Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հետ կոնֆլիկտը, ըստ Փաշինյանի, քաղաքական առումով ավարտված է, սոցիալ-հոգեբանորեն՝ ոչ


30 և ավելի տարվա սոցիալ-հոգեբանությունը մի երևույթ չէ, որ ուղղակի կարելի է անջատիչը անջատելով և արգելակները քաշելով կանգնեցնել, այսօր Օրբելի ֆորումի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին:

«Հետևաբար այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, արտահայտվում է մամուլում, արտահայտվում է հանրային շրջանակներում, արտահայտվում է փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում, և մենք պետք է նաև այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք», - ասաց նա:

Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել էր, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ընդգծելով՝ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Իլհամ Ալիևը նաև շեշտել էր, թե 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ «տարածքում գրեթե բոլոր տեղանունները, ասօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա»:

Հայաստանի վարչապետն այսօր ընդգծեց՝ 30 և ավելի տարվա կոնֆլիկտը մի բան չէ, որ հնարավոր է արգելակի արգելակի լծակի գործադրումով կանգնեցնել: Սակայն, նրա համոզմամբ՝ քաղաքական առաջնորդությամբ դա հնարավոր է կանգնեցնել:

Կոնֆլիկտն, ըստ վարչապետի, քաղաքական առումով ավարտված է:

«Այս խաղաղությունը մեր ձեռքերով ստեղծված խաղաղություն է՝ Հայաստանի և Ադրբեջանի, և սա այն առաջին ընդհանուր արժեքն է, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ ստեղծել են», - նշեց Փաշինյանը:

XS
SM
MD
LG