Մատչելիության հղումներ

Վրաերթից մահացած հղի կնոջ հայրը պնդում է՝ կարևոր ապացույցներ են ոչնչացվել, վարորդի փաստաբանը դրանք անլուրջ խոսակցություններ է համարում


Ուղիղ մեկ տարի է անցել այն դեպքից, երբ վարչապետի շարասյան մեքենայի հարվածից փողոցում հղի կին էր մահացել։ 29-ամյա Սոնա Մնացականյանի ընտանիքն ու փաստաբանը կարծում են, որ եթե վրաերթի ենթարկողը վարչապետի շարասյան վարորդը չլիներ, հիմա բանտում կլիներ։

«Եղել է վթար, զոհվել է հղի կին, մեղավոր անձը գտնվում է ազատության մեջ և դեռ կգտնվի ազատության մեջ, և դեռ չգիտենք, թե ինչ է լինելու ապագայում։ Էդ ամենը տրամաբանող մարդու համար պարզ ու հասկանալի է, թե ինչի արդյունքում կարող է լինի», - ասում է տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Դեպքը տեղի էր ունեցել Լեո-Պարոնյան խաչմերուկում։ Տարածված տեսանյությում երևում է, թե ինչպես է վարչապետի շարասյան առաջին մեքենայի հարվածից գետնին ընկնում երիտասարդ կինը։ Տուժող կողմը դատարանում փորձում է հասկանալ, թե ինչու է մեկ ոստիկան կարգավորել խաչմերուկը, ինչու խաչմերուկը պատշաճ կերպով չի փակվել, և Սոնա Մնացականյանն ու նրա առջևից գնացող քաղաքացին կարողացել են կանաչ լույսի տակ, թույլատրելի անցումով հատել փողոցը։

Րաֆֆի Ասլանյանն ասում է՝ տեսանյութից էլ պարզ է, որ ճանապարհը կարգավորող մեկ ոստիկանը Սոնա Մնացականյանին նկատել է վերջին պահին միայն. - «Եվ տվյալ պահին նույնիսկ վազելով փորձում է մոտենալ և զգուշացնել, և տեսնելով ավտոմեքենաների կրկեսի կողմից բարձրանալը, նույնիսկ իր ընթացքն է դադարեցնում ոստիկանը և հետ է վազում, որպեսզի պատվի առնի և ճանապարհի էդ ավտոմեքենաներին՝ գտնելով, որ արդեն իսկ զգուշացրել է Սոնա Մնացականյանին։ Բայց տվյալ պահին, երբ խաչմերուկը կարգավորողը նկատում և մոտենում էր, այլևս Սոնա Մնացականյանը արդեն գտնվում էր վտանգավոր երթևեկելի գոտում։ Այսինքն՝ նույնիսկ կարելի է պնդել, որ արդեն էդ պահին Սոնա Մնացականյանը ինքն էլ էր տեսել մեքենան, ձեռքով փորձում է ինչ-որ նշաններ ցույց տալով զգուշացնել, որ ինքը արդեն ճանապարհի վրա է»։

Ողբերգական դեպքից հետո մեկ տարվա ընթացքում դատական 5 նիստ է եղել, 30-ից ավելի վկաներ են հարցաքննվել։ Սոնա Մնացականյանի հայրը հայտարարում է՝ հիմնականում ոստիկանության աշխատակիցներն են ցուցմունքներ տվել ու վախվորած պնդել՝ վարորդը թույլատրելի արագությունը չի գերազանցել, հարվածի պահին 100 կմ/ժ է եղել ոչ թե ավելի. - «Վկաների մեծ մասն էլ ոստիկանության աշխատակիցներն են։ Շարասյան մասնակիցները բոլորը միաբերան նույն բաներն են կրկնում, որ հնարավոր չէ, որ էդ արագությամբ ընթանար մեքենան։ Չնայած փաստերով ապացուցված է, որ 107 կմ/ժ-ից, հարվածի պահին մինիմում էդքան է եղել, բայց դե կրկնում են», - «Ազատությանը» փոխանցեց Սոնա Մնացականյանի հայրը։«Այդ ձայնագրթւոյթւնը ոչինչ չի տալու, փորձաքննության արդյունքներն էլ լուրջ չեն», - հակադարձում է վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը. - «Յոթը տեսանյութ կա, վկան ի՞նչ պիտի ասի, պիտի ասի՝ «ինքն էդ փողոցը չի անցե՞լ»։ Դրանք անլուրջ խոսակցություններ են՝ ի՞նչ վախեցած վկա։ Երկրորդ թեման՝ ռացիայի ձայնագրությունն ի՞նչ պիտի տա, ասում է՝ «էս տեսուչն էստեղ ա, էս տեսուչն էստեղ ա, էս խաչմերուկում բազմություն կա, էս խաչմերուկում էս վիճակն ա»։ Սոնա Մնացականյանն է մեղավոր էս վրաերթի մեջ։ Որ ուշադիր նայեք՝ ձեռքը պարզած ոնց է տեսուչին հաթաթա տալիս։ Պետք չի մեղքը բարդել Արամ Նավասարդյանի վրա»։

«Բալոյանի պնդումը, թե Սոնա Մնացականյանը տեսել է ոստիկանի հրահանգն ու չի ենթարկվել դրան, դատախազությունն է անգամ հերքել»,-ասում է Րաֆֆի Ասլանյնանն ու շարունակում՝ ինչու՞ Բալոյանը չի բողոքարկել դա։

Դստերը կորցրած Մնացական Մնացականյանը վրդովված է՝ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությունը ոչնչացվել է. - «Անհասկանալի բան ա, ո՞նց կարող ա ձայնագրությունը կորեր, փչացած լիներ ռացիան։ Ինչ-որ մի բան էղել ա»։

Տուժող կողմի փաստաբանը կարծում է, որ հղի կնոջը վրաերթի ենթարկած 51-ամյա Արամ Նավասարդյանից բացի, ավտոշարասյան արագության համար անձնական պատասխանատվություն են կրում նաև շարասյան ղեկավարները։

Վերաքննիչ դատարանը համարել է, որ տուժող կողմի այս պահանջն իրավաչափ է ու պետք է նրանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին դատախազության որոշումը չեղյալ համարել։ Գլխավոր դատախազությունն էլ Վերաքննիչի այդ որոշումն էր վճռաբեկում վիճարկել։ Բայց վճռաբեկն ուժի մեջ է թողել Վերաքննիչի որոշումը։ Այսպիսով, մինչև դատարանում քննվում է 51-ամյա վարորդի մեղավոր լինել-չլինելու հանգամանքը, նախաքննական մարմինը պետք է նորից սկսի ուսումնասիրել՝ արդյո՞ք ոչնչացվել են ոստիկանների ռադիոկապի խոսակցությունը, թե՞ չի էլ ձայնագրվել։ Նորից հետազոտվելու է նաև, թե արդյոք պատշաճ է կազմակերպվել վարչապետի շարասյան ընթացքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG