Մատչելիության հղումներ

Գայի պողոտայի մի քանի շենքերի միակ խաղահրապարակը կարող է շինհրապարակի վերածվել. բնակիչները բողոքում են


Նոր Նորք վարչական շրջանի՝ Գայի պողոտայի մի քանի բազմաբնակարան շենքերի միակ խաղահրապարակը կարող է մոտ ապագայում շինհրապարակի վերածվել։ Բնակիչներն օրերս են պարզել՝ տարածքի նոր սեփականատերը մտադիր է տեղում 18 հարկանի բազմաբնակարան կառուցել։

Շինթույլտվություն ստանալու համար կառուցապատողն արդեն դիմել է քաղաքապետարան։ Երեկ լարված մթնոլորտում Նոր Նորքի համայնքապետարանում հանրային առաջին լսումն է անցկացվել։ Բնակիչները քննարկմանը ներկայացել էին երեխաների հետ միասին։ Ասում են՝ եթե շենք կառուցվի, երեխաները կկորցնեն իրենց միակ խաղահրապարակը։

Բնակիչները վրդովված են՝ ինչպե՞ս է անմիջապես բնակելի մի քանի շենքերի մոտ գտնվող միակ ազատ տարածքն օտարվել մասնավորին, ի՞նչ օրենքի ու որոշման հիման վրա։ Կարծում են՝ 18 տարի առաջ՝ քաղաքապետ Երվանդ Զախարյանի պաշտոնավարման տարիներին, ապօրինի գործարք է եղել:

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ստեփան Բադալյանը, ով վիճահարույց հողատարածքի հարևանությամբ է ապրում, ասում է՝ այս վայրում դեռ 90-ականներին պետությունը ցանկացել է կառուցապատում իրականացնել, մասնավորն էլ՝ տարիներ առաջ, սակայն նրանց չի հաջողվել հենց նաև բնակիչների ճնշման արդյունքում։

Բադալյանն ու մյուս բնակիչները տեղում ցանկանում են բարեկարգ այգի տեսնել, կանաչապատ տարածք։ Տարածքը, սակայն, տարիներ շարունակ անբարեկարգ է, տեղում ընդամենը մի քանի մարզասարք կա՝ այն էլ անսարք։

«Այստեղ կարող է լինի տիպային ֆուտբոլի դաշտ ցանկապատած, կողքը լինի մարմնամարզության գեղեցիկ հրապարակ՝ մեծահասակների ու փոքրերի համար: Հաջորդը՝ էս հրապարակը պետք է ծառերով Գայի պողոտայից առանձնանա», - ասաց Բադալյանը:

Անհանգիստ են՝ տարածքում շենք կառուցելու դեպքում հնարավոր չի լինի պահպանել քաղաքաշինական մի շարք նորմեր՝ անհրաժեշտ կանաչապատ տարածք չի լինի, հակահրդեհային նորմերը չեն պահպանվի։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էլ պնդում է, թե ինքն էլ կցանկանար նորակառույցի փոխարեն բարեկարգ, կանաչապատ տարածք տեսնել։ Խոստանում է կառուցապատողի հետ քննարկել ու լուծումներ գտնել: Ըստ նրա՝ տարածքը 2007 թվականին սեփականաշնորհվելուց հետո մի քանի անգամ սեփականատեր է փոխել։

«Կլինի հանդիպում երևի վարչական շրջանում, բնակիչներից 5-10 հոգանոց դելեգացիայով կհանդիպենք հողի սեփականատիրոջ հետ, դրանից հետո կհասկանանք՝ ոնց ենք կարողանում էդ խնդրին լուծում տալ», - ընդգծեց Տիգրան Տեր-Մարգարյանը:

Ծրագրի ճարտարապետ Գեորգի Միրզոյանը երեկ հանրային լսման ընթացքում պնդում էր՝ կառուցապատողը որևէ խոչընդոտ չունի տարածքում շինթույլտվություն ստանալու դեպքում շինարարություն սկսել։

Կառուցապատող Սամվել Սահակյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ զայրացած բնակիչներն ասում են՝ կպայքարեն իրենց իրավունքների համար, անգամ դատարան կհասցնեն հարցը, եթե այն առաջիկայում լուծում չստանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG