Մատչելիության հղումներ

Սոնա Մնացականյանի հորեղբայրը դատարանում սրտամկանի ինֆարկտ է ստացել


Սոնա Մնացականյանը
Սոնա Մնացականյանը

Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հորեղբայրը, որ արդեն երեք տարի դատարան է գալիս հույսով, թե կպատժվի զարմուհու մահվան մեղավորը, երեկ դատարանում սրտամկանի ինֆարկտ է ստացել: Նա այժմ բժիշկների հսկողության տակ է:

«Ինձ ուղղակի ասեց՝ «լավ չեմ զգում, մի րոպեով դուրս գամ», դրանից հետո եկան հագուստները տարան, ասացին, որ շտապօգնությունը տեղափոխեց հիվանդանոց, ինֆարկտ է կարծեք խփել, հետագայում հիվանդանոցում հաստատվեց», - «Ազատությանը» փոխանցեց Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Մոտ երեք տարի առաջ՝ 2022 թվականի ապրիլի 26-ին, համացանցում կադրեր հրապարակվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան առաջին մեքենան հետիոտնի է հարվածել: Ավելի ուշ մանրամասներ հրապարակվեցին, որ գետնին ընկած կինն արդեն մահացած է տեղափոխվել հիվանդանոց: Կինը Սոնա Մնացականյանն էր, նրա հարազատներն արդեն երեք տարի շարունակ դատարանից պահանջում են պատասխանատվության ենթարկել շարասյան առաջին մեքենայի վարորդին՝ մայոր Արամ Նավասարդյանին:

Մնացականյանի ընտանիքի փաստաբանը հարցնում է՝ եթե այս գործում վերևներից ուղղորդում չկա, ապա ինչպե՞ս է պատահել, որ Ճանապարհային ոստիկանության ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Նավասարդյանը ոչ միայն շարունակում է նույն պաշտոնը զբաղեցնել, այլև ազատության մեջ է:

«Եկեք պրակտիկան համեմատենք. մեկը Ֆեյսբուքով գրում է Նիկոլ Փաշինյանին ինչ-որ սպառնալիք, չգիտեմ ինչ, ու դուք տեսեք ինչ են անում էդ մարդուն ... Եվ մյուս դեպքում մենք ինչ ենք տեսնում: Արդյոք կա մեկը, ով այս համադրություններից հետո կարող է ասել, որ այդտեղ օբյեկտիվ քննություն կա», - ընդգծեց Րաֆֆի Ասլանյանը:

Փաստաբանը մտավախություն ունի, որ դատական նիստերը ձգձգվում են, մինչև վաղեմության ժամկետն անցնի ու գործը փակվի. - «Եթե վաղեմության ժամկետն այս դեպքում հինգ տարի է, դեռ դիմացը կա վերաքննիչ դատական ատյան, վճռաբեկ դատական ատյան, հետևաբար՝ երկու տարին այս ամենի համար գուցե բավականին սեղմ ժամկետ լինի: Հինգ տարվա ընթացքում արդեն վաղեմության ժամկետը կլրանա»:

Դատական բոլոր նիստերին ներկայացող Արամ Նավասարդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Թեև փորձագետը հաստատել է, որ մայորը գերազանցել է արագությունը, նրա փաստաբան Ռուբեն Բալոյանը նոր փորձաքննություն է պահանջում, չի վստահում այս մեկին:

«Ընթացքի ուղղությամբ տեսանյութը ի օգուտ վարորդի է, կադրերի քանակը երեք է, հակառակ կողմից էլ երկուս է: Այսինքն՝ երկու կադրով ստանում են 108 արագություն, երեք կադրով ստացվում է մոտ 70 արագություն՝ սրա մեջ կա՞ տարբերություն: Ի վերջո, մեղադրանքը առաջադրված է արագության գերազանցմամբ վրաերթ կատարելու համար: Մենք պնդում եք՝ երեք կադր է, մենք պնդում ենք, որ108 կմ/ժ արագությունը իրականությանը չի համապատասխանում, փորձագետն այդ մասով տվել է անհիմն եզրակացություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նավասարդյանի փաստաբանը:

Բալոյանը վստահ է՝ հասարակական ճնշումն է պատճառը, որ իր վստահորդը դեռ մեղադրյալի կարգավիճակ ունի: Ասում է՝ եթե նա չլիներ Փաշինյանին ուղեկցող մեքենայի վարորդը, ապա վաղուց գործը փակված կլիներ, որպես մեղավոր էլ կճանաչվեր մահացած կինը, որը, փաստաբանի պնդմամբ, չի ենթարկվել փակ խաչմերուկը կարգավորող տեսուչի հրահանգին ու շարժվել է առաջ՝ հասնելով խաչմերուկի վտանգավոր հատված:

Սոնա Մնացականյանի հայրը, հակադարձելով Նավասարդյանի փաստաբանին, դատարանում մի քանի անգամ հարցրել է՝ եթե խաչմերուկը փակ էր, ապա ինչո՞ւ է իր դուստրը հնարավորություն ունեցել հասնել վտանգավոր այդ կետին: «Այդ ճանապարհով առհասարակ պետք է հնարավոր չլիներ անգամ մեկ քայլ անել, չէ՞ որ վարչապետի շարասյան երթին ընդառաջ փողոցը պետք է ամբողջությամբ փակ լիներ», - անվերջ հարցնում ու պնդում են Մնացականյանի փաստաբանն ու հարազատները:

Սոնա Մնացականյանի հոր հետ «Ազատություն»-ն այսօր չկարողացավ խոսել՝ նա վատառողջ էր, արդեն երրորդ անգամ է սրտի վիրահատություն տարել՝ երրորդ ստենտն է տեղադրվել:

Երեկ սրտամկանի կաթված ստացած հորեղբայրն ավելի վաղ «Ազատության» հետ զրուցյում մտահոգվել էր՝ ինչո՞ւ մահացու վրաերթից հետո մայոր Նավասարդյանն անազատության մեջ մնաց ընդամենը 2-3 օր. - «Այնպես է երևում, որ մենք պայքարում ենք, ինչ-որ տեղ, կարելի է ասել, պետական ապարատի դեմ: Դա իմ կարծիքն է՝ եթե չլիներ ինչ-որ տեղ հովանավորչական ինչ-որ մի բան, այսօր չէր գտնվի ազատության մեջ»:

Երիտասարդ կնոջ ողբերգական մահից հետո, նրա ամուսինը, քույրն ու ընկերները Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ տրամադրեցին տեխնոլոգիաների, գիտության, կանաչ էներգիայի ոլորտներում ներգրավված 10 կնոջ: Կրթաթոշակները տրամադրելու համար դրամահավաք էր կազմակերպվել:

Համբուրգում կրթություն ստացած Սոնան իր դանիացի գործընկերոջ հետ Հայաստանում հիմնադրել էր «ԶԵՎԻԹ»-ը, որն IT ծառայություններ էր մատուցում քամուց մաքուր էներգիա արտադրող և քամու տուրբիններ սպասարկող արտասահմանյան ընկերություններին: Սոնան նաև բարեգործությամբ էր զբաղվում, ղեկավարում էր Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախում կառուցվող «Թևեր» տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնը: «Աջակցենք մեր հերոսներին» կազմակերպության հիմնադիր անդամ էր: Դեռ երկու տարի առաջ Արցախում իր հերթական ծրագիրը ներկայացնելիս ասել էր. - «Սա շատ կարևոր է հիմա Հայաստանում և Արցախում՝ քաղաքացիական կրթության ներդրումը, որ մարդիկ ազնիվ քաղաքացի մեծանան: Սա արվում է ոչ թե ձևի համար, այլ իրոք արվում է լավ ապագա ունենալու համար՝ Հայաստանի ու Արցախի»:

Եթե չլիներ այս ողբերգական պատահարը, 28-ամյա Սոնան երկու ամիս անց դստրիկի մայրիկ կդառնար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG