«Գրառումը վերաբերում է ինչ-որ կնոջ, ով հայտարարություն է կատարել, որ «ավելի լավ էր Գորիսի ճանապարհը փակեիք, արցախցիները մնային էնտեղ». - Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Քննչական կոմիտեն պետք է վարույթ հարուցի ու քննի՝ այստեղ կա՞ հանցագործություն, թե՞ չէ: Այս խոսքերի հեղինակը մի կին է, որ «Խոսնակ» անունով մի իշխանամերձ կայքում արցախցիների դեմ ելույթ է ունենում ու առերևույթ ատելություն քարոզում:
«Իշխանությունը չէր կարա իրանց չընդունել, բայց ժողովուրդը կարող էր՝ կարող էր Գորիսը փակեր ու թույլ չտար մտնեին Հայաստան: Բազմիցս մեր երեխաներին տարանք մի հսկա Եռաբլուր դարձրեցինք, մի հսկա գերեզմանոց սարքեցինք իրենց պատճառով, իրանք իրանց լամուկներին՝ իրանցը լամուկներ են, պարիկներ հագցրեցին, յուբկաներ հագցրեցին, խալիների մեջ փաթաթեցին բերեցին Երևան, մեր էրեխեքը գնացին», - ասում է կինը:
Փաստաբան Ռոման Երիցյանը ամիսներ առաջ է դիմել Քննչական, բայց վարույթ չեն հարուցել՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ: Գլխավոր դատախազությունն էլ փաստաբանի բողոքին ընթացք չէր տվել, ինչպես նաև՝ առաջին ատյանի դատարանը:
«[Վերաքննիչ] Դատարանը բավարարել է մեր բողոքը՝ պարտավորեցնելով նախաձեռնել քրեական վարույթ ազգային, ռասայական ատելության հիման վրա՝ էդ խոսքերի, հրապարակային խոսքերի առթիվ», - «Ազատությանը» փոխանցեց Երիցյանը:
Վերաքննիչը պարտավորեցրել է նաև, որ արցախցիների դեմ մեկ այլ գրառում էլ ընթացք ստանա՝ Քննչականը վարույթ հարուցի: Արսեն Արշակյան անունով մի օգտատեր Ֆեյսբուքում գրել էր. - «Բարի լույս, օրը սկսենք շատ լավ լուրով, ղարաբաղցիքի 30 տոկոսը լքել է Հայաստանը, Աստված տա երբեք չվերադառնաք ու շարունակական լինի»:
Քննչականը, Գլխավոր դատախազությունն ու առաջին ատյանի դատարանը այս գրառման մեջ էլ որևէ խնդիր չեն տեսել, համարել են, որ այս մարդիկ ազատ խոսքի իրենց իրավունքն են իրացնում, ասում է Ռոման Երիցյանը:
«Իրենց համար նորմալ և ընդունելի է արցախցիների համար նման հայտարարություններ կատարելը: Ըստ վարույթ փաստացի չնախաձեռնած մարմնի՝ էդտեղ վիրավորական խոսք, քննադատողական խոսքեր կա, բայց ոչ՝ ատելության քարոզ», - նշեց փաստաբանը:
Իսկ Վերաքննիչը որոշել է, որ Քննչականը պետք է վարույթ հարուցի ռասայական, ազգային, էթնիկ, քաղաքական կամ այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, թշնամանք քարոզելու հոդվածով:
Արցախցիների դեմ ատելություն, թշնամանք քարոզող գրառումներով Հայաստանի իրավապահ մարմիններ դիմումներ քիչ չեն, բայց դրանք պատշաճ ընթացք չեն ստանում, դժգոհում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը: Դեռևս ապրիլին յոթ բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազություն, որն ուղարկվել է Քննչական կոմիտե, ու միայն երկուսով է վարույթ հարուցվել:
«Որևէ էական զարգացում չկա, յոթ հաղորդում ներկայացվել էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից, յոթից միայն երկու հաղորդում է ընդունվել ու վարույթ է սկսել, մնացած հինգում իրենք որևէ հանցագործության տարր չեն գտել և քրեական վարույթ չեն սկսել», - «Ազատությանն» ասաց Արցախի նախկին օմբուդսմենը:
Արտակ Բեգլարյանի նշած վարույթները, որ հարուցվել են ամիսներ առաջ, վերաբերում են իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանի ու ֆեյսբուքյան օգտատեր Նատալի Ալեքսանյանի գրառումներին: «Ընդ որում՝ երկուսն էլ քրոնիկ ատելություն, թշնամանք սերմանող հայտարարություններ, գրառումներ են արել միշտ, այսինքն՝ դա միակ դեպքը չէր, և մենք ուշադրություն ենք հրավիրել, որ նաև այս երկուսը շարունակական ատելություն են քարոզում», - նշեց Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանն ակտիվորեն զբաղվում է արցախցիների դեմ ատելության, խտրականության քարոզի դեմ պայքարով: Փորձում է այդ գրառումների հետքերով գնալ ու իրավական ճանապարհով կանգնեցնել այս ալիքը:
Արցախցիների դեմ ատելությունը բորբոքում է իշխանությունը, համոզված է «Արցախ» միության ղեկավարն ու ենթադրում է՝ հենց այս պատճառով էլ իրավապահ մարմիններն անգործության են մատնված:
«Եվ Դատախազությունը լավ կաներ ներքին թշնամանք, ատելություն հրահրող անձանց հետևից գնար, որոնք պարբերաբար թիրախավորում են հայ ժողովրդի այս կամ այն հատվածին, հատկապես՝ արցախցիներին», - ընդգծեց Բեգլարյանը:
Այս ալիքը կանգ չի առնի, եթե մարդիկ չպատժվեն Քրեական օրենսգրքով նախատեսված այդ հանցանքը գործելու համար: Ատելություն ու թշնամանք տարածելը Քրեական օրենսգրքով հանցանք է, ոչ թե խոսքի ազատություն, շեշտում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանը:
Արտակ Բեգլարյանի նշած երկու քրեական գործով ի՞նչ կարգավիճակ ունեն գրառումների հեղինակները՝ Ռոման Բաղդասարյանն ու Նատալի Ալեքսանյանը, Քննչական կոմիտեից «Ազատության» հարցին դեռ չեն պատասխանել: