Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Սիրունյանի ընտրությունը ԲԴԽ անդամի պաշտոնում անորոշ է


ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանն Ազգային ժողովում, 20-ը հունվարի, 2025թ., լուսանկարը՝ խորհրդարանի պաշտոնական կայքէջից
ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանն Ազգային ժողովում, 20-ը հունվարի, 2025թ., լուսանկարը՝ խորհրդարանի պաշտոնական կայքէջից

Իշխող կուսակցության անդամ Ալեքսանդր Սիրունյանին սեփական թիմակիցները հնարավորություն կտա՞ն դառնալ ապաքաղաքական համարվող Բարձրագույն դատական խորհրդի անդամ և ապահովել դատական իշխանության անկախությունը, դեռ հայտնի չէ: Ազգային ժողովում Սիրունյանի թեկնածության քննարկումն ավարտվել է դեռ երեկ, բայց թեկնածուն կընտրվի, թե չէ՝ կատարյալ անորոշություն է:

Ինչո՞ւ են հապաղում իշխանականները, գուցե որոշո՞ւմ չունեն: «Չէ, չէ, չէ, չէ, չէ, նման բան չկա», - այսօր «Ազատության» հարցին արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, - «Իհարկե, իհարկե ունենք որոշում»: Հարցին էլ՝ «ընտրելո՞ւ եք», նա պատասխանեց. - «Չեմ կարող ասել, կընտրենք՝ կերևա, այսինքն՝ ընտրությունը կլինի՝ արդեն կերևա»:

Խորհրդարանի խոսնակը չպնդեց, որ կընտրեն Սիրունյանին: «Ազատության» հարցին՝ «Սիրունյանին հնարավո՞ր է՝ չընտրեք, քննադատությունները երեկվա կազդե՞ն», Ալեն Սիմոնյանն արձագանքեց. - «Ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, դրա հետ կապված՝ խմբակցության ղեկավարը իր կարծիքը, ոչ թե իր կարծիքը՝ մեր կարծիքը կբարձրաձայնի, կիմանաք, երբ որ դրա ժամանակը գա»:

Ազգային ժողովի նախագահը Սիրունյանի թեկնածության մասին ոչինչ չասաց, առաջարկեց սպասել, մինչև խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնի իշխող մեծամասնության որոշումը: Կոնջորյանը որոշման մասին երեկ իր ամփոփիչ ելույթում լռեց, չխոսեց նաև այն մասին, թե ինչու են հենց իրենց կուսակցին ցանկանում գործուղել ԲԴԽ, որտեղ քաղաքական չեզոքությունը օրենքի պահանջ է:

«Հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ», - հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարը:

Սիրունյանի ընտրությունը ոչ միայն կուսակցական պատկանելության, այլ նաև սոցիալական ցանցերում հայհոյախառն գրառումների համար անընդունելի են համարում ընդդիմադիրներն ու քաղհասարակությունը: Երեկ ամբիոնից, այսօր էլ խորհրդարանի միջանցքներում Սիրունյանի վերաբերյալ նրա թիմակիցները կարծիք հայտնել չէին ցանկանում:

«Ես ձեռնպահ կմնամ դիրքորոշում հայտնելուց», - ասաց, մասնավորապես, Արուսյակ Ջուլհակյանը:

Ալեքսանդր Սիրունյանը երեկ մեկ պնդում էր, թե ընդդիմադիրներն իր հայհոյախառն գրառումները կոնտեքստից կտրված են ներկայացնում, մեկ էլ հայտարարում՝ Ֆեյսբուքի իր էջը կոլեկտիվ է կառավարվում: Բայց այդպես էլ չէր բացահայտում, թե իրենից բացի էլ ով է հասանելիություն ունեցել իր անձնական էջին:

Մինչ անորոշ է, թե քվեարկությունը երբ կլինի, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն արդեն հայտնել են, որ դրան չեն մասնակցի, «Պատիվ ունեմ»-ը նաև քննարկմանը չմասնակցեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG