ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կմնա իր պաշտոնում միայն այն դեպքում, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դադարեցնի ընկերության լիցենզիան: Եթե լիցենզիան պահպանվի, ՔՊ-ական Պետրոսյանը ստիպված կլինի լքել պաշտոնը: Մինչ ՀԷՑ տեղափոխվելը նա Պետական վերահսկողական ծառայության պետն էր, այդ հաստիքը մոտ չորս ամիս է՝ թափուր է:
«Եթե ավարտվի զրկվելով, ապա ժամանակավոր կառավարիչի ինստիտուտը պետք է մնա և շարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերի հետ բանակցությունները չեն ավարտվել։ Եթե կարճվի, բնականաբար, ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ իր աշխատանքին, այլ աշխատանքի և սեփականատերերը կշարունակեն տնտեսվարել», - ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության լիցենզիան կդադարեցվի՞, թե՞ ոչ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով, հայտնի կդառնա նոյեմբերի 18-ին, երբ ամփոփեն ամիսներ առաջ հարուցած վարչական վարույթի արդյունքները և որոշում կայացնեն: Այսօր Հանձնաժողովի նախագահը հրաժարվեց խոսել ընկերությունում իրենց ուսումնասիրություններից:
«Քանի որ վարույթը ընթացքի մեջ է, ես բազմիցս լրագրողներին առիթ եղել է այդ մասին տեղեկացրել եմ, վարույթի ընթացքի մեջ լինելու ժամանակահատվածում ես իրավասու չեմ և իրավունք չունեմ վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, ինֆորմացիա հրապարակելու», - ընդգծեց Մեսրոպյանը։
ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու և ընկերությունն ազգայնացնելու մասին բարձրաձայնվեց այն նույն օրը, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց՝ ինքն էլ իր ձևով կմասնակցի եկեղեցու պաշտպանությանը: Այդ հարցազրույցից հետո գործարարը իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով հայտնվեց ճաղերի հետևում, իսկ նրան պատկանող Էլեկտրական ցանցերը վարչապետը խոստացավ պետականացնել:
Շաբաթներ անց իշխող խմբակցությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություն, որով ՀԷՑ-ի կառավարումն անցավ գործադիրին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն այնտեղ ժամանակավոր կառավարիչ նշանակեց ՔՊ-ական առանցքային անդամներից Ռոմանոս Պետրոսյանին: Ու թեև Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը պահանջել էր զերծ մնալ ՀԷՑ-ում որևէ փոփոխությունից մինչև ընկերության վերաբերյալ վերջնական որոշումը, կառավարությունը միևնույն է այն չկատարեց:
Մեսրոպ Մերսոպյանը ամիսներ առաջ դիմել էր միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչին, որպեսզի արբիտրաժի միջանկյալ որոշման վերաբերյալ մասնագիտական կարծիք ստանար: Գրասենյակից ասել էին՝ այդ որոշումը ենթակա է պարտադիր կատարման, պաշտոնյային այսօր հարցրինք՝ ինչո՞ւ անգամ դրանից հետո չկատարեց միջազգային դատարանի որոշումը. «Դա այն հարցերի շարքին է պատկանում, որին այս պահին իրավասու չեմ պատասխանելու»։
Մինչ նախկին ՔՊ-ական, այժմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, թե ՀԷՑ-ի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն վարույթի արդյունքներն ամփոփելուց հետո, վարչապետն առանց դրա էլ անցած ամիս հայտարարել է՝ գործընթացն անկասելի է, կա երկու սցենար՝ կա՛մ ՀԷՑ-ը ազգայնացվում է, կա՛մ բաժնետոմսերը փոխանցվում են էներգետիկ ոլորտի միջազգային ընկերության:
Ընկերության լիցենզիայի դադարեցման դեպքում Կառավարությունն ունի՞ ֆինանսական անհրաժեշտ միջոցներ, որպեսզի գնի ՀԷՑ-ը, տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքում է առանց երկմտելու. «Եթե այդպիսի բան լինի, կառավարությունը ունի և կարող է միջոցներ ներգրավել»:
Թե ինչքան են ընկերության սեփականատերերը գնահատում այն, հայտնի չէ, բայց կալանավորված միլիարդատիրոջ փաստաբանական թիմը 500 միլիոն դոլար փոխհատուցման պահանջով դիմել է արբիտրաժային դատարան: Սա Հայաստանի պետբյուջեի ավելի քան 5 տոկոսն է: