Մատչելիության հղումներ

Տեր Արամը հերքում է իր մասնակցությունը Արագածոտնի թեմի շուրջ զարգացումներին


Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյան, արխիվ
Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյան, արխիվ

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը հերքում է իր մասնակցությունը Արագածոտնի թեմի շուրջ վերջին զարգացումներին:

«Չկամ ես իրավապահների թեմայի մեջ, իհարկե այս թեմաները, որը որ զարգացել են, զարգանում են, ես գրեթե ամիսուկես է այս ամենի մեջ եմ, բայց վերջին դեպքերի հետ կապված մասնակցություն չունեմ», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Տեր Արամը:

«Այսինքն, Դուք հաղորդում չե՞ք ներկայացրել», - այս հարցին Արամ քահանան արձագանքեց. - «Եթե մամուլով շրջանառվող լուրերին էլ հետևեք, կտեսնեք, որ Հայաստանում կան նաև [...] կազմակերպություններ, ովքեր որ հետաքրքրված են, թե ինչ է կատարվում եկեղեցու մեջ և փորձել են նաև պարզաբանումներ ունենալ և այդ հարցերը հենց իրենք են բարձրաձայնել»։

«Ես Քննչական չեմ հրավիրվել, որևէ մեկը ինձ չի զանգել, Դատախազություն չեմ գնացել: Այսինքն՝ այս ամենը առանց ճշտելու ինձ հետ կապելը, ես չեմ ուզում որակումներ տալ, բայց ճիշտ չեմ համարում, որովհետև ինֆորմացիան ևս սնունդ է, և այդ սնունդը կարող է լինել օգտակար և վնասակար», - նշեց հոգևորականը:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք Արագածոտնի թեմի առաջնորդի ճնշմամբ է մասնակցել ցույցերին, ինչի մասին հայտարարել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, թե իր կամքով չէ, որ մասնակցել է հավաքներին, Տեր Արամը պատասխանեց. - «Այստեղ կանոնները արդեն պետք է հիշել, որովհետև որևէ մեկ հոգևորական, կարծում եմ, ինքնագլուխ ցույցերի չէր մասնակցի, որովհետև մասնակցել այդ ամենին՝ կնշանակեր, մանավանդ եթե դու համազգեստով ես, դու եկեղեցին ես ներկայացնում, իսկ այս պարագային առանց թույլտվության դու եկեղեցին չես կարող ներկայացնել»։

«Այսինքն՝ թեմի առաջնորդն է եղել», - սրան Արամ քահանան արձագանքեց. - «Իհարկե, որ թեմերը որ մասնակցել են՝ հստակ հրահանգ եղել է»։

Հանրայինով իր հայտարարությունը, Տեր Արամի կարծիքով, «պիտի քննվի, ինչո՞ւ պիտի քննվի, որովհետև եթե եղել են ազատության նկատմամբ ճնշումներ՝ մարդու խոսքի, իրավունքի, և առհասարակ ընտրությունները կլինեն, ցույցերը կլինեն, դրանք այնպիսի շարժումներ են, որ մարդը գաղափարապե՛ս դրան պիտի հարի, եթե դու գաղափարապես այդ շարժմանը չես հարում, բայց այնտեղ ես, դա էլ է տարօրինակ»։

Այսօր առավոտյան իրավապահները գործողություններ են իրականացրել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում, թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և ևս երկու անձ ձերբակալվել են:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այս գործողությունները որակել է ապօրինի քրեական հետապնդում, որոնք իշխանությունների «հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի» հերթական դրսևորումն են:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG