Հայ-ադրբեջանական համաձայնությանը պետք է հետևի խաղաղության պայմանագրի ստորագրում, հայտարարեց Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է քննարկել Բաքվի նախապայմանները:
«Հայաստանը պատրաստ է նրան, ինչ առաջարկել է, Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրման ժամկետի և վայրի շուրջ: Սա այն օրակարգն է, որ մենք առաջարկում ենք Ադրբեջանին», - նշեց նա:
Պատերազմի առիթ ԱԺ փոխնախագահը չի տեսնում, բայց վտանգ, կարծում է, կա. «Վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին, բայց մենք շարժվում ենք խաղաղության ուղղությամբ»:
«Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է»
Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է. պետդեպարտամենտը Հայաստանի վարչապետի ու ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցից մանրամասներ փոխանցեց, որ այս հարցում Մարկո Ռուբիոն ու Նիկոլ Փաշինյանը համակարծիք են եղել:
Զրույցի մասին կողմերը երեկ ուշ երեկոյան տեղեկացրին, մինչև հիմա չի հաղորդվել Ռուբիո-Ալիև շփման մասին, այն դեպքում, երբ խաղաղության պայմանագիրը շուտափույթ ստորագրելու Երևանի առաջարկներին ի պատասխան Ադրբեջանը կրկին նախապայմաններ է առաջ քաշում:
Մինչ միջազգային հանրությունը, նրանց թվում՝ Միացյալ Նահանգները ողջունում են խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական համաձայնությունը, հնարավորինս արագ ստորագրելու կոչեր անում, Երևանն ու Բաքուն շարունակում են հրապարակային մեղադրանքներ փոխանակել: Հայաստանի արտգործնախարարն իր վերջին հարցազրույցում է մտահոգություն հայտնել, որ խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով:
«Ադրբեջանը փորձում է առնվազն ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը»
«Ադրբեջանը փորձում է առնվազն ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը», - Բաքվից հնչած վերջին հայտարարությունից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի տպավորությունն է:
Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Բաքվի առաջ քաշած նախապայմանների մասին Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությանը Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հակադարձեց:
Պնդումն անհիմն որակեց: Հայաստանի արտգործնախարարին, ըստ Այխան Հաջիզադեի, հայտնի էին սահմանադրական փոփոխությունների ու Մինսկի խմբի լուծարման Բաքվի պահանջները, քանի որ դրանք բանակցային թեմա են եղել վերջին երկուսուկես տարում։
Բաքվից էլի պնդեցին՝ եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, պետք է անհապաղ փոփոխի Սահմանադրությունն ու չխուսափի Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համագործակցությունից։
«Այս արձագանքը մի քիչ տարակուսելի է, որովհետև արտգործնախարարը նշել է, որ այո, խաղաղության պայմանագրի նախագծի քննարկմանը զուգահեռ, հայտնի են եղել Հայաստանին ադրբեջանական կողմի նախապայմանները կամ պահանջները: Դրանց որոշների մասով մենք արձագանքել ենք, որոշների մասով ընդհանրապես քննարկում չի եղել և չէր էլ կարող լինել, երբ հարցը վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը: Մենք բազմիցս ասել ենք, որ նախ եթե նույնիսկ լինեին Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ, ինչպիսիք չկան, ապա խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ լուծում է այդ հարցը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապա այս հարցի նկատմամբ մենք բաց ենք», - ասաց Սարգիս Խանդանյանը:
«Ադրբեջանը բանակցային գործընթացի ընթացքում անընդհատ անընդունելի նախապայմաններ է առաջ քաշել»
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կարծում է՝ 3 տարվա բանակցության արդյունքում ստացվել է մի փաստաթուղթ, որն ամրագրում է Ադրբեջանի ձեռքբերումները, դուռը չի փակում նորերի համար:
«Ադրբեջանն այդ բանակցային գործընթացի ընթացքում անընդհատ մեկը մեկից անընդունելի նախապայմաններ է առաջ քաշել, որոնք վերաբերում են երկրի ներքին գործերի ուղիղ միջամտությանը, և սա Արարատ Միրզոյանի համար չի կարող նորություն լինել, որովհետև նա բանակցել է դրա մասին», - նշեց պատգամավորը:
Ընդդիմադիրներին չի համոզում իշխանության հայտարարությունը, թե Սահմանադրությունն ուզում են փոխել ոչ Ադրբեջանի պահանջով: Եթե դա ներքին հարց է, ինչո՞ւ ընդունել նորը, երբ կարելի է փոփոխություններ անել, Քրիստինե Վարդանյանն ասաց. «Արարատ Միրզոյանի մանիպուլյացիան ո՞րն է. ասում է, որ տարբեր նախապայմաններ, որոնց մասին խոսել ենք, այդ թվում՝ մենք, օրինակ՝ այս պայմանագրում արտացոլված չեն որպես կետ: Ո՞ր մի ադրբեջանական նախապայմանի համար են դուռ փակել այս փաստաթղթով՝ միջանցքի հարցն արե՞լ են, ոչ: Այս պայմանագրով չկա որևէ կետ, որով կարող են հետո Ադրբեջանին արգելել բարձրացնել նորից այդ հարցը: Սահմանադրության փոփոխության հարցը արե՞լ են, ոչ, հակառակ բանն են արել՝ պայմանավորվել են, որ որևէ ներպետական օրենք չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ պայմանավորվածությունների կատարման համար»:
Արարատ Միրզոյանը խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտից հետո թվարկում էր համաձայնեցված տեքստում բացակայող դրույթները՝ դրանց շարքում նշելով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, նաև միջանցքի, իրենց տներ ադրբեջանցիների վերադարձի մասին կետեր:
Ադրբեջանը չի՞ կարող մյուս նախապայմաններն էլ չստորագրելու հիմք դարձնել՝ հիմա Սահմանադրության փոփոխությունն է ու Մինսկի խմբի լուծարումը, Սարգիս Խանդանյանն ասաց. «Եթե քաղաքական կամք չկա խաղաղության պայմանագիրը ստորագրելու, կամ կա քաղաքական կամք՝ այն ձգձգելու, այո, իրավացի եք, այդ պահանջները և ոչ միայն այս պահանջները, նորանոր պահանջներ կարող են ի հայտ գալ: Մենք շարունակում ենք նույն համառությամբ աշխատել և պնդել, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրել օր առաջ, նաև միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել այս հարցի վրա, ինչը մեզ հաջողվում է»:
Ի դեպ, երեկ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը Բաքվի դաշնակից Անկարայի աջակցությունն է խնդրել Հարավային Կովկասում խաղաղության հաստաման համար: