Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը հայտնել է, որ սեղմում է օղակը Պոկրովսկում ուկրաինական զորքի շուրջ


Ռուսական բանակը, ըստ տարբեր աղբյուրների, վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի մեծ մասը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեղմում է օղակը Պոկրովսկում ուկրաինական զորքի շուրջ, հարևան գյուղերը նույնպես իրենց հսկողության տակ են:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի հաստատում տեղեկությունը՝ նշելով, որ ամեն օր մի քանի տասնյակ գրոհներ են հետ մղում:

Ռազմական փորձագետ Պավել Լակիյչուկը «Ազատության» «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ Պոկրովսկը շատ կարևոր կետ է, քանզի ապահովում է պաշտպանական գծի ամրությունը: Եվ եթե ռուսական զորքը գրավի քաղաքը, դա նրանց համար ուղիղ ճանապարհ կբացի դեպի հարակից քաղաքներ:

«Եթե մենք կորցնենք Պոկրովսկն ու Միրնոգրադը, ապա ռուսական զորքն ուղղություն կվերցնի դեպի Կոնստանտինովկա, Դրուժկովկա և Կրամատորսկ», - նշել է փորձագետը:

«Ռազմաճատակի բոլոր մարտերի մոտ 30 տոկոսը տեղի է ունենում Պոկրովսկում». Զելենսկի

Ուկրաինայի նախագահը երեկոյան անդրադարձել է Պոկրովսկում և հարակից բնակավայրերում տիրող իրավիճակին: Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական զորքը մեծ ուժեր է կուտակել այնտեղ և ինտենսիվ հրետակոծում է քաղաքը, որտեղ, ուկրաինական գնահատականներով, ներթափանցել է մոտ 300 զինվոր: Չնայած դրան, ռուսական զորքը վերջին օրերին հաջողություններ չունի այնտեղ, ասել է նա:

«Ռազմաճատակի բոլոր մարտերի մոտ 30 տոկոսը տեղի է ունենում Պոկրովսկում։ Ռուսաստանի կիրառած կառավարվող ռումբերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում Պոկրովսկին։ Այսինքն՝ հասկանում եք, թե որքան դժվար է մեր տղաների համար», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ իրավիճակը դժվար է նաև հարևան Դոբրոպիլիայում, թեև այստեղ, ըստ նրա, ռուսական զորքն ամբողջությամբ կորցրել է նախաձեռնությունը:

Գերագույն ռադայի ընդդիմադիր պատգամավոր Մարիանա Բեզուգլան հայտարարել է, որ Զելենսկին բացահայտ ստում է Պոկրովսկում և Կուպյանսկում տիրող իրավիճակի մասին. «Եթե այս սուտը նրա կողմից տեղեկատվական մտածված գործողություն լիներ, իսկ որոշումները կայացվեին իրական, ստուգված տեղեկությունների հիման վրա... Բայց մեզ մոտ որոշումները կայացվում են նույն այս փտած ստերի հիմա վրա»:

Ռուս ռազմական վերլուծաբան Յան Մատվեևը «Ազատության» «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ առայժմ ոչինչ չի վկայում, որ ռուսները վերահսկում են Պոկրովսկի մեծ մասը: Ըստ նրա՝ նախկինում ռուսները մեծ քաղաքներ գրավելիս դրոշներով լուսանկարվում էին քաղաքի տարբեր մասերում, տեսանյութեր պատրաստում փողոցներում, ինչը վկայում էր, որ այդ տարածքները համեմատաբար անվտանգ են նրանց համար: Մինչդեռ հիմա հրապարակված կադրերն արված են միայն անօդաչուներից, ինչը չի վկայում, որ քաղաքն ամբողջությամբ նրանց վերահսկողության տակ է:

«Միակ տեսանյութը, որ կա, ըստ ամենայնի հարավային ծայրամասերում է արված, որտեղ ռուս զինվորականները երկու-երեք խաղաղ բնակչի են ինչ-որ տեղ տանում: Իսկ որ նրանք դիրքավորվել են հարավային թաղամասերում, դա մինչ այդ էլ հասկանալի էր», - ասել է Մատվեևը:

Ռուսական և ուկրաինական կողմերը գիշերը շարունակել են հարվածել միմյանց

Ռուսական զինուժը գիշերը շարունակել է հարվածները ուկրաինական տարբեր շրջաններին, այդ թվում՝ Օդեսայի էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքներին: Դնեպրոպետրովսկում սպանվել է մեկ, վիրավորվել 11 մարդ, վեց մարդ էլ վիրավորվել է Խարկովում:

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքում գտնվող քիմիական գործարանին: Ուկրաինական անօդաչուների պատճառով մի շարք քաղաքների, այդ թվում՝ Կազանի, Ուֆայի, Վոլգոգրադի և Սարատովի օդանավակայանները գործում են սահմանափակումներով: Նիժնի Նովգորոդի օդանավակայանում չվերթները դադարեցվել են։ Ուկրաինական անօդաչուն հարվածել է Կուրսկի Ռիլսկ քաղաքի էլեկտրաէներգիայի ենթակայանին, մոտ 16,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG