Քանի՞ միլիոն աշխատավարձով է Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում «ծառայում» (վարչապետն էր կիրառել ծառայել բառը-խմբ.) ժողովրդին, ճի՞շտ է, որ 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում: «Ազատության» այս հարցին ՀԷՑ-ից հրաժարվում են պատասխանել: Ընկերությունից պատճառաբանել են, որ աշխատավարձի տվյալը ՀԷՑ-ն առևտրային գաղտնիք է համարում: Աշխատակցի անձնական իրավունքի տեսանկյունից էլ գաղտնի տեղեկատվություն են համարել ու հրաժարվել թիվը նշել:
«Անհրաժեշտ է արձանագրել, որ Ընկերության աշխատակցի աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը որակվում է որպես գաղտնի տեղեկատվություն մի կողմից տվյալ աշխատակցի անձնական իրավունքի պաշտպանության տեսանկյունից և մյուս կողմից՝ Ընկերության համար առևտրային գաղտնիք համարվելու տեսանկյունից: Հետևաբար, ողջ վերոշարադրյալի հիման վրա Ձեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման», - ասված է պատասխանի մեջ:
Իր աշխատավարձը հանրությունից թաքցնող Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, հրապարակում է համակարգի աշխատավարձի տվյալները՝ անտեսելով անձնական ու կորպորատիվ գաղտնիքի պահանջը: Որպես սկանդալային բացահայտում հրապարակել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը, թե տեղակալի պաշտոնում տարեկան մինչև 53 միլիոն դրամ է ստացել:
«Այս աստղաբաշխական վարձատրությունները ազդել են ժողովրդի հոսանքի սակագնի վրա»,- հայտարարել է ՔՊ-ական ժամանակավոր կառավարիչը:
Նարեկ Կարապետյանը հերքել է ժամանակավոր կառավարչին՝ աշխատավարձը կապ չունի սակագնի հետ, ՀԷՑ-ի սեփականատիրոջ՝ Սամվել Կարապետյանի միջոցներից է, ստացածն էլ փոխանցել է «Տաշիր բարեգործական» հիմնադրամին, իսկ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում «ոչ մի դրամ չի ստանում»:
«Ինչ ծախսվել է, ում տրվել է վճար, մեծ մասը Սամվել Կարապետյանն իր միջոցներով է տվել, մեր ընտրությունն իր միջոցներից է դրել, և դա սակագնի վրա որևէ ազդեցությունի չունի: Այնպիսի զարմանալի բաներ են ասում մարդկանց, որ մտածեն՝ իրենց գրպանից է դա վճարվում», - ավելի վաղ ասել էր Նարեկ Կարապետյանը:
Սամվել Կարապետյանի թիմակիցների ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջով, որ կոչվում է ՀԷՑ վերահսկողական կոմիտե, գրել են, որ Ռոմանոս Պետրոսյանն էլ այդ նույն աղբյուրից ստանում է ամսական 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ՝ հարկերով, մաքուրը՝ շուրջ 4 միլիոն՝ մոտավորապես այնքան, որքան Նարեկ Կարապետյանը:
«ՀԷՑ-ը պետք է ծառայի ժողովրդին», գրեթե ամեն օր խոստանում է Պետրոսյանը ու այդպես էլ չի հրապարակում՝ ժողովրդին ինքը քանի միլիոնով է ծառայում, ու ճիշտ է ՀԷՑ վերահսկողական կոմիտեի տվյալը:
«Դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակել, այդ սուբյեկտների ստացած տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես և իմ նշանակած թիմը հրաժարվել ենք», - ասաց Պետրոսյանը:
Այս տեղեկությունը նա հրապարակել է առանց կոնկրետ թվերի, լրագրողները համեմատելու հնարավորություն չունեն:
Մինչև ՀԷՑ-ը ՔՊ-ական Պետրոսյանը պետական համակարգում էր՝ վերահսկողական ծառայության պետն էր: ՀԷՑ նրան գործուղեց կառավարությունը՝ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց էլեկտրական ցանցերը պետականացնելու գործընթաց սկսել:
Պետականացնելու գործը ընթացքում է: Սեփականատերերը՝ Կարապետյանները, դիմել են արբիտրաժային դատարան, միջանկյալ որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավման հետագա քայլերից, բայց կառավարությունն այս պահանջը չի կատարել: