Մատչելիության հղումներ

«Փաշինյանը գլխիվայր շուռ է տվել գիտական տերմինները». ազգագրագետը վարչապետի գաղափարախոսության մեջ Կոմկուսին բնորոշ տարրեր է տեսնում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով, Երևան, 19-ը փետրվարի, 2025թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով, Երևան, 19-ը փետրվարի, 2025թ.

«Եվ այսպես, նախագիծ՝ «Իրական Հայաստանի» գաղափախոսության»: Իրավական ի՞նչ ճակատագիր ու կարգավիճակ կունենա վարչապետի հրապարակած «Իրական Հայաստանի գաղափարախոսության» նախագիծը:

Նիկոլ Փաշինյանը երեկ մեկ ժամ տևած ուղերձում այդպես էլ որևէ բան չասաց այդ մասին: Նրա ելույթից հետո միայն խոսնակը տեղեկացրեց, թե Կառավարության ղեկավարի պաշտոնական էջում հրապարակվել է «Իրական Հայաստանի գաղափարախոսության» նախագիծը, որի վերաբերյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել հատուկ այդ նպատակով ստեղծված՝ RealArmenia@gov.am էլեկտրոնային հասցեին։

Արդյո՞ք վարչապետի «Իրական Հայաստանի գաղափարախոսության» նախագիծը կարող է տեղ գտնել նոր Սահմանադրության նախագծում կամ փոխարինել Անկախության հռչակագիրը. «Ազատություն»-ը գրավոր հարցմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին, պատասխան դեռ չի ստացել:

«Իմ պատկերացումն ու առաջարկն է էդպիսին, որ այս գաղափարախոսությունը որդեգրվի, ինչից հետո, կամ հընթացս պետք է դա արտահայտվի մեր հանրային պետական կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն», - երեկ իր ուղերձում հայտարարեց վարչապետը:

14 կետից բաղկացած «Իրական Հայաստանի գաղափախոսության» նախագծում Փաշինյանը նշում է, որ հայրենիքը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն է:

«Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգային ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով», - ընդգծեց վարչապետը:

Ապա Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշում համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը, քանի որ, ինչպես նա է հիմնավորում, «Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս». - «Քաղաքացիների շրջանում չկա էն ընկալումը, որ սա իրե՛նք են ընդունել, իրե՛նք են քվեարկել»:

Ի դեպ, Հայաստանի Մայր օրենքում տեղ գտած Անկախության հռչակագրում հիշատակում կա Հայաստանի հետ Արցախի վերամիավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին: Սահմանադրությունից այս դրույթների դուրսբերումը Բաքվի սկզբունքային պահանջներից մեկն է, որի մասին Ադրբեջանը խոսում է գրեթե ամենօրյա ռեժիմով: Որևէ խոսք չասելով Ադրբեջանի այս պահանջի մասին՝ Փաշինյանն ընդամենը հպանցիկ նշեց, թե այս հարցը թեև շահարկվում է, բայց ինքը Սահմանադրության փոփոխության մասին խոսել է դեռ 2020 թվականից:

Սակայն վարչապետը երեկ խոսեց պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից ազատվելու մասին. - «Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»:

Սահմանադրությունը փոխելուց, պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից ազատվելուց բացի, Փաշինյանն իր առաջ քաշած նախագծում նաև որոշել է թվարկել, թե որոնք են ազգային արժեքները՝ պատճառաբանելով, որ թեև շատ են հղում անում ազգային արժեքներին, սակայն դրանք որևէ տեղ թվարկված չեն: Ի դեպ, վարչապետն ազգային արժեք է համարել ոչ միայն Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, այլև Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիները:

Մինչդեռ Հայաստանի Սահմանադրության մեջ նշվում է՝ պետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Մյուս եկեղեցիների մասին որևէ խոսք չկա: Դատելով Փաշինյանի ներկայացրած այս նախագծից՝ կարելի է ենթադրել, որ այս փոփոխությունը ևս գուցե տեղ գտնի նոր Սահմանադրության նախագծում:

«Հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ազգային արժեքներն են՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին, քրիստոնեությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Գլխիվայր շուռ են եկած ընդունված հասկացողությունները»

Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի համոզմամբ, Փաշինյանը տարբեր տերմինների վերաբերյալ շարադրել է իր մտքերը՝ հաշվի չառնելով այդ ամենի մասին արդեն իսկ գիտականորեն հաստատված սկզբունքները:

«Գլխիվայր շուռ են եկած ընդունված հասկացողությունները», - «Ազատության» հետ զրուցյում նշեց Խառատյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան, արխիվ
Ազգագրագետ Հրանուշ Խառատյան, արխիվ

Ազգագրագետը խնդրահարույց է համարում «հայրենիքը պետությունն է» Նիկոլ Փաշինյանի լոզունգը, որովհետև հայրենիքը միայն իրավական տերմին չէ: Խառատյանի խոսքով՝ հայրենիքը ծագումնաբանական, պատմական, մշակութային ամբողջություն է, և հայերի հայրենիքի ընկալումը ներառում է նաև Արևմտյան Հայաստանը, Արցախը, ընդհուպ՝ Կիլիկիան:

Գիտնականը նաև չի հասկանում ազգ և ժողովուրդ տերմինների կամայական ձևակերպումները՝ նշելով, որ դրանց շուրջ արդեն իսկ 200 տարի աշխարհում կոնսենսուս կա, և որ դրանք Փաշինյանը գլխիվայր շուռ է տվել՝ նշելով, թե ազգը էթնիկ հավաքականությունն է, իսկ ժողովուրդը՝ Հայաստանի քաղաքացիները: Ազգագրագետը հարցնում է՝ այդ դեպքում, Փաշինյանի տրամաբանությամբ՝ Հայաստանում ապրող ոչ հայ քաղաքացին ո՞վ է:

Հրանուշ Խառատյանն ասում է՝ ամբողջ աշխարհում ընդունված է, որ ազգը որևէ երկրի քաղաքացիների ամբողջությունն է՝ անկախ նրանց էթնիկական ծագումից:

«Էդ դեպքում մենք միջազգային հանրության հետ խոսելիս պետք է ամեն անգամ ճշտենք, թե մենք ազգ ասելիս ինչ ենք հասկանում, որովհետև ամբողջ միջազգային և՛ քաղաքական, և՛ մշակութային լեզուն կառուցված է ճիշտ հակառակ տրամաբանության վրա», - ընդգծեց ազգագրագետը:

«Իմ բանաձևը ձեզ երջանկության է տանելու»

Արդյոք միատարր գաղափարախոսության նկրտումներ չկան այս նախագծում՝ հաշվի առնելով նաև այն, որ ինչպես Փաշինյանն է նշել՝ այս գաղափախոսությունը պետք է առաջնորդող լինի ոչ միայն Կառավարության, այլև յուրաքանչյուր քաղաքացու համար: Ազգագրագետն ասում է, որ ոչ միայն Կոմունիստական կուսակցությունը, այլև ավտորիտար ու բռնապետական երկրների քաղաքական ռեժիմները և առաջնորդները փորձում են հասարակության պարտադրել իրենց հայացքները, ընկալումներն ու աշխարհայացքը՝ բարոյականության, կյանքի, երջանկության ընկալման վերաբերյալ:

«Մեր բոլոր առաջիկա արժեքները, ենթադրաբար կամ իր պատկերացմամբ, պիտի բխեն երջանկության իր բանաձևից և հայրենասիրության բանաձևից: Ընդհանուր փիլիսոփայությունը նա է, որ «իմ բանաձևը ձեզ երջանկության է տանելու», - նշեց Խառատյանը:

Անդրադառնալով Փաշինյանի նախագծի այն կետին, թե որն է երջանիկ անհատը, Հրանուշ Խառատյանը հիշեցնում է՝ Կոմկուսը նույնպես ստեղծել էր երջանակության և հայրենասիրության իր մոդելները: Իսկ 1962 թվականին հայտարարվեց՝ ԽՍՀՄ-ը մի ընդհանուր ժողովուրդ է, թեև այն բազմազգ պետություն էր:

Ազգագրագետը տպավորություն ունի, որ վարչապետի երջանիկ ապագան և երջանիկ Հայաստանը հստակ մեխանիզմով վերևից ներքև վերահսկելի և դրանից դուրս գալու դեպքում հետապնդելի մի ամբողջություն է:

«Ապագան այսպես թե այնպես գալու է», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG