Չնայած 150 միլիոն դոլարի ներդման բացակայությանը՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունից պնդում են, թե Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի արդեն եկող տարվա աշնանից։ Հանքարդյունաբերական ընկերությունն այժմ բանակցում է հայաստանյան բանկերի հետ անհրաժեշտ գումարը ներգրավելու համար։
Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ բանակցությունները նախատեսում են ավարտել հունվարին։ Հայկ Ալոյանն այսօր հավաստիացրեց, թե «Լիդիան»-ը շահագործման համար անհրաժեշտ մյուս 100 միլիոն դոլարն արդեն ունի, թե որտեղի՞ց նման ահռելի ֆինանսավորում, ընկերության ներկայացուցիչը չասաց։
Դեռ անցած տարի էր հայտարարվել, որ Ամուլսարի շահագործման համար անհրաժեշտ 250 միլիոն դոլարից 100 միլիոնը պետք է Եվրասիական զարգացման բանկը ապահովեր, ևս 50-ը՝ տեղական բանկերը։ 2023 թվականի մարտին այդ նպատակով ռուսական խոշոր կապիտալ ունեցող բանկը հուշագիր էր կնքել Հայաստանի կառավարության ու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։
Այսօր «Լիդիան»-ի գործադիր տնօրենն ասաց՝ իրենք են հրաժարվել 100 միլիոն դոլարի ներդրումից. - «Ամենակարևորը մեր գործում ժամկետն է»:
Բայց ինչո՞ւ հենց հիմա «Լիդիան»-ը նման քայլի գնաց, արդյոք ընկերությունում Եվրասիական զարգացման բանկի սկսած ուսումնասիրություննե՞րն են վարկից հրաժարվելու պատճառը։ Ալոյանը հերքեց ու պատճառաբանեց, թե վարկի տրամադրման ժամկետներն ու պայմաններն էին առիթը։ «Լիդիան»-ում չեն էլ սպասել Եվրասիական զարգացման բանկի ուսումնասիրություններին։
«Աշխատանքը չավարտվեց, քանի որ պարզվեց, որ ֆինանսավորման ժամկետները երկար են և մենք էդ գործընթացը կասեցրեցինք», - նշեց նա:
Ինչո՞ւ է ընկերությունը հրաժարվել Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորումից
Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանն անտրամաբանական է համարում «Լիդիան»-ի պատճառաբանությունները։ Հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է ընկերությունը հրաժարվել Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորումից, եթե անհրաժեշտ 100 միլոն դոլարը դեռ չի էլ հայթայթել։ Չի բացառում՝ հնարավոր է «Լիդիան»-ում մտավախություն են ունեցել բանկի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։
«Կարող է հասկացել են, որ ռիսկերը պետք է բացահայտվի, բոլոր դեպքերում, եթե ռեալ գումար տվող լիներ, իրենք չէին հրաժարվի», - նշեց Վարդանյանը:
Մինչ մասնագետները ռիսկեր են տեսնում Ամուլսարի հանքի ծրագրում, Էկոնոմիկայի նախարարն այսօր պնդեց՝ ռիսկերը կառավարելի են, գործադիրը դրա համար աուդիտ էր պատվիրել։ Գևորգ Պապոյանը, սակայն, չասաց, թե որ ընկերությունն է աուդիտն արել։
«Բոլոր խնդիրը կա՛մ լուծված են, կա՛մ ամբողջովին կառավարելի են», - ասաց նախարարը:
Այսօր «Լիդիան»-ը կառավարությանը նվիրեց իր 12.5 տոկոս բաժնեմասերը։ Պայմանագիրը ստորագրեցին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու «Լիդիան»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։
Ինչո՞ւ Ամուլսարը շահագործել պատրաստվող «Լիդան»-ը բաժնեմասերը նվիրեց կառավարությանը, ընկերության գործադիր տնօրենն ասում է, թե նման փորձ աշխարհի այլ երկներում էլ կա. - «Սա կարևոր է, որ նաև պետությունը կիսի պատասխանատվությունը մեծ ընկերության հետ, հա՛մ պատասխանատվությունը, հա՛մ հաջողությունը»:
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ տարիներ շարունակ բնապահպաններին էին բողոքում՝ ահազանգելով, որ այն լուրջ բնապահպանական վնասներ կհասցնի հարակից համայնքներին։ Իսկ ընկերությունից շարունակ հերքում են ռիսկերի մասին մասնագետների պնդումները, նոր աշխատատեղեր ու կայուն եկամուտ խոստանում։ Այսօր էլ «Լիդիան»-ի գործադիր տնօրենն ասաց. - «Բազմաթիվ աուդիտ ու փորձաքննություն է անցել, չունենք բացասական որոշումներ կամ հաշվետվություններ, որոնք ցույց են տալիս, որ ծրագիրն ունի ռիսկեր, որոնք կառավարելի չեն»:
Մինչդեռ միջազգային փորձագետներն են հաստատել՝ չեն կարող Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ համարել։ Ուսումնասիրություն արած «Էլարդ» ընկերության փորձագետները «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը թերի, ոչ ամբողջական ու անվստահելի էին համարել։