Մենք չունենք իշխանության ճյուղ Իլոն Մասկ անունով, այսպիսի տեքստեր էին հնչում Միացյալ Նահանգների զարգացման գործակալության վաշինգտոնյան կենտրոնակայանի առջև, այստեղ բողոքի ցույց են անում արդեն գործազուրկ աշխատակիցներն ու նրանց միացած դեմոկրատ սենատորներ:
«Գործակալության բոլոր աշխատակիցներին շնորհակալություն, շնորհակալություն, դուք Ամերիկան պահում եք անվտանգ ու օգնում եք ողջ աշխարհի մարդկանց։ Եվ ես ուզում եմ ներողություն խնդրել, ուզում եմ ասել՝ ներեցեք, որ պիտի դիմանաք Սպիտակ տնից եկած այս անհեթեթությանը», - ասել է ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս Մըքգովերնը:
Ավելի քան 60 տարի աշխարհին օգնություն բաժանող USAID -ի ճակատագիրն անորոշ է․ գործակալության կայքն այլևս չի աշխատում, կառույցի չինովնիկներին տուն են ուղարկել, մինչև այդ նրանց զրկելով էլեկտրոնային փոստի հասանելիությունից:
Ի՞նչ է կատարվում, պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարում է՝ ժամանակավոր ինքը կտնօրինի կառույցը:
«Նրանց հիմնական դիրքորոշումն այն է, որ չեն աշխատում որևէ մեկի համար։ Մենք աշխատում ենք ինքներս մեզ համար։ Կառավարական ոչ մի գործակալություն մեզ չի կարող ասել, թե ինչ անենք», - ասել է Ռուբիոն:
Նահանգների պետքարտուղարը գործակալությանն անհնազանդության ու Միացյալ Նահանգների շահերի հետ հաշվի չնստելու մեջ է մեղադրում, բայց և ընդգծում՝ կան ծրագրեր, որ կառավարությունն իրականացնում է այս գործակալության միջոցով և պետք շարունակել դրանք։
«Միացյալ Նահանգների զարգացման գործակալությունը բազմաթիվ գործառույթներ ունի, որ կշարունակվեն ու կդառնան Ամերիկայի արտաքին քաղաքականության մաս, բայց դա պետք է համահունչ լինի մեր արտաքին քաղաքականությանը», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ի տարբերություն պետքարտուղարի, որի խոսքից տպավորություն կա, որ նա զարգացման գործակալությունը բարեփոխելու անհրաժեշտություն է տեսնում, առավել կոշտ դիրքորոշում ունի Թրամփի աջակից միլիարդատեր Իլոն Մասկը, որ պետական համակարգում ծախսերի կրճատման պատասխանատուն է: Նա ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ USAID- ն հանցավոր կազմակերպություն է, նորոգման ենթակա չէ, պիտի մեռնի։ Բողոքի դուրս եկած դեմոկրատների շուրթերին ավելի շատ Մասկի անունն է:
«Զարգացման գործակալությունը մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ պայքարի մեջ է, Չինաստանում ույղուրներին պաշտպանելու համար է պայքարում, փախստականներին պաշտպանելու համար, պայքարում ենք, որ համոզված լինենք, որ ամենուր սնունդ կա», - ասել է ԱՄՆ կոնգրեսական Ջերալդ Քանըլին։
Դեմոկրատ կոնգրեսականները պնդում են՝ պայքարելու են գործակալության պահպանման համար
Դեմոկրատ կոնգրեսականները պնդում են՝ պայքարելու են գործակալության պահպանման համար բոլոր միջոցներով բոլոր ամբիոններից, դատարաններից մինչև Կոնգրես։
Նախագահ Թրամփի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին հրամանագրերից մեկը Նահանգների կողմին աշխարհին տրվող աջակցության մեծ մասի սառեցումն էր։ Թարմփի հիմնավորումն այն է, որ պետք է համոզվել, որ այդ ամենը համապատասխանում է իր քաղաքականությանը, Ամերիկան՝ նախևառաջ։
Մինչև այս համաշխարհային մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 42 տոկոսը USAID-ն էր ապահովում՝ իր 10 հազար աշխատակիցներով։ Եվ մինչ փորձագետները տագնապում են, թե ինչ կլինի աշխարհի տարբեր անկյուններում աղետի մեջ հայտնված ու անօգնական մարդկանց վիճակը՝ Աֆղանստանից մինչև Ուկրաինա, Սպիտակ տան խոսնակ Քերըլայն Լևիթը գրպանից հանում է մի թուղթ որտեղ USAID ի ծրագրերից են . - «70 հազար բազմազանությանը նվիրված համերգին՝ Իռլանդիայում, 47 հազար տրանսգենդերային օպերա՝ Կոլումբիայում, 32 հազար՝ Պերուում տրանսգենդերային երգիծական գրքին»:
«Ես անձամբ, որպես հարկատու չեմ ուզում այս աղբի վրա փող ծախսել», - Լևիթի վերջին խոսքերն են, բայց Սպիտակ տան վերջին խոսքն ու վերջնական որոշումը դեռ առջևում են։