Հերթական կառուցապատողից դժգոհ բնակիչներն էին օրերս բողոքով հասել քաղաքապետարան: Մինչև հիմա հստակ պատասխան չունեն՝ երբ կաստանան իրենց բնակարանների բանալիները, որ ըստ պայմանագրի՝ ավելի քան երկու տարի առաջ պետք է ստացած լինեին:
Շենքի կառուցապատողը «Մամիկ» ընկերությունն է, սեփականատերը՝ Ազգային ժողովի Հանրապետական նախկին պատգամավոր, «ճոյտ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը: Նրան հարցրինք՝ ինչո՞ւ է շենքի հանձնումն ուշացնում, ի՞նչ խնդիր կա, ասաց՝ հանգուցյալ հոր ծնունդն է այսօր, չի կարող հարցերին պատասխանել: Երբ ասացինք, որ ռեպորտաժն այսօր է հեռարձակվելու, ու այլ օր չենք կարող զանգահարել, այսպիսի պատասխան ստացանք. - «Չես կարա հաջողություն»:
Բնակիչներն էլ են ասում՝ իրենք վերջին շրջանում չեն կարողանում Հակոբյանին հանդիպել, իսկ նախկինում միշտ նույն պատասխանն են ստացել. - «10 անգամ հանդիպել ենք, 10 անգամ խաբել ա, գնացել ա: Շատ լավ հարաբերությունն ա, գալիս ա, ջան-ջիգյար, հա, հեսա կլինի ու կորում ա, գնաց»:
98 բնակարան ունեցող 18 հարկանի շենքն Արաբկիր վարչական շրջանում է: Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանն «Ազատությանն» ասաց՝ կառուցապատողն է խախտել ժամկետները, եթե վերջնական փաստաթղթերով դիմի ավարտական ակտի համար, քաղաքապետարանը գործընթացը կարագացնի:
Բնակիչները տարբեր առիթներով լսել են, որ քաղաքապետարանի պաշտոնյաներն ասում են՝ իրավական պարտավորություններ այսպիսի դեպքերում իրենք չունեն: Բայց նաև հիշեցնում են՝ այդ շենքերը Երևանում են կառուցվում, հետևաբար քաղաքապետարանն անելիք ունի՝ շինթույլտվությունից սկսած մինչև ընթացիկ վերահսկողություն:
Ի՞նչ է անում քաղաքապետարանը, որ խնդիրը լուծվի
Ինչո՞ւ են Երևանում բազմահարկ բնակելիներ կառուցող շատ կառուցապատողներ բնակիչներին այսպիսի փաստի առաջ կանգնեցնում, ի՞նչ է անում քաղաքապետարանը, որ խնդիրը լուծվի: Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց՝ անցած տարվանից արդեն կառուցապատողներին տարվա ընթացքում մեկ անգամ հնարավորություն են տալիս ավարտական ակտին դիմելու ժամկետը երկարացնելու համար չվճարել, դրանից հետո քանի անգամ դիմեն կտուգանվեն:
Կոնկրետ այս դեպքում, եթե «Մամիկ» ընկերությունը ևս մեկ անգամ ուշացնի, ապա ստիպված կլինի 300 միլիոն դրամ վճարել:
Տուրքերն էլ խնդիրը չեն լուծում՝ դժգոհում են բնակիչները, որոնցից մեկն արդեն հստակ որոշում ունի. - «Երևի սա իմ առաջին ու վերջինը կլինի, որ ինչ-որ կառուցապատողից տուն կգնեմ, ավելի լավ ա երկրորդական շուկայից առնեմ: Կառավարությունը դա էր անընդհատ ասում՝ եկամտահարկի վերադարձ, շինարարությունը լայն տեմպով զարգանա, տնտեսության զարգացում և այլն, բայց զուգահեռ դրան պետք էր մտածել, որ ժողովուրդն էդ ամեն ինչը վստահելով, անելով պետության մեջ է անում չէ: Եկեք հասկանանք, որ մենք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում տուն ենք առել ու ցանկանում ենք մեր բնակարանը»: