Մատչելիության հղումներ

Սիրունյանը որոշել է հանել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից


Ալեքսանդր Սիրունյան
Ալեքսանդր Սիրունյան

Իշխող կուսակցության անդամ Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հրաժարվել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի իր թեկնածությունից։

«Ես նախորդ օրվա՝ երկուշաբթի օրվա, քննարկումներից հետո, որոշել եմ կամովին իմ թեկնածությունը հանել», - Civic News-ի հետ զրույցում հայտարարեց Սիրունյանը՝ պատճառները նշելով․ - «Նախորդ օրերից սկսած եղան քննարկումներ երկու գույքային հարցի շուրջ՝ հողամասի և ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված։ Ես գտնում եմ, որ էդ չփարատված կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չէ, և դա վնասելու է մեր դատարանի հենց իմիջին և դատավորի կարգավիճակին։ Դա կարող է վնասել նաև մեր կուսակցության իմիջին, էդ պայմաններում, ես գտնում եմ, որ իմ նշանակումը հնարավոր չէ»։

Ազգային ժողովում Սիրունյանի թեկնածության քննարկումն ավարտվել է երկուշաբթի օրը, սակայն անորոշություն կար նրա ընտրվելու շուրջ։ Հստակություն չկար նաև քվեարկության օրվա հետ կապված, սակայն ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն արդեն հայտնել էին, որ դրան չեն մասնակցի։

Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ «Ազատության» հարցին, թե «Սիրունյանին հնարավո՞ր է՝ չընտրեք, քննադատությունները երեկվա կազդե՞ն», պատասխանել էր. - «Ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, դրա հետ կապված՝ խմբակցության ղեկավարն իր կարծիքը, ոչ թե իր կարծիքը՝ մեր կարծիքը կբարձրաձայնի, կիմանաք, երբ որ դրա ժամանակը գա»:

Ազգային ժողովը Սիրունյանի ընտրության հարցը քննարկել էր թեժ մթնոլորտում։ Հնչել էին սուր ելույթներ, քննադատություններ նրա թեկնածության հետ կապված: Քաղհասարակության մի շարք կազմակերպություններ պահանջում էին Սիրունյանին չընտրել ԲԴԽ անդամ: Խորհրդարանական ընդդիմությունն էլ Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումներից արված քաղվածքներով էր ներկայացել քննարկմանը: Դրանք մեծամասամբ համեմված էին հայհոյանքներով ու վիրավորանքներով, պատգամավորները պնդում էին, որ նա պետք է ոչ միայն ներողություն խնդրի, այլ նաև պատասխանատվության ենթարկվի իր հնչեցրած ատելության խոսքի համար: Սիրունյանն էլ շատ հակիրճ էր արձագանքում՝ նշելով՝ մեջբերումները կոնտեքստից կտրված են։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG