Մատչելիության հղումներ

ՔՊ-ի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը ԲԴԽ անդամ չդարձավ


Ալեքսանդր Սիրունյանը խորհրդարանում, 20-ը հունվարի, 2025թ.
Ալեքսանդր Սիրունյանը խորհրդարանում, 20-ը հունվարի, 2025թ.

«Գիտեմ, որ կոռուպցիայի հետ կապ չունեմ». - իշխող կուսակցության անդամ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ չդարձավ: Նա այսօր բացատրեց՝ թեկնածությունից հրաժարվում է իր անվան շուրջ եղած կոռուպցիոն կասկածների պատճառով. - «Որոշել եմ կամովին իմ թեկնածությունը հանել»:

Սիրունյանի թեկնածությունը պատգամավորները քննարկել էին բավականին բուռն մթնոլորտում: Իշխող խմբակցությունը, սակայն, քվեարկությունը ձգձգում էր: Այսօր օրվա երկրորդ կեսին վերջապես պետք է տեղի ունենար, բայց նշանակված ժամից շուտ Սիրունյանը եկավ խորհրդարան և միայն իշխանությանը պատկանող Civic.am-ին հայտնեց որոշման մասին:

«Նախորդ օրերից սկսած եղան քննարկումներ երկու գույքային հարցի շուրջ՝ էդ հողամասի և էն ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված, և ես գտնում եմ, որ էդ չվերացված, չփարատված կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չի, և դա վնասելու է մեր դատարանի հենց իմիջին և դատավորի կարգավիճակին։ Միաժամանակ, էդ ամենով հանդերձ, էդ ամեն ինչը կարող է վնասաբեր լինել նաև մեր կուսակցության իմիջին: Էդ պայմաններում, ես գտնում եմ, որ իմ նշանակումը հնարավոր չէ», - հայտարարեց նա:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է թեկնածուի բարեվարքությունը բացասական գնահատել: Փաստաթուղթը հրապարակված չէ, բայց դրան ծանոթացած ընդդիմադիրների ելույթներից պարզվեց՝ Սիրունյանը Ծաղկաձոր համայնքում 2 հազար քմ տարածք է ձեռք բերել ընդամենը 300 հազար դրամով։ Ինքը՝ Սիրունյանը, պնդել է, թե հողն ընկերոջից է նվեր ստացել, իսկ գործարքը եղել է «ֆիկտիվ»:

Մյուս դրվագը կապված էր բանակին փամփուշտ մատակարարող ընկերության հետ, որում նաև Սիրունյանի անունն է շրջանառվում: Այստեղ էլ պարզվեց՝ ֆիկտիվ գործարք է եղել, ԲԴԽ անդամի թեկնածուն, ըստ էության, խոստովանեց՝ աջակցել է թաքցնել իրական շահառուին.

«Հիմնադիրը նոմինալ եղել է ինձ շատ հարազատ մարդ, դուռ դռի հարևան, շատ հարազատ ենք մինչև էսօր, Պաշտպանության նախարարության վարչության պետ, Արթուր Գալստյանը՝ տոպոգրաֆիայի: Նոմինալ ինքն ա եղել, ընկերությունը ռուսական ա: Մի օր ինձ ասեց՝ «լսի, մեր ասոբիստները միշտ դրա մեջ խնդիր են տեսնում, որ իմ անունով ա, հարազատ մարդ ա ինձ պետք՝ անենք իրա անունով»: Ասի՝ «արա»: Ինձ ո՞վ թույլ կտա՝ ես զբաղվեմ պատրոնի վաճառքով»:

«Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր նշանակված ժամին քվեարկությանը չմասնակցեց: Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բացատրեց, թե իրենք չեն կարող հաշվի չառնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիտարկումները Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ:

«Հաշվի առնելով պարոն Սիրունյանի կողմից իր, էսպես, ոչ ֆորմալ, էսպես ասած, ինքնաբացարկը, և դրան գումարած նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը, մենք չենք մասնակցելու այդ քվեարկությանը: Այսինքն՝ էնպես չի, որ միայն պարոն Սիրունյանի ասածով ա պայմանավորված մեր որոշումը, էնպես էլ չի, որ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով ա պայմանավորված. սա համալիր որոշում ա՝ պայմանավորված այդ հանգամանքներով: Եթե կա չհիմնավորված և դեռևս օդում կախված հարցեր գույքային բնույթի, հետևաբար ֆրակցիան այլ կարծիք չէր էլ կարող ունենար», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Օդում կախված հարցերը, սակայն, իշխանական պատգամավորներից ոչ մեկը խորհրդարանում Սիրունյանին չուղղեց: Ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը պնդում է՝ թե՛ թեկնածուի, թե՛ նրան առաջադրած «Քաղաքացիական պայմանագրի» բացատրություններն անկեղծ չէին:

«Ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ո՛չ Ալեքսանդր Սիրունյանը առնվազն անկեղծ չեն իրենց հայտարարության մեջ: Ակնհայտ է, որ Ալեքսանդր Սիրունյանը պարզապես երկուշաբթի օրը տեղի ունեցած քննարկումից հետո՝ այդ խայտառակությունից հետո SMS է ստացել, քանի որ մեր քաղաքական պրակտիկայում ընդունված է SMS-ներով հաղորդակցվելը, SMS հաղորդագրությամբ իրազակվել է, որ քաղաքական քայլի տեսանկյունից ճիշտ է, որ պարզապես ինքնակամ հայտարարի, որ հրաժարվում է իր թեկնածությունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Խամոյանը նկատում է՝ ՔՊ-ականները շատ լավ գիտեին՝ ում են առաջադրել, պարզապես չեն սպասել, որ ընդդիմությունը Սիրունյանի հայհոյախառն գրառումներն այդպես մանրամասն կներկայացնի խորհրդարանում:

«Սա չի փարատում բոլոր էն հարցերը, որոնք առաջանում են իշխող ուժի հետ կապված, որոնք պետք է տրվեն իշխող ուժին, թե ինչու են այսպիսի կենսագրությամբ, այսպիսի բարոյական նկարագրով, պարզվում է՝ նաև կոռուպցիոն սկանդալներով հայտնի անձնավորությանը բերել և ներկայացրել Ազգային ժողովի դատին», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Քաղհասարակությունից առհասարակ կարծում են, թե Ալեքսանդր Սիրունյանի պարզաբանումներն իր անվան հետ կապված կոռուպցիոն կասկածների վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքներ էին, որոնց պետք է ընթացք տան իրավապահները: ՔՊ խմբակցության քարտուղարին «Ազատություն»-ը հարցրեց՝ արդյոք իրավապահներն անելիք ունեն իրենց կուսակցի հայտարարությունների առնչությամբ:

«Իրավական երկրում ենք ապրում, եթե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, քննարկման ընթացքում ինչ հարց առաջանա՝ պետք է իր ընթացքը ստանա՝ տրամաբանական, քաղաքական և իրավական, եթե այդպիսիք կլինեն», - հարցին արձագանքեց Արթուր Հովհաննիսյանը:

Արդյոք Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ալեքսանդր Սիրունյանի հայտարարությունները, կառույցից դեռ «Ազատությանը» չեն արձագանքել:

XS
SM
MD
LG