Իլհամ Ալիևն այսօր կրկին հայտարարել է՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ընդգծելով՝ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը՝ Ադրբեջանի առաջնորդը պնդել է՝ իր ժողովուրդը «որոշների նման» անջատողականության հակված չէ և ծաղկեցնում է այն հողը, ուր բնակվում է։
«Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է, և այսօր էլ ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում և չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը», - հայտարարել է Ալիևը:
Խոսելով վերադարձի մասին՝ Ադրբեջանի նախագահը կրկնել է նախկինում հնչեցրած իր միտքը, թե ադրբեջանցիները Հայաստան պետք է վերադառնան «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով»։ Միայն թե այս անգամ Ալիևը հատուկ հանձնարարական է տվել ադրբեջանցի գիտնականներին ու պետական կառույցներին՝ «աշխատել դրան հասնելու համար»։
«Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, ասօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա», - ասել է Ալիևը:
Չնայած խաղաղության մասին հայտարարություններին ու Վաշինգտոնում անցած օգոստոսին ստորագրված փաստաթղթերին՝ Ադրբեջանի նախագահը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին ու պնդել, թե Ադրբեջանը 44- օրյա պատերազմում տարել է աննախադեպ, «փայլուն, ամբողջական և բացարձակ հաղթանակ»։
«Մեր գիտնականները պետք է աշխատեն պատմական ճշմարտությունները տարածելու ուղղությամբ», - նշել է Ալիևը, որի խոսքով՝ Ադրբեջանը դարերի պատմություն ունի, իսկ հայերը Իրանից են բերվել՝ ռուսների ձեռքով. - «Մենք չենք ստեղծել այս քարտեզները. դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից բերել, վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք»։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, որ ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսում է զուտ Ղարաբաղ հայերի վերադարձի պահանջներին ի պատասխան, այսօր էլ պնդել է՝ Իլհամ Ալիևը շարունակում է այդ հայտարարությունները ներքին լսարանի համար։ Ալեն Սիմոնյանը այդ ելույթում վտանգներ չի տեսնում, հիշեցնում է՝ Ալիևը մտադիր է ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով վերադառնալ։
«Դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է: Բայց, միևնույն ժամանակ, ասում եմ՝ մարդը, դուք որ ասում եք, որ «գրավելու ենք», բան, ընդհակառակը՝ ես էնտեղ տեսնում եմ, որ ասում է՝ «մենք, պատերազմով չի էդ հարցը լուծվելու, մեքենաներով, ոչ թե տանկերով»: Էդ նախադասությունը հո ես հիմա ստեղ չհնարեցի», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
Ներքին լսարանի համար առաջնորդի կողմից հնչեցվող այս ելույթները կամ պետական կառույցներին տրվող հանձնարարականները վտանգավոր չե՞ն, հարցին Հայաստանի պաշտպանության նախարարն այսօր չարձագանքեց։ Սուրեն Պապիկյանն ասաց՝ Ալիևի այսօրվա ելույթը չի լսել, բայց դատելով նախորդներից ու սահմանի իրավիճակից, կարող է պնդել՝ խաղաղությունը հաստատված փաստ է։
«Էն, որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից հետո իջել է, փոխվել է, և դա տեսանելի է նաև սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար, դա փաստ է: Եվ երբ մենք խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենևին հորինված չէ, դա իրականություն է», - հայտարարեց Պապիկյանը:
Ի դեպ, Բաքուն «հաստատված խաղաղության պայմաններում» պատրաստվում է այս շաբաթ կրկին տոնական միջոցառումներ կազմակերպել՝ հայկական կողմի դեմ հաղթանակը նշելու համար։ Նոյեմբերի 8-ին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանում հաղթական շքերթ կանցկացվի՝ 44-օրյա պատերազմի 5-րդ տարեդարձի պատվին, որին մասնակցելու համար Բաքու կժամանեն նաև մերձավոր դաշնակիցները՝ Թուրքիայի նախագահն ու Պակիստանի վարչապետը։