«Եթե վարչապետին ուղեկցող շարասյունը չգերազանցեր արագությունը», 28-ամյա հղի կնոջ համար առաջին մեքենայի հարվածը «մահացու չէր լինի», արդեն երկու տարի դատարանում սա են պնդում Սոնա Մնացականյանի ընտանիքն ու նրանց փաստաբանը:
Մեղադրյալի փաստաբանն էլ շարունակ հակադարձում է՝ արագությունը չի գերազանցվել: Տուժող կողմը նաև պնդում է՝ խաչմերուկը պետք է պատշաճ փակ լիներ, որ հղի կինը ճանապարհն անցնելու հնարավորություն չունենար, որն այդպես էլ չանցավ։
Դատարանում գտնվող այս գործով միայն առաջին մեքենայի վարորդը՝ մայոր Արամ Նավասարդյանն է մեղադրյալի աթոռին։ Նա, ի դեպ, ազատության մեջ է ու շարունակում է նույն աշխատանքը:
Այս բուն գործից բացի, հղի կնոջ ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Քննչական կոմիտե բողոք էր ներկայացրել ու պնդել՝ կատարվածում իրենց մեղքի բաժինն ունեն նաև Փաշինյանին ուղեկցող գումարտակի հրամանատարն ու պետական պահպանության ծառայության ղեկավարի տեղակալը։
Բայց Գլխավոր դատախազությունը այդ պաշտոնյաների արարքներում հանցակազմ չէր տեսել: Երկրորդ անգամ արդեն Րաֆֆի Ասլանյանը դատարան է դիմել՝ բողոքարկելով դատախազության որոշումը։ Այսօր փաստաբանը հայտարարել է՝ դատարանը բավարարել է իր բողոքը ու պարտավորեցրել նոր քննություն սկսել։
«Դատավորն արձանագրել է, որ կատարվել է թերի քննություն, որոշումն անօրինական է, հետևաբար նոր քննությամբ վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցրել է վերացնել տուժողի իրավունքների խախտումը», - ասաց նա։
Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ եթե այս գործն էլ դատարան հասնի, ապա ՃՈ գումարտակի հրամանատար Արթուր Սահակյանն ու պետական պահպանության ծառայության ղեկավարի տեղակալ Գրիգորի Առաքելյանը պատմելու շատ բան կունենան: Բայց, Ասլանյանը վստահ չէ, որ բանը դրան կհասնի, վստահ չէ նաև, թե նոր քննություն սկսելու պարագայում արդյո՞ք քննիչը կկարողանա բավարար ջանքեր գործադրել դեպքի օրը ոստիկանական մեքենայում եղած ռադիոկապի ձայնագրությունները հայտնաբերելու ուղղությամբ:
Դատարանն, ըստ Ասլանյանի, նաև արձանագրել է, որ այդ ապացույցը հայտնաբերման համար բավարար ջանքեր չեն գործադրվել։ Ոստիկանությունից փաստաբանին հայտնել են, որ այդ օրվա զրույցները չեն ձայնագրվել տեխնիկական խոտանի պատճառով։
«Ազատության» հարցին, թե կբողոքարկե՞ն դատարանի այս նոր որոշումը, Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց. - «Դատական ակտը դեռևս չի ստացվել, ստանալուց հետո կտրվի պաշտոնական մեկնաբանություն»։
Իսկ եթե անգամ նոր քննություն սկսվի, փաստաբանը կասկածներ ունի, որ կրկին քրեական հետապնդում չհարուցելու կամ դա դադարեցնելու մասին որոշում կկայացնի Գլխավոր դատախազությունը։
Սոնա Մնացականյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը մտավախություն ունի, որ թե՛ դատարանում քննվող բուն գործը, թե՛ ավտոշարասյան ղեկավար կազմի դեմ ներկայացրած իր բողոքը կարող է վաղեմության ժամկետով անցնել, ու ոչ ոք պատասխանատվության այդպես էլ չենթարկվի: