Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում բախվել են ինքնաթիռն ու ուղղաթիռը. հայտնաբերվել է 30 դի


Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ տեղի ժամանակով երեկոյան ժամը 9-ի սահմաններում, օդում բախվել են ռազմական ուղղաթիռն ու «Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությանը պատկանող մարդատար ինքնաթիռը: Երկուսն էլ ընկել են Պոտոմակ գետը:

Կանզասից Վաշինգտոն ժամանող ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ՝ ուղղաթիռում 3 զինվորական: Արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացրել է, որ մինչ այժմ ջրից դուրս է բերվել 30 դի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն ծառայության ղեկավար Ջոն Դոնեդին ասել է, որ իրենց կարծիքով փրկվածներ չկան:

Վթարի պատճառը հայտնի չէ, այդուհանդերձ, հրապարակվել է ձայնագրություն, որում լսվում է, որ ավիադիսպետչերը ուղղաթիռի օդաչուին հարցնում են, թե արդյոք տեսնում է «Ամերիկյան ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռը, պատասխան չստանալով, ավիդիսպետչերը կրկնում է հարցը, ինչից վայրկյանների հետո տեղի է ունենում վթարը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր հիմնադրած Truth Social սոցիալական կայքում անդրադարձել է ավիաաղետին՝ այն անվանելով վատ իրավիճակ, որից կարծես թե հնարավոր էր խուսափել:

«Ուղղաթիռը երկար ժամանակ շարժվել է ուղիղ դեպի ինքնաթիռը պարզ գիշերը: Ինքնաթիռի լույսերը վառվում էին, ինչո՞ւ ուղղաթիռը չի բարձրացել կամ իջել, կամ չի փոխել ուղղությունը: Ինչո՞ւ հսկիչ աշտարակն ուղղաթիռին չի հրահանգել, թե ինչ պետք է անի հարցնելու փոխարեն, թե տեսել են արդյոք ինքնաթիռը: Սա վատ իրավիճակ է, որը կարծես պետք է կանխվեր: Լավ չէ», - նշել է Թրամփը:

ԱՄՆ գեղասահքի ասոցիացիան հաստատել է, որ ինքնաթիռում եղել են ասոցիացիայի մի քանի մարզիկներ, մարզիչներ և նրանց ընտանիքի անդամներ, որոնք վերադառնում էին Կանզասում անցկացվող միջոցառումից: Նրանց մեջ են նաև գեղասահքի աշխարհի նախկին չեմպիոններ, ազգությամբ ռուս Վադիմ Նաումովն ու նրա կինը՝ Եվգենիա Շիշկովան:

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին ասել է, որ նախարարությունը լիակատար աջակցություն կտրամադրի տեղում աշխատող բոլոր թիմերին, քաղաքապետարանին նաև տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդին, որը հետաքննություն կիրականացնի:

Օդանավակայանի հրշեջ վարչության պետն ասել է, որ սա ակտիվ գործողություն է, որը դեռ երկար կտևի մինչ իրենք շարունակում են վերականգնողական և փրկարարական աշխատանքները:

«Ամերիկյան ավիաուղիների» գործադիր տնօրենը ներողություն է խնդրել և ափսոսանք հայտնել վթարի կապակցությամբ, ապա վստահեցրեց, որ հանրությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկություններ կտրամադրեն կատարվածի վերաբերյալ:

Միացյալ Նահանգներում կոմերցիոն չվերթն իրականացնող ինքնաթիռի վերջին խոշոր վթարը տեղի էր ունեցել 2009 թվականին, երբ վթարվել էր Colgan Air ընկերության ինքնաթիռը` դառնալով 49 մարդու մահվան պատճառ: Դրանից առաջ ամենախոշոր ավիաաղետը տեղի էր ունեցել 2001 թվականին, երբ «Ամերիկյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վթարի հետևանքով 265 մարդ էր զոհվել:

XS
SM
MD
LG