Իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը պատմության մեջ է ընկել եղբոր գրառման պատճառով: Պատգամավորի եղբայրը՝ Հայկ Պալյանը, Լիանա Վանոյանի հումորային տեսանյութի մեկնաբանությունների բաժնում Փաշինյանին քննադատող մեկնաբանություններից մեկին արձագանքել է՝ դիմելով օգտատիրոջը. - «Հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի»: Սոցիալական ցանցերում այս մեկնաբանության սքրինշոթը զայրացած օգտատերերը տարածում էին քննադատելով, թե պատգամավորի եղբայրը արցախցիների նկատմամբ ատելության քարոզով է զբաղված:
«Ուղղակի էդ հարցի նպատակը եղել է, թե «Ղարաբաղի՞ց եք, թե՞ Հայաստանից», զուտ տեղանքի առումով». - ՔՊ-ական պատգամավորը եղբոր ձևակերպումը վրիպակ է համարում և նրա փոխարեն մեկնաբանում՝ այլ բան է նկատի ունեցել, պարզապես միտքը սխալ է ձևակերպել: Պատգամավորը այս մասին գրառում էր արել նաև Ֆեյսբուքում: Այդ ընթացքում տարածվեց եղբոր նամակագրությունը մի օգտատիրոջ հետ, որ Հայկ Պալյանն իր ձևակերպումը ոչ թե վրիպակ է համարում, այլ ուղիղ ընդունել է սխալն ու խոստովանում է, որ ջնջել է:
«Արցախցիները, Ղարաբաղից բռնի տեղահանվածները մեր հայրենակիցներն են, մեր հայերն են, և որևէ տարանջատում կամ ատելության խոսք լինել չի կարող», - «Ազատության» հետ զրույցում նշեց Էմմա Պալյանը:
Հայկ Պալյանի էջը չգտանք, քույրն ասաց՝ արգելափակվել է «օգտատերերի գրոհի պատճառով»: Ֆեյսբուքում նաև տարածում էին պատգամավորի հոր՝ ամիսների վաղեմության գրառումները. արցախցիների մասին բացասական մեկնաբանություններ էր տարածել իր էջով կամ ինքն էր գրել: Պատգամավոր Պալյանը վստահեցնում է, թե իրենց ընտանիքում արցախցիներին քույր ու եղբայր են համարում, ու մեկ-երկու անձնական կարծիքը մարդիկ իզուր են ատելության քարոզ ընկալում:
«Իր անձնական կարծիքն է, նորից եմ կրկնում, բայց վստահեցնում եմ, որ որևէ ատելության համընդհանուր ֆոն ապահովելու նպատակ անգամ իմ հայրիկը չունի: Նորից եմ կրկնում՝ որևէ մասնավոր քոմենթ կամ արված խոսք չի կարելի ընդհանրացնել և ասել, որ պատգամավորի հայրը ատելության մթնոլորտ է սերմանում կամ տարանջատում է դնում, սխալ է դա», - պնդեց ՔՊ-կան պատգամավորը:
Պատգամավորի եղբայրն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է: Նորություն չէ, որ Փաշինյանի գլխավորած կուսակցության որևէ անդամ արցախցիներին թիրախավորում է, սա գործող իշխանության քաղաքական գիծն է, համոզված է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նրան Փաշինյանի թիմակցի պարզաբանումը չի համոզել:
«Սա ընդհանուր իշխանությունների կուրսի մի մասն է ու դրսևորում է ուղղակի, նույնիսկ կարող եմ ասել՝ փոքրիկ դրսևորում, ի համեմատ նախորդ բազաթիվ դրսևորումների, որոնք հատկապես եղել են պաշտոնատար, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարմամբ, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի և վարչապետի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բեգլարյանը:
Մոտ երկու շաբաթ առաջ էլ Ազգային ժողովի առաջին դեմքն էր թիրախավորել արցախցիներին՝ նրանց մեղադրելով ադրբեջանցիների դեմ չկռվելու, Արցախից հեռանալու համար, հիշեցնում է Արտակ Բեգլարյանը: Սա ի՞նչ է, եթե ոչ ատելության քարոզ:
«Մեսիջների գլխավոր իմաստն այն է, որ ա) պետք է ամբողջ մեղավորությունը գցել արցախցիների վրա՝ Արախի կորստի հարցում, բ) պետք է արցախցիներին անընդհատ մարգինալիզացված պահել, որպեսզի «գլուխ չբարձրացնեն», - պնդեց Արցախի նախկին օմբուդսմենը:
Ինը ամիս առաջ էլ Վարչապետ Փաշինյանը արցախցիներին որակել էր ցույցի մատերիալ. - «Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք ա եղել ձե՛ր իշխանությունը պահելու համար: Էսօր իրանց բերել եք որպես ցույցի մատերիալ՝ 5 հազար դրամով ցույցերի բերելու համար»:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամները արցախցիներին չխնայեցին անգամ տեղահանվելուց մեկ ամիս անց: Նրանցից բացի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանն էլ հրապարակավ կոչ էր անում արցախցիներին զրկել պետական աջակցությունից, եթե նրանք մասնակցեն իշխանության դեմ կազմակերպվող ցույցերին:
Ի՞նչ է մտածում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը իշխող ուժի շարքերից արցախցիների դեմ խտրականության ու ատելության քարոզի մասին, պատրաստվո՞ւմ են անդրադառնալ այս խնդրին: ՄԻՊ-ից այս հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց, «Ազատության» զանգերին չարձագանքեցին:
Եթե որևէ մեկը դեռ վիրավորված է Հայկ Պալյանի գրառումից, պատգամավորը պատրաստ է ներողությամբ հավատացնել, որ արցախցիների դեմ ոչինչ չունեն:
«Եթե որևէ մեկը, ամեն դեպքում, էդքան մեկնաբանությունից հետո, որպես վիրավորանք է ընդունում, ես ինքս ներողություն եմ խնդրում մեր Ղարաբաղից բռնի տեղահանված քույրերից և եղբայրներից իմ հարազատների փոխարեն», - ասաց Էմմա Պալյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը նախկինում էլ թեժ քննարկումների կենտրոնում էր հայտնվել իր կադրային որոշման պատճառով. իր օգնականի հաստիքում ամուսնուն էր նշանակել ու հիմնավորել՝ այդպես է արել, որ ամուսինն իրեն տուն տանելիս դրսում չսպասի: