Վարչապետ Փաշինյանին ուղեկցած մեքենայի վարորդից բացի, շարասյան մյուս ղեկավարները դատարան չեն կանչվի, սա գլխավոր դատախազության որոշումն է: Վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ ընտանիքի լրացուցիչ պահանջը դատախազությունը հիմնավոր չի համարել:
Թե ինչու, երեկ խորհրդարանում բացատրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը. - «Կան ապացույցներ, և ապացույցները կամ բավարար են դատարան գնալու համար, կամ բավարար չեն, և տվյալ դեպքում դատախազը, որը որոշում է կայացրել, գնահատել է ապացույցների բավարարության տեսանկյունից։ Դատախազությունը մինչև վերջ գնում է և ապացույցների բավարարության տեսանկյունից որոշում է կայացնում՝ դատարան գնա, թե չգնա»։
Սոնա Մնացականյանի վրաերթի գործը շուրջ 3 տարի դատարանում է, միակ մեղադրյալը՝ շարասյան առաջին մեքենայի վարորդը, պնդում է՝ արագությունը չի գերազանցել, հղի կինը պարզապես չի ենթարկվել փողոցը կարգավորող տեսուչի հրահանգներին, անցել է ճանապարհն ու հայտնվել իր մեքենայի անիվների տակ:
Ավտովթարի զոհի ընտանիքն ու նրանց փաստաբանն էլ հակադարձում են՝ խաչմերուկը պետք է պատշաճ փակ լիներ, որ Սոնան այդ վտանգավոր գոտուն մոտենալու հնարավորություն անգամ չունենար, իսկ վարորդը, նրանց պնդմամբ, թույլատրելի արագությունը գերազանցել է:
Մինչև դատարանը որոշում է, թե ով է մեղավոր, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը դեռ նախորդ տարի Քննչական կոմիտեին նոր պահանջ էր ներկայացրել՝ բուն գործից բացի, Փաշինյանին ուղեկցող գումարտակի հրամանատարներին ու պետական պահպանության՝ ուղեկցող մեքենաների ղեկավարներին հարցաքննել ու մի շարք կարևոր հարցերի պատասխաններ ստանալ։
«Չեն հարցաքննվել ավտոշարասյուներում գտնվող վարորդները, ընդ որում չի հարցաքննվել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը, չեն հարցաքննվել առհասարակ իրավասու պաշտոնատար անձինք։ Քննիչը բավարարվել է նշված անձանց ցուցմունքները դատարան գնացած մայր գործից պատճենահանելով և սույն գործին կցելով, որը դատավարությանն անհայտ գործողություն է, և ես կուզենայի, որ գլխավոր դատախազը նախ պարզաբաներ դա, թե քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որ վարույթային գործողության շրջանակներում է դա կատարվել», - ասաց նա։
«Երկրորդը՝ այդ անձինք այն գործով ցուցմունք են տվել ընդամենը վրաերթի հանգամանքների մասին և ոչ թե սույն գործով քննության առարկա հանգամանքների մասին, մեկը մյուսի հետ կապ չունի», - հավելեց Րաֆֆի Ասլանյանը։
Այս պահանջով Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել, որը կարճվել էր: Իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի պնդումը, որ բավարար ապացույցներ չեն եղել, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը չի ընդունում, ասում է՝ ապացույցների անբավարարության մասին կարելի էր խոսել միայն այն դեպքում, եթե սպառվել են ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները։
Փաստաբանը հույս ուներ, որ գլխավոր դատախազությունը ՔԿ-ից կպահանջեր բացահայտել, թե ինչպե՞ս է պատահել, որ ուղեկցող շարասյան մեքենաների միջև ռադիոկապով տեղի ունեցած խոսակցություններն անհետացել են: Ըստ Ասլանյանի՝ եթե դրանք պահպանված լինեին, պարզ կլիներ, թե օրինակ՝ արագության վերաբերյալ ով ինչ հրահանգ է տվել։
Դատախազության որոշումը կայացվել է հապճեպ ու վաղաժամ, պնդում է վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ ընտանիքի փաստաբանն ու հավելում՝ որոշումը դատարանում կբողոքարկեն: