնական դժվարություն ուներ, որի պատճառով էլ մերժել այդ հանդիպման առաջարկը: Առաջինը՝ այդ հանդիպումը նախաձեռնող ԱՄՆ-ն առաջարկել էր դրա մասին տեղյակ չպահել ռուսներին, ինչն, ըստ վերլուծաբանի, անտրամաբանական էր, քանի որ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը 2020-ից հետո հենց Արցախում խաղաղապահներ տեղակայած Ռուսաստանն էր: Երբ արցախցի դիվանագետները տեղեկացրել են այդ հանդիպման մասին ռուսներին, նրանք, Թաթուլ Հակբոյանի խոսքով, Ստեփանակերտին խորհուրդ չեն տվել մասնակցել:
Երկրորդ լուրջ հանգամանքը, որի պատճառով Արցախի իշխանությունները Սոֆիա չեն մեկնել, ըստ վերլուծաբանի, Բաքվից հնչող վերջնագրեր էին: Բաքուն Ստեփանակերտի հետ միայն մեկ հարց էր ուզում քննարկել՝ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինտեգրումը:
«Արցախյան կողմն է հիմնականում մերժել Սոֆիայի հանդիպումը: Սրա հետ կապված նաև ես ուզում եմ մի կարևոր բան ասել՝ մենք դեռևս չգիտենք, եթե նույնիսկ արցախյան կողմը համաձայնվեր, արդյոք Ադրբեջանը գնալո՞ւ էր հանդիպմանը, թե՝ ոչ: Բայց նաև փաստ է, որ արդեն օգոստոսի 1-ին նախատեսված Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի հանդիպումն ուղղակիորեն մերժվել է Ադրբեջանի կողմից, հետևաբար ամբողջ պատասխանատվությունը բարդեն արցախյան կողմի վրա ես համարում եմ ոչ միայն անարդարացի, այլև այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - ասաց Թաթուլ Հակոբյանը:
Այն որ Ադրբեջանը այդ օրերին վերջնագրեր էր ներկայացնում Ստեփանակերտին, 2023 -ի հունիսի վերջին Արցախի խորհրդարանում բացահայտ հայտարարում էր նախագահ Արայիկ Հարությունյանը, պնդելով՝ Ադրբեջանը պահանջում է լուծարել Պաշտպանության բանակը, պետական կառավարման համակարգը և դառնալ Ադրբեջանի քաղաքացի։
«Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում այսօր՝ ինտեգրացիայի թեման, 2-րդ թեման չի քննարկվում», - ասել էր Հարությունյանը:
Եթե Բաքուն միայն մեկ հարց էր ուզում քննարկել՝ ինտեգրացիա Ադրբեջանի կազմում, որքանո՞վ է արդարացի մեղադրել Արցախին և արդյոք Հայաստանի իշխանությունները Ստեփանակերտի համար այդ բանակցություններում նպաստավոր իրավիճակ ստեղծե՞լ էին:
Թաթուլ Հակոբյանն ասում է, թե հեշտ ու նաև անպատասխանատու է հետահայաց դատողություններ անել՝ պե՞տք էր գնալ Ադրբեջանի նախապայմանները կատարելու ճանապարհով, թե՝ ոչ: Բայց այստեղ մեղքը միայն Հայաստանի իշխանություններինը չէ: Թաթուլ Հակոբյանը հիշեցնում է՝ երբ ժամանակին Փաշինյանը հայտարարեց, որ պետք է իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում, այդ հայտարարությունը կոշտ քննադատության արժանացավ Արցախում:
«Եթե հնարավորություն լիներ, որ արցախցիներն առանց կարգավիճակի անգամ մնային իրենց տոհմիկ հայրենիքում, որտեղ ապրել են հազարամյակներ, ապա ինչու, ոչ, գուցե նաև պետք էր ընդունել Ադրբեջանի այս նախապայմաններն ու վերջնագրերը», - նշեց Հակոբյանը:
«Ազատության» հարցին՝ Անվտանգությունն ամբողջությամբ հանձնել Բաքվի՞ն, դա ինչպե՞ս էր հնարավոր, եթե Պաշտպանական բանակ այլևս չէր լինելու, վերլուծաբանը պատասխանեց. - «Սրա հետ կապված չեմ ուզում բանավեճի մեջ մտնել, բայց ուզում եմ ասել՝ իսկ արցախցիների այսօրվա վիճակն ավելի լա՞վ է: Միշտ պետք է համեմատել, թե ինչ էինք ստանալու և ինչ ունենք հիմա: Եթե մենք ժամանակին այս աղետը կարողանայինք կանխատեսել ու ավելի մեր հնարավորություններն ու միջազգային իրավիճակը ճիշտ գնահատեինք, ապա գուցե, այո, առանց կարգավիճակի հնարավոր լիներ դա, բայց ես չեմ ասում հնարավոր կլիներ»:
Դիվանագետների համահայկական խորհուրդը ԱԳՆ-ին մեղադրել է փաստերը նենգափոխելու մեջ
Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որտեղ, ըստ էության, ԱԳՆ-ն Արցախին է մեղադրում Ադրբեջանի հետ բանակցությունները տապալելու ու նաև ԼՂ լուծարելու համար, հայտնվել է ոչ միայն վերլուծաբանների, այլև պաշտոնաթող դիվանագետների սուր քննադատության թիրախում: Դիվանագետների համահայկական խորհուրդը, որի կազմում է նաև Փաշինյանի իշխանության ժամանակ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանը, փոխնախարար Ավետ Ադոնցը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, այսօր տարածած հայտարարության մեջ Արտգործնախարարությանը մեղադրել է փաստերը նենգափոխելու մեջ:
Պաշտոնաթող դիվանագետների համոզմամբ՝ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացը տապալելու առանցքային պատճառը Փաշինյանի կողմից Պրահայում 2022 -ին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն էր: Ինչ վերաբերում է ԼՂ լուծարելու հրամանագրին, ապա դիվանագետների համոզմամբ՝ այն «չի հրապարակվել, հետևաբար իրավական ուժ չի ստացել»:
Դիվանագետների համոզմամբ՝ Հայաստանի արտգործնախարարությունը իր այս հայտարարությամբ օգնում է «էթնիկ զտում, ցեղասպանական գործողություններ ու շրջափակում իրականացրած Ադրբեջանին խուսափել պատասխանատվությունից»:
Արտգործնախարարությանը քննադատել են նաև ընդդիմադիր ուժերը: Դաշնակցության գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանն ԱԳՆ հայտարարությունը որակել է « հակահայ և հակապետական», շեշտելով, որ փորձ է արվում «Արցախի հանձնման և Արցախի հարցի փակման մեղքը Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել»:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած« Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ իր հերթի ԱԳՆ հայտարարությունը որակել է՝ «սեփական հանցագործության քողարկում»:
«Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից»
Անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», Արցախի տեղեկատվական շտաբը նշել է՝ այն «իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է»:
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հղում անելով Արցախի իրավական դաշտում երբևիցե գոյություն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, սահմանադրությունը և օրենքները՝ նույն կերպ վարվելով Հայաստանի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտավորությունների պարագայում, այդ թվում՝ որպես անվտանգության երաշխավորի: Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: Հետևաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը: Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է, և այն անբաժանելի է նրանից:
Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից ևս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով», - նշված է հայտարարությունում:
Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է արել «զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից»:
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը: Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր հիմնավոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք հրապարակել», - ասված է հայտարարությունում: