Մինչ իշխանականները պնդում են, թե Արագածոտի թեմում իրավապահների գործողություններն օրինական են՝ առանց քաղաքական ուղղորդվածության, ընդդիմադիրները կարծում են՝ իշխանությունից ամենաբարձր մակարդակով հրահանգ է տրվել շարունակել հոգևորականների նկատմամբ ճնշումները:
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ոչ ոք, որևէ մեկը նման թշնամական վերաբերմունք չի ցուցաբերել՝ բացի թուրքերից, ցարից և կոմունիստներից, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը համալրեց էդ ցանկը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Դաշնակցական պատգամավորի գնահատմամբ՝ Արագածոտնի թեմում և հոգևորականների բնակարաններում խուզարկությունները, նրանց բերման ենթարկելը ապօրինի են: Իշխանության նպատակն էլ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, մեկն է. - «Վարկաբեկել եկեղեցին, վարկաբեկել եկեղեցու սպասավորներին և, միգուցե մի քիչ ավելի հեռահար նպատակ՝ իր ցանկալի մի խումբ հոգևորականների կարգել իր կողմից վերահսկվող և այլևս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի կոչվելու իրավունք չունեցող կառույցի ղեկավարներ, վերահսկել նաև եկեղեցին, սա է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը մոտ հինգ ամսվա պատմություն ունի: Փաշինյանը նպատակ ունի հասնել Վեհափառի հեռացմանը, պարբերաբար հիշեցնում է՝ այդ օրակարգից չի հրաժարվել, անգամ հորդորել է Կաթողիկոսին հեռանալ ավելի շուտ, քան ինքը գործի կանցնի:
Խորհրդարանի ընդդիմադիր մյուս ուժի՝ «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ սա Մայր Աթոռի դեմ իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունն է:
«Այս հարձակման գլխավոր պատասխանատուն անշուշտ Փաշինյանն է, սակայն սրանում իրենց դերն ունի ՔՊ-ն, դրա առանձին դեմքեր, իրավապահները, ովքեր «տուն պահելու», «քաղաքականությամբ չզբաղվելու» անվան տակ դաշտ են բացում Եկեղեցու դեմ անչափ ամոթալի հարվածների և ուրացման համար», - պնդում է ընդդիմադիր պատգամավորը:
«Քաղաքացիական պայմանագրից» պնդում են, թե Արագածոտնի թեմում անօրինական ոչինչ տեղի չի ունեցել, իրավապահներն էլ հոգևորականներին հետապնդելու ցուցում չեն ստացել:
«Նորություն կամ անակնկալ չի լինի Հայաստանի քաղաքացիներից շատերի համար, եթե պարզվի, որ որոշ եկեղեցու սպասավորներ տարբեր անօրինական գործողությունների մեջկարող են ներքաշված լինել», - հայտարարեց իշխանական պատգամավոր Նարեկ Բաբայանը:
Իրավապահների այսօրվա գործողություններին նախորդել էր Արագածոտնի թեմից Տեր Արամ քահանայի՝ Հանրայինին տված հարցազրույցը, որտեղ հոգևորականը պատմել էր, թե իրեն 2021-ին պարտադրել են մասնակցել ընդդիմության հավաքներին: Այս հայտարարության առնչությամբ էլ իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն: Արտախորհրդարանական ուժերից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը տարակուսած է նախ այս փաստից:
«Ամբողջ աշխարհում իրավապաշտպանները գործում են մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում և մարդու իրավունքները պաշտպանում են պետական տարբեր ինստիտուտներից, մարմիններից, որոնք իրենց լիազորությունները անցնում են և ոտնահարում են մարդու իրավունքները: Հայաստանում չգիտես ինչու ընդհակառակն է՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցը հաղորդում է տալիս մարդկանց դեմ», - ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի գնահատմամբ՝ սա ուղղորդված գործընթաց է ընդդեմ եկեղեցու. - «Հայկական ամենամեծ լոբբիստական ինստիտուտը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վարկաբեկելու գործընթացը շարունակվում է: Եվ, ժամանակին, հիշո՞ւմ եք, Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններից հետո էր դա տեղի ունենում, հիմա հենց ընթացքում, անընդհատ դա տեղի է ունենում: Հիմա, էս իմաստով սա դատապարտելի է, ես վստահ եմ՝ մեծ հաշվով էս գործը անապագա գործ է լինելու, բայց հերթական անգամ մնալու է խարան մեր իրավապահ մարմինների վրա, թե ինչպես նրանք գործեցին»:
Մինչդեռ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը վստահեցնում է. - «Որևէ անօրինական գործողություն կամ բռնաճնշում, ինչպես քիչ առաջ ասում էին, կամ ճնշում չի կարող լինել: Իսկ թե ինչ կա, ինչ կինի, ընթացքը ցույց կտա»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը ևս աներկբա պնդեց՝ Արագածոտնի թեմում տեղի ունեցողը Կաթողիկոսին հեռացնելու սցենարի մի մասն է: