Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է թուրք պաշտոնակցի հետ: X-ում Կոստանյանը գրել է, որ կարևոր քննարկում է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Այշե Էքինջիի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։
Ըստ Կոստանյանի գրառման՝ նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Փակ սահմաններ ունեցող երկու երկրների բանագնացները 2022-ի հուլիսին Վիեննայում չորրորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկական կողմը վերակառուցեց Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկուսուկես տարի անց պարզ չէ, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։
Պաշտոնական Անկարան բազմիցս է հայտարարել՝ սահմանը կբացվի հայ - ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ - թուրքական և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։