Առատ ձյունը կաթվածահար է արել Երևանի տրանսպորտը: Մարդիկ սոցիալական ցանցերում գրում և տեսանյութեր են հրապարակում, որ տրանսպորտային միջոցները երկար ժամանակ չեն ժամանում, որոշներն էլ ի վիճակի չեն երթևեկել՝ տեղում կանգնած են մնացել:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից, սակայն, վստահեցնում են՝ որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով:
Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին հայտարարել է, որ առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։
«Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։ Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ», - նշվում է քաղաքապետարանի պարզաբանման մեջ։
Կառույցը շեշտում է, որ մաքրման աշխատանքներն իրականացվում են անընդմեջ, ներգրավված է ողջ տեխնիկան և համապատասխան թիմերը։
ՆԳՆ-ից փոխանցում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի (Սարի թաղ) փողոցներ։