Շիրակցի պաշտոնյաները Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցեցին Հերհերի ձորում, որտեղ թուրքական բանակը 1918-20 թվականներին մոտակա գյուղերի ավելի քան 12 հազար խաղաղ բնակիչների է սպանել:
Արարողությանը ներկա չէր Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա որդին՝ Սպարտակն էլ չպարզաբանեց, թե ինչու հայրը մարզային իշխանություններին ու մյուս համայնքապետերին չէր միացել: Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը եկել էր կուսակցության քաղաքապետի թեկնածու, նորընտիր ավագանիում ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի հետ: Մարզպետն ասաց՝ հրավեր բոլոր համայնքապետերին են ուղարկել, իսկ իրենց քաղաքական հակառակորդ Ղուկասյանի բացակայությունը մեկնաբանել չցանկացավ:
Արդյոք Գյումրիի ավագանու ամենամեծ խմբակցությունը մասնակցելո՞ւ է մայիսի 2-ին կայանալիք նիստին: Սարիկ Մինասյանն ասաց՝ իրենց մասնակցությունը կախված է նիստերի օրակարգից:
«Օրակարգին ծանոթ չեմ, օրակարգը կներկայացնեն, կտեսնենք ինչպիսի հարցեր են ներառված, ըստ այդմ կորոշենք՝ մասնակցելու ենք, թե՝ ոչ: Քաղաքային իշխանության ձևավորմանը չենք մասնակցելու միանշանակ, հայտարարել ենք, իսկ մնացած հարցերը, որոնք վերաբերում են քաղաքի կենսունակությանը կապված այն նախագծերի հետ, որոնց միջոցով քաղաքը կառավարվելու է, տվյալ նիստերին նախօրոք կհայտարարենք մեր դիրքորոշումն օրակարգի վերաբերյալ և մեր մասնակցությունն անպայման կունենանք», - նշեց Մինասյանը:
Առաջիկա նիստում քաղաքապետի տեղակալներ են ընտրելու: Մի քանի քրեական գործով անցնող քաղաքապետն արդեն ասել է, որ առաջին տեղակալի պաշտոնում միայն իր փեսային է տեսնում, որպեսզի իր հնարավոր ձերբակալության դեպքում քաղաքն առանց կառավարիչ չմնա:
Սարիկ Մինասյանն ասաց, թե ինչու չեն մասնակցի քաղաքային իշխանություն ձևավորելու օրակարգով նիստերին. - «Քաղաքային իշխանությունը ձևավորվել է այն պարագայում, երբ տարբեր 4 ուժեր մեր քաղաքացիներին նախօրոք չասելով, որ իրենք պատրաստ են իրենց քվեն տալու այլ թեկնածուի և կա նաև թեկնածու, ով հայտարարել էր, որ որևէ կերպ չի տալու իր ձայնը ուրիշին, իր միջոցով էդպիսի բան չի անելու: Այսինքն՝ եղել են գյումրեցիների հանդեպ անազնիվ քաղաքական հայտարարություններ, քաղաքական պայքար, այդ պատճառով գտնում եմ, որ քաղաքային իշխանություն ձևավորելու պրոցեսին մենք մասնակցություն չպիտի ունենանք»:
Այսինքն՝ հետո «Քաղաքացիական պայմանագիրը» նիստերը չի բոյկոտի՞, հարցրինք Մինասյանին: «Եթե բոյկոտը մեզ ինչ-որ բան տալու է՝ և՛ քաղաքական, և՛ մեր քաղաքի շահերից բխող, բոյկոտելու ենք, բայց ինքնանպատակ չի լինելու, որովհետև մեր խմբակցությունը Գյումրիում ստացել է ամենաշատ ձայները և մենք մեր քաղաքացիների խոստացած ծրագրերը հնարավորինս իրականացնելու ենք, ներկայացնելու ենք Գյումրու ավագանու նիստերին, ինչպես նաև հետևելու ենք քաղաքի կառավարմանը և մնացած բոլոր գործառույթներին», - պատասխանեց նա:
Վարդան Ղուկասյանը քաղաքապետ ընտրվեց ընդդիմադիր 4 ուժերի միավորման արդյունքում, բայց առանց կոալիցիոն հուշագրի: ՔՊ-ի թեկնածուն հենց այս հանգամանքը նկատի առնելով պնդում էր, թե Գյումրիում քաղաքական ճգնաժամ կլինի, ընդդիմադիր ուժերը միասնական քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնել:
Ամեն դեպքում, եթե չորս խմբակցություններն, ու նրանց թվում Ղուկասյանի հետ հակասություններ ունեցող Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը մասնակցեն ու կողմ քվեարկեն Ղուկասյանի նախաձեռնություններին, որոշումները կընդունվեն: Դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանն առայժմ չի հստակեցնում՝ շարունակելո՞ւ են աջակցել Ղուկասյանին, ինչպես արեցին նրա ընտրության օրը: Իսկ նրա առաջնորդած դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր Երևանում լրագրողներին վստահեցրեց՝ անհրաժեշտության դեպքում ընդդիմադիր ուժերը կոնսենսուսի կգան:
Քաղաքապետի տեղակալների ընտրությունից հետո մեկամսյա ժամկետում Վարդան Ղուկասյանը պետք է համայնքապետարանի ու համայնքային կառույցների ղեկավարներին ավագանուն ներկայացնի: Իսկ Գյումրիի զարգացման հնգամյա ծրագիրը ավագանին պետք է հաստատի: