Մատչելիության հղումներ

Թրամփը խոստովանել է՝ Պուտինը հրադադար չի ուզում. WSJ

Լրացված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ

Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ զրույցում առաջին անգամ խոստովանել է`Ռուսաստանի նախագահը չի ցանկանում հրադադար հաստատել Ուկրաինայում, քանզի կարծում է, որ կհաղթի, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Բայց, ըստ հեղինակավոր պարբերականի, նույնիսկ այսքանից հետո Թրամփը չի մեծացնում Ռուսաստանի վրա ճնշումը: Նա նաև չի համաձայնել եվրոպացի ղեկավարների պնդմանը, որ Վատիկանում ռուս - ուկրաինական հնարավոր բանակցությունների արդյունքը պետք է լինի անվերապահ հրադադարը, ասելով, որ իրեն «չի դուր գալիս» այդ եզրույթը:

Կրեմլի խոսնակն ասել է, որ չգիտեն, թե ինչ է Թրամփն ասել եվրոպացի առաջնորդներին, իսկ Wall Street Journal-ի հրապարակումը հակասում է Մոսկվայի ունեցած տեղեկություններին:

«Մենք գիտենք, թե ինչ է Թրամփն ասել Պուտինին։ Մենք չգիտենք, թե ինչ է Թրամփն ասել եվրոպացիներին այդ հեռախոսազրույցից հետո։ Գիտենք նախագահ Թրամփի պաշտոնական հայտարարության մասին։ Այն, ինչ գիտենք, հակասում է ձեր նշած հոդվածում գրվածին», - պնդել է Կրեմլի խոսնակը:

Անդրադառնալով 1000-ը 1000-ի դիմաց սկզբունքով ռազմագերիների փոխանակմանը, ինչի մասին կողմերը պայմանավորվել էին Ստամբուլում, Պեսկովն ասել է, որ Մոսկվան իր ցուցակը ներկայացրել է Կիևին, սակայն դեռ չի ստացել ուկրաինական կողմինը: Կրեմլի խոսնակը նաև նշել է՝ հաջորդ բանակցությունների տեղի ու վայրի մասին դեռ որոշում չկա:

Կիևից էլ ասել են, որ մեկ օրում այդքան ռազմագերու փոխանակումը կազմակերպելը տեխնիկապես դժվար է, և այն կիրականացվի փուլերով՝ տարբեր օրերի:

Ու մինչ ռուսական կողմը չի շտապում հստակեցնել բանակցությունների հաջորդ փուլի վայրն ու ժամկետը, Գերմանիայի կանցլերը, խոսելով դրանք Վատիկանում անցկացնելու հնարավորության մասին, հույս է հայտնել, որ կողմերը կառուցողական քննարկում կունենան: Ֆրիդրիխ Մերցը միաժամանակ շեշտել է՝ այս պահին ոչինչ չի վկայում, որ Պուտինի սանձազերծած պատերազմը շուտով կավարտվի:

«Այս պահին չկա որևէ նշան, որ այս պատերազմն արագ կավարտվի։ Մենք փորձում ենք հնարավոր ամեն ինչի հասնել դիվանագիտական ճանապարհով», - ասել է Մերցը:

Ռուսական կողմի՝ խաղաղություն հաստատելու պատրաստակամությանը չի հավատում նաև Ուկրաինայի նախագահը: Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում դարձյալ նշել է, որ պետք է մեծացվի Ռուսաստանի վրա ճնշումը՝ տնտեսական, քաղաքական, ռազմական և բոլոր հնարավոր ոլորտներում, որպեսզի համաձայնի հրադադարին:

«Ցավոք, ռուսները հրադադարի մասին ազդակներ չեն ուղարկում և դեռ պատրաստ չեն պատերազմը դադարեցնելուն։ Այնպես որ, միանգամայն անհրաժեշտ են ճնշման բոլոր ձևերը, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով գործընկերների հետ տարվող ամբողջ աշխատանքը», - ասել է Զելենսկին:

Պատժամիջոցների հնարավորությանը Սենատում անցկացված լսումներին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարը: Մարկո Ռուբիոն կրկնել է Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնն այդ քայլին կդիմի անհրաժեշտության դեպքում միայն: Պետքարտուղարը մի քանի անգամ խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է, միայն ասել է, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են կատարվել, որոնց մեղավորները պետք է պատասխան տան:

«Բայց մեր նպատակն այժմ այս պատերազմը դադարեցնելն է, քանզի մինչ այս պատերազմը շարունակվում է, ամեն օր մարդիկ են սպանվում, մարդկային ճակատագրեր են խեղվում, անկեղծ ասած, ավելի շատ պատերազմական հանցագործություններ են կատարվում», - հայտարարել է Ռուբիոն:

Մինչ ԱՄՆ-ը հապաղում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում, Եվրոպական խորհրդարանն այսօր քվեարկել է Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող պարարտանյութերի և գյուղատնտեսական որոշ ապրանքների համար բարձր մաքսատուրք սահմանելու օգտին: Նպատակն է կանխել հնարավոր սպառնալիքը Եվրամիության պարենային անվտանգությանը և սահմանափակել պատերազմի ֆինանսավորումը: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

Իսկ ռազմական գործողություններն այս ընթացքում չեն դադարում, ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է ուկրաինական մի քանի բնակավայրի, այդ թվում՝ Կիևին: Խարկովին հարվածել են հրթիռով, կա մեկ զոհ, մի քանի վիրավոր, երկու մարդ էլ սպանվել է Դոնեցկում: Ուկրաինական զինուժն արդեն երկրորդ օրն է՝ անօդաչուներով ինտենսիվ հարձակումներ է նախաձեռնում ռուսական բնակավայրերի, այդ թվում՝ Մոսկվայի և Մերձմոսկվայի ուղղությամբ: Մեկ օրում միայն Մոսկվայի ուղղությամբ ընթացող ավելի քան 40 անօդաչու է խոցվել: Գիշերը մի քանի անգամ փակվել են Մոսկվայի բոլոր օդանավակայանները: Ռուսական կողմը հաղորդել է, որ Դոնեցկում ևս մեկ բնակավայր է վերցրել:



XS
SM
MD
LG