Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից մեկ օր անց Եվրոպական միությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 17-րդ փաթեթը: ԵՄ-ն այս քայլով ցույց է տալիս, որ դժգոհ է բանակցություններում առաջընթացի բացակայությունից և շարունակում է Ռուսաստանի վրա ճնշումը նոր պատժամիջոցներով, որոնց թիրախում է ռուսական ստվերային նավատորմի ևս 189 նավ:
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ պատրաստում են հաջորդ՝ ավելի խիստ պատժամիջոցների փաթեթը, որպեսզի Մոսկվային ստիպեն հրադադար հաստատել Ուկրաինայում, ընդ որում՝ առանց նախապայմանների:
«Մենք համաձայնեցինք, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի դրան, ինչպես տեսանք երեկ, ապա մենք ավելի մեծ ճնշում կգործադրենք ... Որպեսզի Ռուսաստանին ստիպենք, որ ևս խաղաղություն ցանկանա, պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա», - հայտարարել է Կայա Կալլասը:
Մեծ Բրիտանիան ևս այսօր նոր պատժամիջոցներ է ընդունել, որոնք թիրախավորում են Ռուսաստանի ռազմական, էներգետիկ և ֆինանսական ոլորտները, նաև 20 ֆիզիկական անձի:
Մինչդեռ Վլադիմիր Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփն ավելի լավատես էր: Նա հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես կսկսեն հրադադար հաստատելու և պատերազմն ավարտելու ուղղությամբ բանակցությունները: ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է՝ կողմերը կբանակցեն նաև հրադադարի պայմանները, քանզի նրանք են ամենալավը տեղյակ բանակցություններին։ Ավելի ուշ Սպիտակ տանն էլ ասել է, թե հավատում է, որ Պուտինը ցանկանում է խաղաղություն հաստատել:
«Կարծում եմ, որ Պուտինը ցանկանում է դա անել ... Եթե մտածեի, որ նախագահ Պուտինը չի ուզում ավարտել այս պատերազմը, նույնիսկ չէի խոսի դրա մասին», - ասել է Թրամփը:
Ռուսաստանի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ Մոսկվան համաձայնել է աշխատել Կիևի հետ խաղաղության համաձայնագրի մասին հուշագրի շուրջ, որը կներառի կարգավորման սկզբունքները, ժամկետները, ներառյալ որոշակի ժամանակով հրադադարը, եթե ձեռք բերվի նման համաձայնություն: Պուտինը նաև շեշտել է, թե Մոսկվայի դիրքորոշումը պարզ է՝ գլխավորը հակամարտության առաջացման պատճառները վերացնելն է:
«Հարցը, իհարկե, այն է, որ ռուսական և ուկրաինական կողմերը ցուցաբերեն խաղաղության հասնելու առավելագույն ցանկություն և գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին ... Մեզ համար գլխավորն այս ճգնաժամի հիմնական պատճառները վերացնելն է», - նշել է ՌԴ նախագահը:
Ուկրաինայի նախագահն ասել է, որ դեռ ծանոթ չէ խաղաղության համաձայնագրի մանրամասներին, որի մասին խոսել է Պուտինը։ Վլադիմիր Զելենսկին ասել է՝ եթե Պուտինը չդադարեցնի պատերազմը, չհրաժարվի անիրատեսական պայմաններից, ապա դա կնշանակի, որ ժամանակ է ձգում, և պետք է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառվեն: Զելենսկին նաև բացառել է ուկրաինական զորքի դուրսբերումը Ուկրաինայի այն շրջաններից, որոնք Ռուսաստանն իրենն է համարում:
«Եթե Ռուսաստանը պայմաններ է առաջ քաշում մեր զորքերը մեր սեփական հողերից դուրս բերելու համար, դա նշանակում է, որ չի ցանկանում հրադադար, չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի., - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Մոսկվան Կիևին կառաջարկի աշխատել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա: Ընդ որում՝ ուկրաինական կողմը պետք է հասկանա, որ խաղաղության հնարավոր չի լինի հասնել առանց հակամարտության առաջացման հիմնական պատճառները վերացնելու: Հիմա գնդակն Ուկրաինայի դաշտում է, ասել է Մարիա Զախարովան:
Քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ Պուտինը հստակ նպատակ ունի շարունակել պատերազմը: Իսկ այն, որ կրկին խոսում է կոնֆլիկտի առաջացման պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին, վկայում է, որ բանակցություններում առաջընթաց չկա: Ըստ քաղաքագետի՝ Թրամփն ու Պուտինը կարող էին խոսել շատ թեմաներից և ակնհայտորեն քննարկել են նաև տնտեսական հարցեր:
«Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա դատելով ամենից՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ինքը կվարի բանակցությունները, և դրանով ամեն ինչ սահմանափակվում է: Իսկ Թրամփը միանգամայն ուրախ է հետ քաշվել և ձևացնել, թե արել է այն, ինչ կարող էր», - նշել է Պրեոբրաժենսկին:
Ի՞նչ են մտածում ուկրաինացիները Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին: Կիևի բնակչուհի Սվետլանա Կուզն ասում է, որ այս բանակցությունները շահավետ են միայն Ռուսաստանի համար, քանզի Մոսկվան պարզապես ժամանակ է ձգում։ Ըստ նրա՝ Թրամփը պետք է ավելի արդյունավետ գործի և կոնկրետ քայլեր անի:
«Պուտինի նման մարդը միայն ուժի լեզուն է հասկանում: Նրա նկատմամբ միայն կոնկրետ գործողությունները, կոշտ պատժամիջոցները կարող են հանգեցնել որոշակի արդյունքի», - վստահ է Սվետլանա Կուզը:
Իրինա Հավրիլովան էլ ասում է, որ Ուկրաինան ոչինչ չի շահում այս հեռախոսազրույցներից, քանզի բանակցում է թույլ դիրքերից. - «Այս բոլոր հեռախոսազրույցները, բանակցություններն անիմաստ են։ Ուկրաինան թույլ դիրքերում է, շատ թույլ։ Եվ չի հաղթի: Ու որքան երկար տևի պատերազմը, այնքան ավելի շատ բան կկորցնենք»։
Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց: Խերսոնում ռուսական անօդաչուն հարվածել է ավտոբուսի, կա հինգ վիրավոր: