«Բացեիբաց ճնշումներ են», - հայտարարում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նրա պնդմամբ՝ հոգևորականների վրա գործեր են կարում՝ ցուցումով և իրավական խախտումներով:
«Մարդիկ տարվել էին, տեղեկություն չունեին նույնիսկ իրավաբանները, պաշտպանները՝ որտեղ են գտնվում, և եթե մեկին որպես վկա տանում են, չեմ կարծում, որ վկային խուզարկում են, հետո տանում են», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Նաթան սրբազանը:
Իսկ ինչո՞ւ իշխանավորների բռնության կոչերը իրավապահների ուշադրությանը չեն արժանանում, հարցնում է արքեպիսկոպոսը և այս ամենը հակաեկեղեցական արշավի շարունակություն համարում. - «Նույն վարչապետը որպես Հայ եկեղեցու հավատացյալ բռնության կոչ է անում, որ «կաթողիկոսին մենք կհանենք Վեհարանից»:
Կամակատարները մեկ հոգու կամքն են կատարում, պնդում է Գուգարքի թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Նա օրինականության հատիկ չի գտնում երեկ Արագածոտնի թեմի առաջնորդի ու տասնյակ քահանաների հետ տեղի ունեցածում. - «Եթե սրա մեջ իրավական հիմք փնտրես, հատիկ փնտրես, չես կարող գտնել: Կամայականություն է, հարձակում է օտար կառույցների կողմից, հանձնարարություն, տնային հանձնարարական են տվել մարդամեկին, Ալիևի հայրենակցին, և նա էլ կատարում է»:
«Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կաթողիկոսն ու եկեղեցին նույնը չեն, վարչապետը հերքում է թե իրավապահների գործողությունները իր հակակաթողիկոսական արշավի շրջանակում են: Լուրերից էլ իմացել է, որ ձերբակալությունների և խուզարկությունների հիմքում հանցագործության մասին հաղորդումն է եղել։
«Ես բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ էն գործընթացները, որոնք տեղի են ունենում, և որոնց մասին հայտարարվում է, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի և իրավական շրջանակներից: Ես դա պարզապես բացառում եմ», - ասաց Փաշինյանը:
Հրահանգ տար էլ, կատարողն ո՞վ է. -«Չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել»:
Արագածոտնի թեմի առաջնորդն ու դիվանապետը կալանավորվել են Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի հայտարարությունների հիման վրա: Նա Հանրայինի եթերում ասել էր, որ ընդդիմության ցույցերին մասնակցել է չուզելով՝ վերադասի ցուցումով, երեկ «Ազատության» հետ զրույցում բացահայտեց, թե կոնկրետ ում ցուցումով՝ նրանք հենց կալանավորվածներն են. - «Կոնկրետ ես էդ հրահանգները ստացել եմ դիվանապետից, իսկ դիվանապետը իր լիազորությունները չի կարող չարաշահել: Թեմի դիվանապետը երբ որ հրահանգները մեզ ուղարկում է, ասում է, որ սա սրբազան հոր կարգադրությունն է»:
Ենթադրվում է, որ նա այս մասին քննիչներին էլ պատմել, ըստ Քննչականի՝ Արամ քահանա Ասատրյանը հարցաքննվել է, ե՞րբ՝ այնքան էլ պարզ չէ. երեկ օրվա երկրորդ կեսին նա պնդում էր՝ իրավապահներն իրեն չեն հրավիրել. - «Ես Քննչական չեմ հրավիրվել, որևէ մեկը ինձ չի զանգել»:
Երեկ առավոտյան էլ, երբ հայտնի դարձավ, որ թեմի տասնյակ հոգևորականներ բերման են ենթարկվել, Տեր Արամը իրեն զանգահարած բոլոր լրատվամիջոցների հարցից զարմանում էր զրոյից՝ «ձեզնից լսեցի, տեղյակ չեմ». - «Եկեք փորձեմ մի հատ հասկանալ՝ ինչէ առհասարակ կատարվում, որովհետև, էսպես, առաջին անգամ լսում եմ, ու հիմա ասում եք, որ արդեն գնահատական տամ մի բանի վերաբերյալ, որ ընդհանրապես ինֆորմացված չեմ»:
Արամ քահանան վստահ է՝ ցույցերին պարտադրանքով մասնակցելու հարցը պետք է իրավապահները քննեն. - «Սա նաև կարող է հող ստեղծել այս իմաստով, որ հետագային ևս մարդիկ չկարողանան իրենց ազատ խոսքը [...] և ազատությունը կարևոր բան է մարդու համար, և մարդը պետք է ազատ լինի, Աստված մարդուն հենց ազատ է ստեղծել»:
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը բացառում է, որ պարտադրանք եղած լինի. - «Ոչ, ընտրությունների ժամանակ էլ, Մայր Աթոռից հոգևորականները գնացել են ցույցերին այն ժամանակ, երբ բախման վտանգ է եղել, և մեր հոգևորականները որպես միջնորդ պատնեշի վիճակում են եղել»:
Չէր ուզում` թող չգնար, հավելում է արքեպիսկոպոսը:
Իսկ Հովնան եպիսկոպոսն ասում է՝ հարկադրանք չէ՝ առաջարկ է եղել, և այդտեղ խնդիր չի տեսնում: Նա այն կարծիքին է, որ Արամ քահանան միացել է իշխանական արշավանքին և պատվեր է կատարում. - «Ինքը այս պահին ամեն ինչ էլ կարող է ասել: Ինքը, չեք տեսնո՞ւմ, իր նախկին գրությունները նայեք, և հիմա ինչ է խոսում՝ ամբողջը հակառակ: Օրինակ՝ մարդը գովերգում էր Կադիրովին՝ իբրև բռնապետ, գովերգում էր, ոչ թե բան էր ասում, այսօր անձամբ ինձ համեմատել է Ստալինի հետ»:
«Ինձ հաճախ ասել են, որ ես նիկոլական եմ». - Հովհաննավանքի քահանան ասում է՝ թեմի վերադասից ճնշումների է ենթարկվել հենց այս նախաբանով, այնինչ ինքը, վստահեցնում էմ բոլորի քահանան է, Փաշինյանների ընտանիքինը՝ նույնպես:
Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովը նրա հարցը քննարկել է, սակայն քահանան մասնակցել հրաժարվել է:
«Չի ներկայացել, մենք այլևս իր չներկայանալուց հետո իրեն նորից էլի, ուրեմն, այլևս շանս տալու բան չունենք», - ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Կարգապահական հանձնախմբի ատենապետ Նաթան արքեպիսկոպոսի խոսքից հասկացանք՝ Արամ քահանայի կարգալուծությունը չի ուշանա:
Իսկ ընդհանրապես արքեպիսկոպոսը հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների այս հակամարտությունում լավատեսներից է. - «Մեր ակնկալիքները միշտ էլ այն է, որ պիտի լավը լինի, վատին չենք գնա: Եթե ուզում են, որ վատ լինի, չէ, լավը պիտի լինի»:
Եվ մի լուր էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի առօրյայից. նա այսօր Արագածոտնի թեմի հոգևորականների հետ է հանդիպել՝ նրանց, որ երեկ բերման էին ենթարկվել, օրհնել է, քաջալերել, լուսանկարվել հետները: