Մատչելիության հղումներ

Շահումով խաղերի, խաղատների գովազդն արգելող նախագիծը, ըստ ոլորտի ներկայացուցիչների, միայն բացասական արդյունք կունենա


Արգելել շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով։ Օրենքի այս նախագիծը 2 շաբաթ առաջ տեղադրվեց еdraft.am կայքում հանրային քննարկման համար։

Որպես հիմնավորում նշված է, որ լայն տարածում է ստացել ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Դրանք հասարակական տրանսպորտում, փողոցներում, հեռուստատեսությամբ և ռադիոյով ընդհանուր գովազդվող առարկաների գերակշիռ մաս են կազմում։ Իրավական ուժ նախագիծը կստանա, թե ոչ, պարզ կլինի համապատասխան գերատեսչություններում քննարկումների փուլն անցնելուց հետո միայն, իսկ մինչ այդ քննարկումներ շահագրգիռ կողմերն ու շահառուներն են իրականացնում՝ հակասական կարծիքներով։

Խաղամոլության դեմ պայքարելու նպատակով հայաստանյան օրենքներում մի շարք փոփոխություններ արվեցին՝ հեռուստատեսությամբ և ռադիոյով շահումով խաղերի, խաղատների գովազդների սահմանափակումից մինչև խաղատների հեռացումը Երևանից։ Սահմանափակումներից հետո բուքմեյքերական ընկերությունները այդ ներդրումները ուղղեցին օնլայն տիրույթ՝ ավելացնելով գովազդը և խաղերն ավելի հասանելի դարձնելով։

Երևանի բնակիչը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ամիսներ առաջ 13 մլն դրամ է պարտվել օնլայն խաղերում։ Ասում է՝ ինքն ու իր նման հազարավոր մարդիկ այսօր միայն կողմ են նման խաղերի գովազդի արգելքին. «Ես ինքս այդ ճանապարհով անցել եմ, վատ ճանապարհով, ճիշտ է` հիմա հետ եմ կանգնել այդ ճանապարհից, բայց միևնույնն է` իրենք ոնց որ անընդհատ բերեն, անընդհատ աչքիդ առաջ լինի ու անընդհատ խանգարի քեզ: Խոսքը մենակ ֆիլմերի մասին չի, նույնիսկ նյութերի մասին` 2-3 րոպեանոց, որ բացես, նայես, ոնց որ թե պարտադրեն, որ դու 10 վայրկյանանոց գովազդը նայես, այսինքն` ուզած-չուզած դու 10 վայրկան կամ 5 վայրկյան` գրանցվիր, կարող ես շահել, կարող ես տիրանալ միլիոններին, այս տեսակ բաներն այնընդհատ մարդկանց գիտակցության մեջ է»:

Օրենսդիրների տվյալներով՝ Հայաստանում մոտ 63 հազար մարդ խաղացող է, որից 3 հազաը մոլի խաղացող են, ընդ որում, խաղացողների մեծ մասը՝ 44.3 տոկոսը 21-30 տարեկաններն են։ Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում խաղային կախվածությունը տարեցտարի աճ է գրանցում։ 2010 թվականին, օրինակ, եթե բուքմեյքերական բոլոր ընկերությունների շրջանառության ծավալը կազմում էր 14 մլրդ դրամ, ապա 2018-ին այդ թիվը հասել է 306 միլիարդի, այսինքն՝ այն ավելացել է 23 անգամ։ Այդ 306 մլրդ դրամից բյուջե է մտել ընդամենը 4 մլրդ-ը, և շրջանառության 83 տոկոսն այս ոլորտում կատարվում է օնլայն խաղերի օգնությամբ, և միայն 16-17 տոկոսը՝ գրասենյակների միջոցով։

Եթե նախագծի ընդունմանը կողմ են արտահայտվում դրանց զոհ դարձած քաղաքացիները, ապա անդառնալի հետևանքների մասին են խոսում ոլորտի ներկայացուցիչներն ու օնլայն կայքերի պատասխանատուները։

