Մատչելիության հղումներ

Թուրքական դատարանը Իմամօղլուի նկատմամբ նոր կալանքի որոշում է կայացրել՝ մեղադրելով «քաղաքական լրտեսության» մեջ

Լրացված

Թուրքիայի իշխանությունները նոր մեղադրանք են ավելացնում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի քրեական հոդվածների շարքում: Դատարանը երեկ նոր կալանքի որոշում է կայացրել Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակցի դեմ՝ հիմա էլ նրան մեղադրելով «քաղաքական լրտեսության» մեջ։

Կոռուպցիային առնչվող հոդվածներով մարտից անազատության մեջ գտնվող Էքրեմ Իմամօղլուին ամիսներ առաջ էլ՝ հուլիսին, մեղադրանք էր առաջադրվել նաև Ստամբուլի գլխավոր դատախազին վիրավորելու և սպառնալու համար։

Ըստ Associated Press-ի՝ քաղաքական լրտեսության գործով հետաքննությունը սկսվել է անցած շաբաթ։ Պաշտոնական վարկածն այն է, որ Իմամօղլուն այս տարվա հուլիսին ձերբակալված գործարար Հուսեյն Գյունի հետ կապերի մեջ է եղել․ վերջինս էլ մեղադրվում է օտարերկրյա պետությունների օգտին լրտեսություն անելու համար:

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունն էլ իր հերթին հաղորդել է, որ 2019 թվականի նախընտրական քարոզարշավի համար արտաքին ֆինանսավորում ստանալու դիմաց Ստամբուլի քաղաքապետը քաղաքի բնակիչների մասին տվյալներ է փոխանցել։

Դատարանում շաբաթավերջին նոր գործով ցուցմունք տալիս Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հայտարարել էր, որ չի ընդունում մեղադրանքները։ Ավելի ուշ X-ի էջում էլ այս ամենն անբարոյականություն է որակել. «Նման զրպարտություններ, ստեր և դավադրություններ նույնիսկ սատանայի մտքով չեն անցնի։ Մենք բախվում ենք ամոթալի անբարոյականության, որը բառերով չի կարելի նկարագրել»։

Քաղաքապետի հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել էին դատարանի դիմաց։ Յոթ ամսվա ընթացքում սա առաջին անգամն էր, երբ ընդդիմադիր գործիչը լքել էր բանտը։

Իմամօղլուն համարվում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը 2028 թվականին նախագահական ընտրություններում։ Քաղաքական գործիչը ձերբակալվել էր Հանրապետական ժողովրդական կուսակցության ներքին ընտրություններից կարճ ժամանակ առաջ, որտեղ պետք է առաջադրվեր որպես նախագահի թեկնածու 2028 թվականի ընտրություններում։ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն, այնուամենայնիվ, առաջադրեց հենց Ստամբուլի քաղաքապետին։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակցի դեմ ձեռնարկված այս քայլը կարող է հանգեցնել նրան, որ պետությունը վերահսկողություն ստանձնի Ստամբուլի քաղաքապետարանի նկատմամբ։

Այս տարվա հունվարին ընդդիմադիր գործիչը, դիմելով իր աջակիցներին, պնդել էր, որ արդարության համար պայքարը շարունակվելու է. «Նայիր ինձ, գլխավոր դատախազ: Մեզնից օգուտ չունես, քո ուղեղն արդեն փտած է։ Բայց մենք ժողովրդի մտքից կհեռացնենք քեզ կառավարող մտածելակերպը՝ նաև քո երեխաներին նման վերաբերմունքից փրկելու համար, որպեսզի ոչ ոք չգա քո երեխաների դուռը թակի, որպեսզի ոչ ոք քո երեխաներին լուսաբացին տնից չտանի»։

Իմամօղլուի ձերբակալությունը հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի. հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին:

Այս նոր գործի շրջանակում Իմամօղլուից բացի, մեղադրանքներ են առաջադրվել նաև նրա քարոզարշավի նախկին ղեկավար Նեջաթի Օզքանի և ընդդիմադիր Tele 1 հեռուստաալիքի լրագրող և գլխավոր խմբագիր Մերդան Յանարդագի դեմ։ Hurriyet Daily News-ին գրում է, որ հեռուստալիքը վերցվել է պետական վերահսկողության տակ, YouTube ալիքը՝ փակվել։

Իմամօղլուի կողմնակիցները կարծում են, որ նրա հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի և չեն հավատում թուրքական դատական համակարգի անկախությանը։








XS
SM
MD
LG