Մատչելիության հղումներ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 12 տարի անց կպայքարի համայնքապետի աթոռի համար


«Քաղաքացիական պայմանագրից» բացի ո՞ր ուժերն են հայտ ներկայացնելու մարտին Գյումրիում կայանալիք տեղական ընտրություններում. պարզվում է՝ ցանկացողների պակաս չկա։ Նրանցից մեկն էլ Գյումրին 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանն է, ով վերջին տարիներին անցնում է ապօրինի գույքի բռնագանձման և իր պաշտոնավարմանն առնչվող քրեական մի քանի գործերով։

«Վերջնական կայացրած որոշում ունեմ, և ժողովուրդն ինձ ստիպում է, որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը: Այսքան տարի՝ 12 տարի է, որ ձեռնպահ եմ մնացել, չեմ խառնվել ոչ մի բանի, բայց անպայման առաջադրելու եմ իմ թեկնածությունը առաջիկա ընտրություններին», - ասաց Ղուկասյանը:

Ընդ որում՝ այս պահին անկուսակցական, նախկինում հանրապետական Ղուկասյանն իր կուսակցական արմատներին է վերադառնում. - «Կոմունիստական կուսակցության հետ նույնությամբ կուսակցական չեմ լինելու, ուղղակի էդպես իրավունք կա, որ մենք իրար հետ դաշինք ենք կազմելու և մասնակցելու ենք, եթե ազատ լինեի միանշանակ ոչ մեկի հետ էլ չէի կնքի»:

Նույն Կոմկուսը, որ 2021-ի հերթական ընտրություններին էր մասնակցել, ընդամենը 260 քվե էր ստացել Գյումրիում: Այս թվերը, սակայն, Վարդան Ղուկասյանին չեն կաշկանդում։

Ի տարբերություն Ղուկասյանի, լուռ է Գյումրիի մեկ այլ նախկին քաղաքապետի՝ Սամվել Բալասանյանի թիմը։ Հենց նրա դեմ հարուցված քրեական գործից հետո իշխող «Բալասանյան» դաշինքը առանց բացատրության անցած հոկտեմբերին հրաժարվեց Գյումրիի կառավարումից, ինչից հետո էլ արտահերթ ընտրության անհրաժեշտություն առաջացավ։

Նախքան արտահերթը «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում փրայմըրիզ անցկացրեց, հաղթողին էլ վարչապետը քաղաքի ժամանակավոր ղեկավար նշանակեց։

Ներկայիս ավագանու կազմում երկու մանդատ ունեցող ՀՀԿ-ի Գյումրիի կառույցի ղեկավար Արտյոմ Ղուկասյանն «Ազատությանը» փոխանցեց, որ սպասում են կուսակցության գերագույն մարմնի որոշմանը:

Գործող ավագանու ուժերից մասնակցելու հարցում առավել հաստատակամ էր «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը վերահաստատեց՝ այդ մտադրությունից չեն հրաժարվել։ Իսկ միայնա՞կ, թե՞ դաշինքով են մասնակցելու։

«Դաշինքի մասին քննարկումներ չեն եղել», - ասաց Մալխասյանը:

Մարտին կայանալիք տեղական ընտրություններին կմասնակցի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, ոգևորված են «Եվրաքվե» նախաձեռնության՝ Գյումրիում գրանցած արդյունքներից։ Այս կուսակցությունը «Եվրաքվե»-ն նախաձեռնած ուժերից մեկն էր։ Կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն ասում է՝ 26 թվականի համապետական ընտրություններից առաջ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի արտահերթը քաղաքական ուժերի համար իրենց հնարավորությունները գնահատելու լավ հնարավորություն է։ Կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի՝ դաշինքով են գնալու, թե միայնակ:

Հնարավո՞ր է հետընտրական փուլում ՔՊ-ի հետ դաշինք կազմեն անհրաժեշտ քվեներն ապահովելու համար։ Արևմտամետ ուժերից այդպես վարվեց, օրինակ, «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանիում։

«Կատեգորիկ բացառում եմ, որ մենք էդպիսի համագործակցության կգնանք իշխանության հետ: Ես կարծում եմ, որ իշխանությունն ընդդիմություն է լինելու Գյումրիում: Մենք Գյումրիում շատ լավ հաջողություն ենք ունեցել «Եվրաքվե»-ի պարագայում, հույս ունենք, որ այդ կապիտալը քաղաքական, որ ձեռք ենք բերել ստորագրահավաքի ընթացքում ավելի մեծ չափաբաժին կարող ենք ակնկալել հենց այս ընտրությունների համար», - ասաց Բաբաջանյանը:

Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին մոտ 160 հազար բնակիչ ունեցող Գյումրիում իշխանություն ստանալ ցանկացող ուժերի թիվը կավելանա։

XS
SM
MD
LG