Գործող օրենքով օնլայն գովազդի դեպքում լրատվական կայքերում խաղատների և տոտալիզատորների գովազդները չպետք է գերազանցեին կայքի մակերեսի 20 տոկոսը, սակայն քանակի սահմանափակում չկա, ու այսօր օնլայն տիրույթում գովազդի առյուծի բաժինը հենց շահումով խաղերին է բաժին ընկնում։

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ այս նախագիծը իր ազդեցությունը կունենա միայն լրատվամիջոցների վրա, իսկ խաղամոլների դեմ պայքարում անօգուտ է. «Միայն բացասական հետևանքներ եմ տեսնում կայքերի համար, որովհետև կայքերի գովազդների առնվազն 35 տոկոսը, այնուամենայնիվ, այդ խաղերից են։ Եվ լրատվամիջոցների անկախությունն ապահովվում է գովազդի միջոցով, որքան քիչ է գովազդը, այդքան շատ պետք է լրատվամիջոցները ձեռքները պարզած գնան սրա նրա մոտ ու փող ուզեն, և դա, իհարկե, սահմանափակում է նրանց անկախությունը»:

Արգելքները կազդեն ոչ միայն լրատվամիջոցների ազատության վրա, այլև շատերին կկանգնեցնեն սնանկացման եզրին, ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, քանի որ կորոնավիրուսն ու պատերազմը արդեն իսկ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնեցրել գովազդով սնվող լրատվամիջոցներին։ Գովազդի արգելքի փոխարեն մեդիափորձագետը առաջարկում է կիրառել օրինակ` այլ երկրների կողմից առաջարկվող լուծումները, որոնք սահմանափակում են իրար հետևից մեծ հաշիվների կորուստը. «Մեկ է` այդ գովազդը լինելու է, որովհետև մենք բոլորս էլ լավ գիտենք, որ աշխատում են նաև դրսի կազինոներ, որոնք շատ ագրեսիվ գովազդ են անցկացնում այն հարթակներում, որտեղ հայաստանցիները մեկ է` նստում են, օրինակ` ֆիլմերի կայքերում, այսինքն` գովազդն այսպես թե այնպես աշխատելու է, պարզապես դա լինելու է ոչ հայկական գովազդ: Մյուս հետևանքը նա է, որ մարդիկ, ուղղորդվելով դուրս, պարզ պատճառով փողը տանելու են Հայաստանից դուրս, որը սենց թե նենց ծախսվելու էր»։

Օրինագծի քննարկումների բաժնում տեղ գտած մեկնաբանությունները, որոնց հեղինակները հիմնականում գովազդային գործակալություններն ու բուքմեյքերական ընկերություններն էին, ևս մատնանշում են նախագծի բացասական հետևանքները։

Ներկայացնում ենք հատվածներ մեկնաբանություններից.

«1. Գովազդի նշված տարբերակով կիրառումը կբերի տնտեսական ծանր հետևանքների հատկապես գովազդային ոլորտի ընկերությունների համար, այդ թվում աշխատատեղերի նշանակալի կրճատման:

2. Գովազդային ընկերությունների հասույթի 70 տոկոսից ավելին գոյանում է տվյալ ոլորտի շնորհիվ, և օրենքի ընդունման պարագայում՝ 1․ Էապես կկրճատվեն պետական բյուջեի մուտքերը 2․ Հազարավոր մարդիկ կկորցնեն աշխատանքը 3․ Տասնյակ կազմակերպություններ կլուծարվեն»:

Նախագծում նշվում է, որ ընդունման դեպքում ակնկալվում է զերծ պահել հասարակության խոցելի խմբերին մոլեխաղերով հրապուրվելու վտանգից, կանխարգելել մարդկանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեությունը, կրճատել մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը։

XS
SM
MD
LG