37 տարի առաջ հենց այս օրը սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը։ Արդեն երկրորդ տարին օրը դարձել է զուտ հուշ. Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ է, ռազմական ու քաղաքական ղեկավարները՝ Բաքվի բանտում, տեղահանված արցախցիների վերադարձի պահանջ պաշտոնական Երևանը չի դնում:
«Կորցրինք ոչ միայն տարածքը, ոչ միայն այդ ժողովրդին, այլև միջազգային սեղանի շուրջ նստելու մեր իրավունքը և գործիքները, խաղաքարտերը: Արկածախնդիր քաղաքականություն իրականացնելու պրակտիկան շարունակվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, որ կարոտով ու ափսոսանքով է հիշում լեփ-լեցուն հրապարակը, շարժման խորհրդանիշ համարվող շեփորի ձայնը, հումանիզմն ու պրագմատիզմը։
1988թ.-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստը որոշում ընդունեց դիմել Երևանին և Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով։ Որոշումից հետո նույն օրը Երևանում արցախահայությանն աջակցող ցույց սկսվեց։ Դրանով փաստացի սկսվեց Ղարաբաղյան շարժումը:
«Ոչ միայն պետություն ստեղծվեց, այլև պետությունն ընդարձակվեց: Հետսովետական բոլոր երկրներից միայն Հայաստանը պլյուս տարածքով դուրս եկավ», - նկատեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը:
37 տարի անց Հայաստանը կանգնած է նոր սպառնալիքների, կորստի նոր վտանգի առջև, շարունակեց Արամ Մանուկյանը՝ փաստացի Արցախի էջը փակված համարելով. «Իսկ ո՞վ է գնալու Ղարաբաղ, ո՞վ է գնալու Ադրբեջանի բանակում ծառայելու, այսօր դա հնարավո՞ր է: Իսկ այդ ղարաբաղցիներն այսօր մնացի՞ն Հայաստանում, չէ՞ որ նրանց քշեցին նաև Հայաստանից, ինչո՞վ պահեցինք մենք այդ մարդկանց այստեղ:
<> Այն քաղաքականությունը, որ այսօրվա իշխանությունն իրականացնում է, միայն ու միայն զիջողականության քաղաքականություն է, ընդ որում ոչնչի դիմաց»:
Հնարավորություն, այդուհանդերձ, դեռ փորձում են տեսնել տեղահանված արցախցիները: Առավոտյան «Եռաբլուրում» էին Արցախի նախկին պաշտոնյանները, պատգամավորները։
Արցախի խորհրդարանի նախկին փոխնախագահ Գագիկ Բաղունցը կարևոր է համարում արցախցիների մեջ պահել հայրենիք վերադարձի գաղափարը: Թե ինչպես, պատասխանը դեռ չի ուրվագծվում։
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանն էլ հույս ունի, որ արցախցիների վերադարձի իրավունքը միջազգային օրակարգում տեղ կգտնի։
«Արցախը կա, լինելու է՝ անկախ նրանից, թե որ իշխանությունն ինչ է արել Արցախի գլխին, նրանք պատասխան են տալու», - նշեց նա:
«Ազատության» տեսախցիկն այսօր «Եռաբլուրում» չնկատեց Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի։ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստի ժամանակ որևէ անդրադարձ չարեց օրվա խորհրդին։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.