Ստամբուլի կալանավորված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է Թուրքիան «վախի հանրապետության» վերածելու մեջ, պնդելով, որ երկրի երկարամյա առաջնորդը քանդել է ժողովրդավարական ինստիտուտները, ճնշել քննադատներին։
«Տարիներ շարունակ պարոն Էրդողանի ռեժիմը խարխլել է ժողովրդավարական հակակշիռները՝ ստիպելով լռել լրատվամիջոցներին, փոխարինելով ընտրված քաղաքապետերին չինովնիկներով, երկրորդ պլան մղելով օրենսդիր մարմինը, վերահսկելով դատական համակարգը և շահարկելով ընտրությունները», - The New York Times-ում հրապարակված հոդվածում գրում է Իմամօղլուն։
53-ամյա ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել է անցած շաբաթ կոռուպցիայի մեղադրանքով։ Առանձին գործով նա մեղադրվում է նաև ահաբեկչության համար։ Ստամբուլի քաղաքապետը հերքում է բոլոր մեղադրանքները։
Իմամօղլուի ձերբակալությունը համազգային բողոքի ցույցեր է հարուցել երկրով մեկ, տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց, հարյուրավորները, այդ թվում՝ լրագրողներ, ձերբակալվել են։
Հոդվածում թուրք ընդդիմադիր գործիչն ընդգծել է՝ իր երկրում ոչ ոք ապահով չէ։ Իմամօղլուն նաև միջազգային հանրությանն է քննադատել «լռության» համար։
«Նրանց լռությունը խլացուցիչ է», - գրել է թուրք քաղաքական գործիչը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդների արձագանքը: