Քննչական կոմիտեն երեկվանից չի մանրամասնում, թե իշխանական լրատամիջոցներում հայտնված ձայնագրության փաստով հարուցված վարույթով արդյո՞ք հստակ է կասկածյալների շրջանակն ու արդյո՞ք նրանց շարքում է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Երեկ հրապարակված ձայնագրության մեջ ենթադրաբար կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը դժգոհում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, թե Գարեգին երկրորդն իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի: Այս հրապարակումներից ժամեր անց՝ վարույթ հարուցվեց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով:
Ե՞րբ և ո՞վ է արել այս ձայնագրությունը, իրավապահները չեն մանրամասնում
Ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում: Մայր Աթոռը շտապեց հանցագործություն որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը և ընդգծեց՝ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների շրջանակում իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական, ապօրինի հրահանգների իրագործմանը։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան», - նշված էր Մայր Աթոռի երեկվա հաղորդագրությունում:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում երկու հանգամանքի վրա. ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս գործով գլխավոր կասկածյալ կարող է լինել հենց կաթողիկոսն ու այս գործը հենց նրա դեմ է: Դրա համար բավական է միայն ծանոթանալ այդ ապօրինաբար կատարված գաղտնալսմանն ու քրեական այդ հոդվածին և հասկանալ իրականությունը՝ ընդգծում է փաստաբանը:
«Տեսնում ենք, որ հոդվածի բովանդակության մեջ մտնող գործողությանը միակ անդրադարձը դա խոսակիցներից մեկի, մասնավորապես, ինչպես ներկայացվում է նախկին հոգևորականի կողմից Ամենայն Հայոց Հայրապետի ուղղությամբ հնչեցված մեղադրանքն է, թե իբր Վեհափառը նրան ստիպել է, որպեսզի մասնակցի ինչ-որ հանրահավաքի: Այդ պայմաններում չասել, որ այս քրեական վարույթը նախաձեռնվել է Վեհափառի դեմ, ես համարում եմ մեղմ ասած՝ զբաղվել փարիսեցիությամբ։ Ակնհայտ է, որ դա հարուցվել է կաթողիկոսի դեմ: Տրամաբանությունը շատ պարզ է, թե այս նախաձեռնված քրեական վարույթում ով է այս պահի դրությամբ միակ կասկածյալը», - ասաց Մելիքյանը:
Չնայած սրան, Քննչականի խոսնակը երեկ շտապեց պնդել, որ վարույթը որևէ մեկի դեմ չէ, այլ՝ դեպքի, փաստի առթիվ: Բայց իրավաբանը հակադարձում է. «Այլ բան կլիներ, եթե, օրինակ, քրեական վարույթը նախաձեռներ ոչ թե նշված հոդվածով, այլ քրեական վարույթը նախաձեռնվեր ապօրինի գաղտնալսման հոդվածով»:
Ռուբեն Մելիքյանը, սակայն ընդգծում է՝ եթե 2023-ին արված այդ ձայնագրությունն իսկապես օրինական արված լիներ, ապա հենց դա կդրվեր երեկ հարուցված գործի շրջանակում: Մինչդեռ, Քննչականը գործի հիմքում դրել է տարօրինակ զուգադիպությամբ իշխանական լրատվամիջոցներում հայտնված ձայնագրությունը:
Մելիքյանի կարծիքով՝ սրան կարող է հետևել իրավապահների մուտքը վեհարան՝ կաթողիկոսի հետևից, այնպես, ինչպես արեցին օրերս նույն հոդվածով վարույթ նախաձեռնելուց հետո: Երբ մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին՝ ընտրական իրավունքին խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածներով:
Մայր Աթոռի բակն այսօր մարդաշատ էր, ոմանք եկեղեցի էին եկել, ոմանք էլ հանգիստն էին անցկացնում բակում: Հոգևորականների հետ «Ազատությանը» զրուցել չհաջողվեց: Տեր Ասողիկ քահանան փոխանցեց միայն՝ իրենց երեկվա հայտարարությունում ամեն ինչ ասված է:
«Ազատության» հետ զրուցած քաղաքացիների մի մասը մտահոգված է իշխանություն -Մայր Աթոռ լարված հարաբերություններից, մյուս մասը՝ դեմ է, որ վարչապետը խառնվի եկեղեցու գործերին:
«Իմ ցանկությունն է, որ իրար կողքի լինեն, միասնական, ուզում եմ, որ միասին լինեն, մենք էլ ուրախանանք, որ մեկ ազգ ենք, մեկ պետություն ենք», «Իրար խառնվելը լավ չի, մեկը մեկի հետ գործ չունեն, երկար իրար հետ թշնամանքը մեզ ձեռք չի տալիս, ինչքան թշնամացան իրար հետ, հարևան երկրի օգուտը եղավ սա», «Չի կարելի եկեղեցուն կպնել», - ասում են քաղաքացիները:
ՀԿ-ները իշխանությանը կոչ են անում զերծ մնալ իրավապահների վրա ազդեցությունից
Վերջին օրերին հոգևորականների, ընդդիմադիրների ձերբակալություններին են անդրադարձել մեկ տասնյակ հասարական կազմակերպությունները: Նրանք դատապարտում են իրենց խոսքով՝ քրեական արդարադատության գործիքակազմը ընտրովի, պատժիչ նպատակներով օգտագործելու դրսևորումները: Դրանք ուղեկցվում են մարդու իրավունքների խախտմամբ՝ ընդգծում են քաղհասարակության ներկայացուցիչներն ու որպես օրինակ նշում իրավապահների հասցեին կոշտ քննադատական գրառման համար կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի, իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել Աջապահյանի գործերը: Ընդգծում են, որ սա պատիժ է խոսքի արտահայտման համար: Նաև օրինակ են բերում միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի գործը, որը կրկրկն կալանքի տակ է խոսքի համար, ինչը իրավապահները որակել են իշխանութունը զավթելու կոչ:
Քաղհասարակության ներկայացուցիչները կոչ են անում իշխանությանը զերծ մնալ իրավապահների վրա ազդեցությունից ու անմեղության կանխավարկածը խախտելուց: