Չնայած «Հանրապետական» կուսակցության վարչապետի թեկնածուն կալանավորվեց, բայց նրան փոխարինող չեն փնտրի:
ՀՀԿ առաջնորդ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում իրենց թեկնածուն կշարունակի մնալ Դավիթ Համբարձումյանը:
«Դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար, փաստաբանները բողոքարկելու են։ Եվ այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ, Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Դավիթ Համբարձումյանը երեկ կալանավորվեց յոթը տարվա վաղեմության գործով: Մի քանի օր առաջ դատավորը նրան մեղավոր ճանաչեց 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու գործով: Մասիսի քաղաքապետն ազատազրկվեց 6 տարի 3 ամիս ժամկետով: Սերժ Սարգսյանի թիմակիցը Մոսկվայում էր ու վերադառնալուն պես հենց օդանավակայնում կալանավորեցին: Սարգսյանը կարծում է, որ նրան ազատազրկել են իր քաղաքական ընդդիմադիր դիրքորոշումների պատճառով:
«Ոչ միայն այդ գործընթացի, իր դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին փնտրել, տեսնել՝ արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառվե՞լ է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է, թե չէ: Շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել, էն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա», - ընդգծեց Սարգսյանը։
Չնայած թիմակցի կալանավորմանը, «Հանրապետականի» առաջնորդն ասաց՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգից չեն շեղվի:
Ընտրություններից ութ ամիս առաջ ի՞նչ ծրագրեր ունեն, արդյոք բանակցություններ կան դաշինքով մասնակցելու, ի՞նչ է անելու երրորդ նախագահի գլխավորած ուժը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մենք այլ պլան չունենք, քան իմպիչմենտի գործընթացն առաջ տանելը։ Եթե ուրիշները այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաճույքով դա կլսենք»:
Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վերջին ասուլիսում ասել էր, որ տարբեր ուժերի հետ բանակցում են, որ իրենց միանան մաքուր ձեռքերով թեկնածուները: «Հանրապետականի» հետ քննարկումներ կա՞ն: Սերժ Սարգսյանի թիմակիցները փակագծեր չեն բացում, պնդում են, թե իրենց քայլերը ոչ թե ընտրությունների, այլ մինչ այդ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին են: Նրանք շարունակում են հավատալ, որ իրենց սկսած գործը հաջողություն կունենա:
Անվստահության գործընթացին միացել են միայն խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները, իսկ դա բավարար չէ հաջողության հասնելու համար: Որպեսզի Սերժ Սարգսյանի նախաձեռնած անվստահությունը հաջողություն ունենա, նրանց պետք է միանան նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ: Իսկ իշխող ուժից բացառում են, որ իրենց շարքերից որևէ մեկը միանա Փաշինյանին հեռացնելու ծրագրին: