Ազգային ժողովը քննարկեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում ՔՊ-ական Ալեքսանդր Սիրունյանի ընտրության հարցը: Քննարկումն անցավ թեժ մթնոլորտում, հնչեցին սուր ելույթներ, քննադատություններ Սիրունյանի թեկնածության հետ կապված:
Սիրունյանը դեռ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ:
Անկախ մարմին համարվող ԲԴԽ գնալուց հետո թեկնածուն խոստանում է ապահովել դատական իշխանության անկախությունը: Սրան, սակայն, չի հավատում ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունը, այլ նաև քաղհասարակությունը:
Քաղհասարակության մի շարք կազմակերպություններ պահանջում են իշխող խմբակցությանը Սիրունյանին չընտրել որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Ինչո՞ւ են ՔՊ-ականները կանգ առել հենց Սիրունյանի թեկնածության վրա:
Վահագն Ալեքսանյանը, որ կասկածի տակ դրեց քաղհասարակության օբյեկտիվությունն ու անգամ չցանկացավ անդրադառնալ նրանց ներկայացրած փաստարկներին, շատ կարճ բացատրություն ներկայացրեց. - «Փնտրել ենք երկար ժամանակ և գտել ենք մոտիկ: Հեռու փնտրել, մոտիկ գտել ենք»:
Մինչ Սիրունյանը կարծում է, թե ԲԴԽ-ում նպաստելու է դատավորների իմիջի բարձրացմանը, խորհրդարանական ընդդիմությունը բարձրաձայնում էր մյուս խնդրի մասին. պատգամավորները Ալեքսանդր Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումներից արված քաղվածքներով էին ներկայացել քննարկմանը: Դրանք մեծամասամբ համեմված են հայհոյանքներով ու վիրավորանքներով, պատգամավորները պնդեցին, որ նա պետք է ոչ միայն ներողություն խնդրի, այլ նաև պատասխանատվության ենթարկվի իր հնչեցրած ատելության խոսքի համար:
Թեկնածուի բացատրությունները շատ հակիրճ էին՝ մեջբերումները կոնտեքստից կտրված են, պնդում էր Սիրունյանը:
Ընդդիմադիրների քննադատություններից հետո Ալեքսանդր Սիրունյանը մեկ այլ հայտարարություն արեց՝ պնդելով, թե ֆեյսբուքյան իր էջում միայն ինքը չէ, որ գրառումներ է արել:
Ընդդիմադիրները տարակուսած էին՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն շարունակել է հայհոյել անգամ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» արշավին մասնակցելուց հետո:
Ամենայն հավանականությամբ Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Սա ակնհայտ էր դառնում ընդդիմադիր պատգամավորների ելույթներից, որոնք հնարավորություն են ստացել ծանոթանալու եզրակացությանը, որը, սակայն, որևէ տեղ հրապարակված չէ: Այդտեղ նաև, ըստ նրանց, կոռուպցիայի մասին խոսք կար: Սիրունյանը պնդեց, թե եզրակացությանն անձամբ ինքը ծանոթ չէ:
Իշխանական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը միակն էր, որ փորձեց պաշտպանել իրենց առաջադրած թեկնածուին. - «Կուսակցական պատկանելիությունով ՔՊ-ական է՝ բերում տեղավորում են.... ճիշտն ասած 2018 թվականին, երբ դուք իշխանության հետ կոալիցիա էիք կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, էդ ժամանակ եթե ունեիք, օրինակ, Գեղարքունիքում մարզպետ, գեթ մեկ պաշտոնյան մարզպետի ենթակայությամբ չի նշանակվել գործի, որը դաշնակցական չի եղել»:
Իշխանականների կողմից, սակայն, այլ ելույթներ չհնչեցին, միակ ելույթը, որով քննարկումն ամփոփվեց ,խմբակցության ղեկավարինն էր: Հակ Կոնջորյանը ելույթի 10 րոպեից 5-ը նվիրեց նախկինների թալանին, իսկ մյուս 5-ում ընդդիմադիրներին հիշեցրեց, որ նախկինում էլ իրենք են առաջադրել թեկնածուների, որոնք տարբեր ժամանակներում հայհոյանքներ, գուցե վիրավորանքներ հնչեցրել են Հայաստանի քաղաքացիների հասցեին:
Չնայած ընդդիմության ակնկալիքներին, որ Սիրունյանը ներողություն կխնդրի իր հնչեցրած հայհոյանքների կամ վիրավորանքների համար, թեկնածուն եզրափակիչ ելույթում այդպիսի որևէ հայտարարություն չարեց:
Կընտրվի նա որպես ԲԴԽ անդամ, թե՝ ոչ, պարզ կդառնա վաղը՝ իշխանական պատգամավորների քվեարկությունից հետո: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցի, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենց համար թեկնածուի առաջադրումն առհասարակ անընդունելի է:
Բարձրագույն դատական խորհուրդն այժմ 7՝ 5 դատավոր, 2 գիտնական անդամ ունի։ Այս կառույցում հիմա երեք թափուր 3 տեղ կա։ Մեկի թեկնածուն իշխանական կուսակցության անդամ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է։
Սիրունյանը 16 տարվա դատախազի, 15 տարվա էլ փաստաբանի փորձ ունի։ Վերջին տարիներին նա պաշտպանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարար, այժմ հետախուզվող Սամվել Մայրապետյանի շահերը։ Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ է 2018-ից, և եթե Ազգային ժողովը նրան ընտրի ԲԴԽ գիտնական անդամի պաշտոնում, պարտավոր կլինի հեռանալ կուսակցությունից։ Սիրունյանը հավակնում էր նաև արդարադատության նախարարի պաշտոնին, սակայն թիմակիցները հավանություն չտվեցին նրա թեկնածությանը։
Օրենքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ և օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.