Պարույր Սևակ 1/7 հասցեում շենքը 2019-ից կառուցում է ԳԱԱ-ի «գիտության զարգացման հիմնադրամը»:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող շուրջ 3000 քառակուսի մետր տարածքը կառավարությունը դեռ 2013-ին է հատկացրել ակադեմիային, որ գիտնականների բնակարանային պայմանները բարելավելու համար բնակելի շենք կառուցվի:
Կառուցապատող «Գիտության զարգացման հիմնադրամ»-ի նախագահը ԳԱԱ-ի փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանն է: Բողոքով իր աշխատասենյակ մտած բնակիչներին ասաց՝ ֆինանսական միջոցների պակաս կա, բայց շինարարի հետ քննարկում են, որ շենքի հասարակական տարածքները վաճառեն ու դրանով ավարտեն պակաս գործերը, բնակարանները հանձնելիս էլ սեփականատերերի վերջին գումարը՝ 10 տոկոսը կստանան: Գիտաշխատող Գևորգ Մարտիրոսյանն ասում է՝ ամեն անգամ մի նոր խոստում են լսում, իսկ ինչո՞ւ սա շուտ չէին անում:
Քանի որ կառուցապատող «Գիտության զարգացման հիմնադրամը» պայմանագիրն այնպես է կազմել, որ ինքը բանկում կողմ չներկայանա, բարձր աշխատավարձով աչքի չընկնող գիտնականները կանխավճարներն ու մաս-մաս վճարվող գումարները կառուցապատողին տալու համար կամ իրենց տներն են վաճառել, իսկ ով էլ տուն ունի, հենց դա է գրավադրել: Գևորգը նրանցից մեկն է, հիմա և՛ իր տունն է բանկում գրավի տակ, և՛ նոր բնակարանը, որն արդեն 3 տարի է չի կարողանում ստանալ, բայց ամեն ամիս վարկ է մուծում: Հարցին՝ ինչո՞ւ այդ պայմանով որոշեց տուն գնել, պատասխանեց՝ հարազատ ակադեմիան էր կառուցապատողը, կասկածներ չունեին:
«Մանր գրած կետերը, որոնք իսկապես խնդիր կարան առաջացնեն, մարդիկ կան, որոնք կարդացել են, եկել են, բողոքել են, իրենց պատասխանը եղել է՝ չեք ուզում ուրիշները կվերցնեն: Ինքս կենսաբան եմ ու ոնց որ հնարավոր է՝ ես իրավաբանությունից այդքան ուժեղ լինեմ, ու բարի պետք է լինի կառուցապատողը, ավելի շուտ ինքը պետք է պարտականություն կրի ճիշտ պայմանագիր կնքելու մեջ, որովհետև դա մի քիչ խաբեություն է դուրս գալիս», - ասաց Մարտիրոսյանը:
Նարինե Մանուկյանն էլ ծնողների բնակարանն է բանկում գրավ դրել՝ հարազատ ակադեմիայի հիմնադրամին վստահելով:
«Մութ պատմություններ են», - ասում է նա, բայց նեղսրտում, գիտնական են հո իրավաբան չե՞ն, որ պայմանագրերի իրավական բարդ տերմինները վերծանեն: Այդ պայմանագրով՝ որտեղ ի դեպ կառուցապատողի մասով տույժ տուգանքի տող անգամ չկա, դատարան չեն կարող գնալ:
«Չկա՞ մի մարմին, որ բռնի այսպիսի կառուցապատողների ձեռքը, որ մարդկանց ծուղակը չգցեն ու թողնեն կոտրած տաշտակի առաջ», - հարցնում են գիտնականներն ու խնդրում վարչապետին, որ գոնե այս անգամ իրենց խնդրանքը չանտեսի ու հետամուտ լինի, որ ի վերջո իրենք նոր տուն մտնեն:
Հիմնադրամն էլ իր հերթին է նամակ գրել վարչապետին, խնդրում է, որ կառավարության առաջիկա նիստերից մեկում իրենց հատկացնեն այն շուրջ 90 տոկոս քմ-ն, որը վերացրել են ակադեմիայի մի այլ մասնաշենքից: Եթե ոչ՝ ապա շենքը մուտք չի ունենա, ասում են, քաղաքապետարանը 2018-ին հենց այդպես էլ հաստատել է իրենց շենքի շինթույլտվության նախագիծը: ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն «Ազատությանն» ասաց՝ հիմնադրամն Ակադեմիայից անկախ կառույց է, բնակիչների խնդիրներին ծանոթ է, առաջիկայում նորից կհանդիպի նրանց, հաշվետվություն կպահանջի հիմնադրամից:
Ակադեմիայում բնակիչների հետ հանդիպմանը ներկա էր նաև շինարարը, որը բնակիչները հարցերին պատասխանեց պայմանով, որ «Ազատությունը» լքի տարածքը ու չնկարահանի իրեն։