Մատչելիության հղումներ

Թրամփ. Ուկրաինան և Ռուսաստանը պատերազմը պետք է դադարեցնեն այնտեղ, որտեղ զորքերը հիմա կանգնած են


Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմը պետք է դադարեցնեն այնտեղ, որտեղ զորքերը հիմա կանգնած են: Դոնալդ Թրամփը նաև հերքել է հրապարակումները, թե անցած շաբաթ Վաշինգտոնում հանդիպմանը Ուկրաինայի նախագահին համոզել է, որ հանուն խաղաղության ամբողջ Դոնբասը զիջի Ռուսաստանին:

«Ոչ, մենք երբեք դա չենք քննարկել։ Կարծում ենք, որ զորքերը պետք է պարզապես կանգ առնեն առաջնագծում, որտեղ գտնվում են ... դադարեն մարդկանց սպանել և ավարտեն պատերազմը», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Washington Post-ը, երկու պաշտոնյայի հղումով գրել էր, որ Թրամփի հետ հինգշաբթի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը պնդել է, որ խաղաղություն հաստատելու պայմաններից մեկն այն է, որ Դոնեցկի մարզը պետք է ամբողջությամբ անցնի Ռուսաստանի վերահսկողությանը:

Financial Times-ն էլ գրել էր, որ Սպիտակը տանը Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը շատ լարված է անցել, Թրամփը անընդհատ գոռգոռացել է, հայհոյել, Զելենսկիին զգուշացրել է, որ պետք է ընդունի խաղաղության հասնելու Վլադիմիր Պուտինի պահանջները՝ ասելով, որ հակառակ դեպքում «նա կոչնչացնի ձեզ»: Ըստ թերթի՝ Թրամփը կրկնել է խնդրի կարգավորման Կրեմլի թեզերը և մի կողմ է նետել Ուկրաինայի քարտեզները՝ ասելով, որ «հոգնել է» առաջնագիծը տեսնելուց:

Զելենսկին բացառել է, որ Կիևը հավելյալ տարածք կզիջի

Զելենսկին իր հերթին բացառել է, որ Ուկրաինան որևէ հավելյալ տարածք կզիջի Ռուսաստանին։ NBC News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նաև բացառել է, որ խաղաղություն կարող է հաստատվել առանց Ուկրաինայի մասնակցության, ապա հավելել՝ արդար և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է համաձայնություն «այս ողբերգության երկու կողմերի» միջև։

«Եթե ուզում ենք դադարեցնել այս պատերազմը և արագ անցնել խաղաղության շուրջ բանակցությունների, ապա պետք է առաջնագծում մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք հիմա և ոչ մի ավել բան չտանք Պուտինին միայն նրա համար, որ ցանկանում է», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկին նաև ասել է, որ պատրաստ է միանալ Թրամփին և Պուտինին Բուդապեշտում նախատեսվող հանդիպմանը։ Նաև նշել, որ Կիևը պատրաստվում է հակաօդային պաշտպանության 25 Patriot համակարգ գնել:
ԱՄՆ փոխնախագահն էլ հայտնել է, որ նախագահը դեռ որոշում չի կայացրել Կիևին Tomahawk հրթիռներ տրամադրելու հարցում, որոնցով ուկրաինական զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին: Ջեյ Դի Վենսն ասել է, որ դրանք նաև ԱՄՆ-ին են անհրաժեշտ սեփական կարիքների համար. «Մենք գիտենք, որ նրանք ուզում են այս զինատեսակը: Նախագահը, ի վերջո, որոշում կկայացնի այս հարցի շուրջ: Բայց նա դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային Tomahawk հրթիռներ տրամադրելու վերաբերյալ», - ասել է նա:

ԵՄ-ն ակնկալում է՝ այս շաբաթ կընդունվի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

Ու մինչ Մոսկվան ու Վաշինգտոնը նախապատրաստում են Պուտին-Թրամփ հանդիպումը, ԵՄ արտգործնախարարը հայտարարել է, թե «հաճելի չէ», որ ԵՄ տարածք կարող է մտնել մարդ, ում Միջազգային քրեական դատարանը ձերբակալելու օրդեր է տվել: Կայա Կալլասը ողջունել է պատերազմը դադարեցնելու՝ Վաշինգտոնի ջանքերը, հավելել, որ Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն: ԵՄ ատրգործնախարարը հայտարարել է. «Ռուսաստանը միայն ուժի լեզուն է հասկանում և բանակցում է, երբ իսկապես ստիպված է։ Ահա թե ինչու ենք քննարկում, թե ավել ինչ կարող ենք անել։ Ակնկալում ենք, որ այս շաբաթ կընդունվի նաև պատժամիջոցների 19-րդ փաթեթը»:

Ֆրանսիայի արտգործնախարարն էլ ասել է, որ այս փաթեթի ընդունումից հետո կսկսեն աշխատել հաջորդի վրա: Ըստ Ժան-Նոել Բարոյի՝ այն կթիրախավորի այն երկրներին, ընկերություններին, որոնք շարունակում են ուղղակի կամ անուղղակի աջակցել Ռուսաստանի պատերազմական ջանքերին։ Խոսելով ԵՄ տարածքում Պուտինի հնարավոր ներկայության մասին՝ Բարոն ասել է, որ դա միայն մեկ դեպքում արդարացված կլինի. «Վլադիմիր Պուտինի ներկայությունը ԵՄ տարածքում իմաստ ունի միայն այն դեպքում, եթե դա հանգեցնի անհապաղ և անվերապահ հրադադարի։ Ավելին, Պուտինի շահերից է բխում համաձայնել անհապաղ հրադադարին, քանզի ժամանակը նրա դեմ է աշխատում», - ընդգծել է նախարարը:

Ռուսական կողմը գիշերը շարունակել է հարվածել Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքներին, նաև հայտարարել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել: Ուկրաինական զինուժը իր հերթին հարվածել է Բոլգորոդին և այլ շրջանների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG